Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Փաշինյանը Եվրոպական միության բարձր ամբիոնից Ալիևի արյունոտ ձեռքերը, արյունոտ երեսը մաքրելու հերթական արարն արեց»

Մարտ 11,2026 19:34 Share

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ուղիղ եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ելույթին Եվրոպական խորհրդարանում. «Նախ և առաջ, որպես փաստ, ընդհանուր գնահատական ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Եվրոպական միություն հաշվետու զեկույցով՝ ընտրություններին ընդառաջ, իր որոշ գեոպոլիտիկ տեր հանդիսացող շրջանակների՝ ոչ ամբողջ Եվրոպական միությանը, այլ Եվրոպական միության որոշ շրջանակներին՝ հաշվետու լինելու։ Ու ինչպես աշակերտը գնում է իր ուստաների մոտ, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը գնացել էր այդտեղ որոշ շրջանակներում, նորից եմ կրկնում՝ ոչ ամբողջ Եվրոպական միությանը հաշվետու լինելու:

Երկրորդը՝ զեկույցը ակնհայտ դավաճանության խոստովանություն էր կապված վերջին տարիներին Նիկոլի կողմից վարվող այն ազգուրաց քաղաքականության հետ, որը բերեց Արցախի հայաթափմանը և այսօր Հայաստանի գլխին մութ ամպեր կուտակելուն»:

Արմեն Աշոտյանը ելույթի մի քանի ուշագրավ շեշտադրումներ առանձնացրեց. «Առաջինը՝ նա Եվրոպական միության օրենսդիր մարմնի ամբիոնից հերթական անգամ ձեռքերը լվաց Արցախից, անգամ չխոսելով, ճիշտ հակառակը շեշտադրելով հակառակ միտքը, որ արցախահայերը ոչ միայն վերադարձի իրավունք չպետք է ունենան, այլ առհասարակ ոչ թե բռնի տեղահանված են, ոչ թե էթնիկ զտումների զոհ, ոչ թե ցեղասպանական գործողությունների թիրախ Ադրբեջանի կողմից, այլ պարզապես փախստականներ են։

Նիկոլ Փաշինյանը Եվրոպական միության այդ բարձր ամբիոնից Ալիևի արյունոտ ձեռքերը, արյունոտ երեսը մաքրելու հերթական արարն արեց, երբ արցախահայությանը փաստացի զրկեց վերադարձի իրավունքից, և երկրորդը՝ արցախահայությանը կոչեց փախստականներ, այնինչ նույն Եվրոպական խորհրդարանը Արցախի հայաթափման օրերին ընդունում էր բանաձևեր, զեկույցներ, որտեղ գրված էր, որ այնտեղ տեղի են ունենում էթնիկ զտումներ և առնվազն բռնի տեղահանություն, իսկ եվրոպացիք օգտագործում էին «exodus» բառը, որը նշանակում է ելք»:

ՀՀԿ փոխնախագահը «սուտ» անվանեց պնդումները Եվրոպական միության ինտեգրման վերաբերյալ. «Ասում է՝ Հայաստանը ընդունեց Եվրոպական միությանը միանալու հետ կապված օրինագիծը, երբ Վրաստանը ստացավ ԵՄ թեկնածու անդամի կարգավիճակ։ Հասկացա՞ք. ասում է՝ օրենքը ընդունեցինք, որովհետև վրացիներին տվեցիք թեկնածու անդամի կարգավիճակ։ Եվ կատարյալ հիմարություն կլիներ, եթե կատարյալ սուտ չլիներ այս պնդումը, որովհետև Հայաստանում խորհրդարանի մեծամասնությունը այդ թղթի կտորը ընդունեց որպես ԵՄ ինտեգրվելու օրենք, երբ Վրաստանն արդեն ԵՄ-ի հետ հարաբերությունները վատթարացրել էր. այսինքն՝ ԵՄ-Վրաստան հարաբերությունների վատթարացման, ճգնաժամի ֆոնին է ընդունվել այդ հիմար օրենքը, որը որևէ հետևություններ չի ունենալու ակնհայտորեն»։

Արմեն Աշոտյանը շեշտեց. «Նիկոլը չխոսեց առհասարակ «ռազմագերի» արտահայտության մասին, չասաց այդ բառը։ Հայրենակիցներից վերադարձվել են չորս հոգի, մնացածի համար, ասում է, պետք է լուռ դիվանագիտական ջանքեր գործադրենք, բայց այդպես էլ չօգտագործեց «ռազմագերի» հասկացությունը, ինչը ևս Ալիևին մաքրելու, Ադրբեջանի հայատյաց, մարդասպան գործողությունները, քսենոֆոբիկ գործողությունները արդարացնելու ակնհայտ քայլ էր»:

ՀՀԿ փոխնախագահը նաեւ ընդգծեց, որ Փաշինյանը շրջանցեց կարևոր թեմա. «Այսպես կոչված այս «խաղաղությունը» Արցախի ուրացման գնով է: Ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի, հայ ժողովրդի այլ ազգային-պետական շահերի ուրացման, բայց նախ և առաջ Արցախի ուրացման, Արցախը Ադրբեջանին հանձնելու։ Ինչպես ժամանակին Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Բորելն էր ասում՝ Նիկոլ Փաշինյանն Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում»։

Անդրադառնալով այն փաստին, որ Փաշինյանն իր ելույթի մի զգալի մասը նվիրեց ներքաղաքական զարգացումներին՝ Աշոտյանն ասաց. «Առաջին անգամ իմ հիշողության մեջ Նիկոլը ստիպված էր միջազգային նմանատիպ ամբիոններում անդրադառնալ ներքաղաքական իրավիճակներին՝ փորձելով հերքել քաղբանտարկյալների գոյությունը, փորձելով հիմնավորել ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ… Հասել էր նրան, որ Բագրատ Սրբազանի կողմից նախաձեռնած «Սրբազան Շարժումն» էր քննարկում և քննադատում այդ ամբիոնից։ Այսինքն՝ մեր բոլորի ջանքերը հասել են նրան՝ սա փոքր հաղթանակ է, բայց հաջողություն է, որ Նիկոլը առաջին անգամ ստիպված արդարանում էր Եվրոպական խորհրդարանի ամբիոնից։

Սա շատ կարևոր դրվագ է, շատ կարևոր երևույթ է. այսինքն՝ այն մարդիկ, ովքեր ասում են՝ դե մեկ է, ոչ մի իմաստ չկա եվրոպացիների կամ միջազգայինների հետ աշխատելու, նրանք Նիկոլին առել են, Նիկոլը իրենց բանն է և այլն, իրականում այդքան էլ ճիշտ չեն, որովհետև առնվազն այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ իր միջազգային ելույթներում ստիպված է լինում միևնույն ելույթի մեջ օգտագործել «Հայաստան» և «քաղբանտարկյալներ» հասկացությունը, ստիպված է լինում հիմնավորել՝ իր կեղծ պնդումներով, իհարկե, Եկեղեցու դեմ հարձակումները, ստիպված է լինում անդրադառնալ ներքաղաքական պայքարին, նշանակում է, որ ալտերնատիվ կարծիքները՝ մեր կողմից, Դաշնակցության կողմից, հասարակական, քաղաքական, լրագրողական, սփյուռքի կառույցների կողմից բարձրաձայնվող կարծիքները սկսել են հասնել եվրոպական քաղաքական շրջանակներ»:

Աշոտյանի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031