Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատման դիմումն արդեն գրել է։
Համառ էին լուրերը , որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ստիպել է աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ նա համարձակվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ Արցախից և Սումգայիթյան ջարդերից խոսել։ Եվ իսկապես՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության նախկին պետ Հրաչյա Թաշչյանը: Թանգարան ինստիտուտի 74 աշխատակիցները դիմել էին Նիկոլ Փաշինյանին՝ Գզոյանին կրկին տնօրենի պաշտոնում վերադարձնելու ակնկալիքով, նրանք վրդովված են, որ իրենց կարծիքը չեն լսել տնօրենին հրաժարական պարտադրելիս:
Aravot.am-ին ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն» ունի հիմնադրամի կարգավիճակ, եւ տնօրենի նշանակումն ու ազատումն իրականացնում է հոգաբարձուների խորհուրդը, այդ իսկ պատճառով, հարցն ամբողջությամբ գտնվում է հոգաբարձուների խորհրդի տիրույթում:
Քանի որ տիկին Գզոյանը հեռախոսազանգերին չէր պատասխանում, փորձեցինք կապվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ:
Կարդացեք նաև
Մասնավորապես, Հրանուշ Խառատյանն ասաց, որ նրա՝ աշխատանքից ազատումը կապ չունի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ նրա տիկնոջ՝ Ցեղասպանության հուշահամալիր այցի հետ, որի ընթացքում Գզոյանը ԱՄՆ փոխնախագահին եւ նրա տիկնոջը ի թիվս այլնի՝ պատմել էր Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի տարածքում գտնվող Բաքվի, Սումգայիթի, Գանձակի ջարդերի զոհերի հիշատակի խաչքարերի մասին, ամերիկացի բարձրաստիճան հյուրերին գրքեր փոխանցել Հայոց ցեղասպանության ու Արցախի խնդրի մասին:
«Ես մասնակցել եմ հոգաբարձուների խորհրդի նիստին, այնտեղ խոսքը գնում էր շինարարության մասին: Կարդացել եմ ինչ-որ անորոշ տեղեկություններ Ջեյ Դի Վենսի այցի հետ կապված, նման հարցեր չեն եղել»,-ասաց տիկին Խառատյանը:
Հարցրինք՝ այդ դեպքում ի՞նչ հիմքով է Գզոյանը հեռացվել տնօրենի պաշտոնից:
«Իրենց պաշտոնական տեղեկացմամբ պատճառը շինարարությունն է՝ հուշահամալիրի նորոգման հետ կապված գնում է, բայց պայմանագիրը նախարարության հետ է. թանգարանի տնօրինության հետ չէ: Էդիտա Գզոյանը հնարավորություն չունի լուրջ վերահսկողություն ունենալու շինարարության վրա, ու շինարարների հետ միշտ խնդիրներ կային: Կարծում եմ՝ նախարարությունը եւ իշխանությունը ենթադրել է, որ նա պրոբլեմ ուներ՝ կապված կազմակերպական խնդիրների հետ:
Հոգաբարձուների խորհրդի անդամները գտնում են, որ լավ աշխատակից է Գզոյանը, ու այս երկու տարիներին լավ արդյունք է տվել, բայց շինարարության հետ կապված պրոբլեմներ կան: Նրան առաջարկել են ուղղակի շարունակել իր գործունեությունը գիտական ցուցադրության մասով, ընդհանուր առաջարկել են, որ թանգարանի ղեկավարությունը տիրապետի նաեւ շինարարական աշխատանքի պրոցեսները վերահսկելու հմտություններին»,-նշեց տիկին Խառատյանը:
Մեր դիտարկմանը, որ ԿԳՄՍ նախարարն է անձամբ վերահսկում շինարարությունը, պարբերաբար այցելում է հուշահամալիրի տարածք, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մրցույթի, շինարարության որակի, հսկողության հետ ի՞նչ կապ ունի, տիկին Խառատյանն այսպես պատասխանեց. «Նախարարը միշտ գնացել-եկել է թանգարան, ես չգիտեմ, թե ինչն է վերահսկում՝ միայն շինարարությունը, թե՞ նաեւ թանգարան ինստիտուտի մյուս աշխատանքները… Սա բազմապրոֆիլ կենտրոն է, եւ Գզոյան Էդիտան իսկապես լավ է աշխատել, միշտ հաշվետվություններ են եղել, ծրագրերի շրջանակներում տեղավորվել է, բայց նրա ազատման ներկայացված պատճառը եղել է շինարարական պրոցեսը»:
Հրանուշ Խառատյանը հայտնեց, որ հոգաբարձուների խորհրդի նիստից հետո խորհրդի մի շարք անդամներ, այդ թվում ինքը, վայր են դրել լիազորությունները. «Ես սպասում էի, որ հոգաբարձուների խորհուրդը քվեարկի այդ օրակարգի համար, վստահ էի, որ մի մասը պետք է դեմ լինի այդ օրակարգին: Սպասեցի, երբ լրացավ այն թիվը, որով օրակարգն անցնում էր, եւ վայր դրեցի իմ լիազորությունները: Կարծում եմ, որ առաջիկայում խնդիրներ կլինեն թանգարան ինստիտուտի աշխատանքների հետ կապված, վստահ չեմ, որ այս մակարդակը կշարունակվի: Գտնում եմ, որ հոգաբարձուների խորհրդի անդամները նույնքան պատասխանատու են լինելու, որքան նոր տնօրենը, ով էլ, որ լինի: Այդ պատճառով, վստահ լինելով, որ ես անձամբ չեմ կարող ազդել այդ պրոցեսների վրա, գերադասեցի հոգաբարձուների խորհրդի անդամությունից դուրս գալ: Իրենց լիազորությունները վայր են դրել 5-6 հոգի, այդ թվում՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գեւորգյանը, Ստեփան Աստուրյանը, Վազգեն Յաղուբյանը, Հարություն Մարությանը…»:
Ինչ վերաբերվում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանին, ասաց, որ նրան չի ճանաչում եւ այլ մանրամասներ չի կարող հայտնել:
Խնդրեցինք մանրամասնել՝ ի՞նչ նկատի ուներ ասելով, որ այդ օրակարգին դեմ էր, դրա համար հրաժարվեց անդամությունից, մեր զրուցակիցը հետեւյալ կերպ պատասխանեց. «Նկատի ունեի՝ ընդունել Էդիտա Գզոյանի հրաժարականը, դա պետք է ընդուներ հոգաբարձուների խորհուրդը, ես դեմ էի այդ որոշմանը, ինչպես նաեւ հիմնադրամի նոր նախագահ եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու օրակարգը պետք է ընդունվեր»:
Նրանից տեղեկացանք նաեւ, որ Էդիտա Գզոյանը մնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում որպես տնօրենի տեղակալ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն ափսոսանք հայտնեց, որ Էդիտա Գզոյանն այլեւս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը չէ, ասաց՝ լավ մարդ է ու լավ գիտնական: «Ափսոս, լավ էր աշխատում, որպես գիտնական էլ լավ հոդվածներ ունի»,-ասաց Սաֆրաստյանը, որը 2020-ից հետո հրաժարվել է հոգաբարձուների խորհրդի անդամ լինելուց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ























































