Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ իշխանություններին չի հաջողվել կրթության համակարգում ներառել դուրս մնացած բոլոր երեխաներին. «Ֆակտոր»

Մարտ 11,2026 11:31 Share

«Ֆակտոր». 2024 թ․ ընթացքում  խնամակալության և հոգաբարձության մարմինների (ԽՀՄ) կողմից հայտնաբերված 493 երեխա դպրոց չի հաճախել։ ԽՀՄ-ները հայտնաբերել են 695 երեխա, սակայն կրթության համակարգում ընդգրկվել է հայտնաբերվածներից միայն 202-ը։

Ինչո՞ւ իշխանություններին չի հաջողվել կրթության համակարգում ներառել դուրս մնացած բոլոր հայտնաբերված երեխաներին։

Դեռևս 2022 թ-ին  UNICEF-ը Հայաստանի կրթության ոլորտի վերլուծություն էր հրապարակել, որի համաձայն․ «Դպրոցահասակ տարիքի յուրաքանչյուր 10 երեխայից մեկն ընդգրկված չէ տարրական կամ միջին դպրոցում: Մասնավորապես, 2020 թվականին հանրակրթությունում ներգրավված չեն եղել 6 տարեկանների 15.9 %-ը, 9 տարեկանների  9.9 %-ը, 14 տարեկանների 13.2 %-ը»։

2025 թ․ փետրվարի 27-ի N12-Ա որոշմամբ հաստատված «Պարտադիր կրթության համակարգում ընդգրկվածությունը» ընթացիկ եզրակացության մեջ, ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, Հաշվեքննիչ պալատը նշել էր, որ 2024 թ-ին հայտնաբերվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած 695 երեխա, որոնցից կրթության համակարգ է ընդգրկվել միայն 202-ը։ Հաշվեքննիչ պալատը նաև արձանագրել էր, որ 2024 թ․ 12-ամյա պարտադիր կրթության համակարգում ընդգրկվածությունը կազմել է 82․5 %։

Իշխանության ներկայացուցիչները կասկածի տակ են դրել Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության մեջ հրապարակած ցուցանիշները և պնդել, որ 12-ամյա կրթության մեջ իրական ընդգրկվածությունը 94․6 % է ։ ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ հիմնական դպրոցներում աշակերտների ընդգրկվածության համախառն ցուցանիշը 99․7 % է, իսկ ավագ դպրոցներում՝ 60.9 %։ Ըստ նրա՝  աշակերտների ևս 21.3 %-ը հիմնական դպրոցից հետո կրթությունը շարունակում է մասնագիտական կրթության հաստատություններում (ըստ այդմ աշակերտների համախառն ընդգրկվածության ցուցանիշը բարձր տարիքի երեխաների շրջանում 82.2 % է)։

ԿԳՄՍ նախարարի հայտարարած թվերը համընկնում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների հետ։ Մասնավորապես, 2024-2025 թթ․ ուսումնական տարվա համախառն ընդգրկվածության ցուցանիշների թվում, ավագ դպրոցների դեպքում, ՀՀ վիճակագրական կոմիտեն ևս ներկայացրել է 60․9 %, իսկ հիմնական դպրոցների դեպքում՝ 99․7 % ցուցանիշը։

Այս տվյալները, սակայն,  մանիպուլյատիվ են․ 2023-2024 թթ․ և 2024-2025 թթ․ ցուցանիշները շեշտակիորեն բարելավվել են, քանի որ սահմանված տարիքային խմբի համապատասխան դասարանների աշակերտների ընդհանուր թվաքանակում ՀՀ վիճակագրական կոմիտեն ներառել է Արցախից բռնի տեղահանված երեխաների թվաքանակը, իսկ մշտական բնակչության նույն տարիքային խմբում այդ երեխաների թվաքանակը չի ներառել։

Վիճակագրական կոմիտեն դա բացատրել է այն հանգամանքով, որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում Արցախից բռնի տեղահանվածների հաշվառման գործընթացն ամբողջությամբ չի իրականացվել։ Եթե Արցախից բռնի տեղահանման արդյունքում Հայաստան եկած երեխաների թիվն ավելացնում ես միայն համարիչում, ապա տոկոսը, իհարկե, կբարելավվի։

Դժվար է հավատալ, որ վերը նշված ցուցանիշները ներկայացնելիս ԿԳՄՍ նախարարը տեղյակ չի եղել տվյալների հետ կապված այս խնդրահարույց իրավիճակի մասին։

Աղավաղված վիճակագրությունը քողարկում է խնդիրը և ոչ մի դեպքում չի լուծում այն։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ պատկեր կունենանք պետական ռեգիստրում Արցախից բռնի տեղահանված անձանց հաշվառումն ավարտելուց հետո։

Մտահոգիչ է նաև, որ ընդհանրապես քննարկման առարկա չդարձավ Հաշվեքննիչ պալատի եզրակացության այն հատվածը, որտեղ  նշված է՝ 2024 թ․ խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից հայտնաբերած պարտադիր կրթությունից դուրս մնացած 695 երեխաներից միայն 202-ն է ընդգրկվել կրթության համակարգում։ Փաստորեն, իշխանությունները դպրոց չհաճախող 493 երեխայի չեն կարողացել վերադարձնել դպրոց։ Ինչո՞ւ։

Արտակ Քյուրումյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031