Վերջին 2 շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները հազվադեպ են հիշում Առաքելական եկեղեցու և Վեհափառի դեմ իրենց սկսած արշավի մասին։ Իշխանություններին իրենց նախընտրական քարոզարշա՞վն է շեղել հակաեկեղեցական ու հակակաթողիկոսական արշավից, թե՞ պարզապես կուլիսներում են գործում՝ իրենց միացած և «տիրադավ» անվանումը ստացած եպիսկոպոսների հետ, թե՞ պարզապես հասկացել են, որ չեն կարող պայքարել եկեղեցու դեմ, և որոշել են «նահանջել»։
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը դժվարանում է ասել, թե իշխանությունն ինչ է հասկացել, միայն Աստված գիտի, թե նրանք ինչ են մտածում։
Հոգևորականը կարծում է, որ իշխանությունն առաջիկա ընտրություններից առաջ եկեղեցու թեմայի առնչությամբ ակտիվություն չցուցաբերելով՝ վկայում են այն մասին, որ հասարակության մեջ հակաեկեղեցական արշավն աջակցություն չունի։
«Եթե իշխանությունը ժողովրդի կողմից այս արշավում ունենար լիարժեք աջակցություն, ընտրություններից առաջ ավելի ակտիվ կլիներ։ Բայց սա ցուցիչ է, որ հասարակությունն իրենց այս հարցում չի աջակցում։ Ըստ իս, այս արշավն ուղղորդվում է նաև դրսից՝ Էրդողանի, Ալիևի ու Փաշազադեի կողմից, իշխանությունը գիտի, որ երկրի ներսում հասարակությունն իրենց արշավին չի աջակցում։
Կարդացեք նաև
Ըստ զրուցակցի, շատ երկար ժամանակ իշխանություններն, այսպես ասած՝ «աշխատանքներ» են տարել տարբեր հոգևորականների հետ, նրանց էժանագին խոստումներ են տվել, որպեսզի տրամադրեն Առաքելական եկեղեցու, Վեհափառի դեմ, սակայն քահանայական դասի մոտ իշխանությունները մեծ աջակցություն չեն գտել։ Եթե 20 քահանայից 2-ն է աջակցում իշխանությանը, ապա ստացվում է, որ ամբողջ քահանայաց դասի 10 տոկոսն է աջակցում իշխանությունների այս արշավին։
«Եթե հաշվի առնենք, որ մոտ 57 եպիսկոպոս ու արքեպիսկոպոս ունենք, իշխանությունը նրանցից կարողացել է ընդամենը 9 հոգու ներգրավել իր կողմ։ Վեհափառը, ի տարբերություն իշխանությունների, չունի Դատախազություն, Քննչական, Ազգային անվտանգություն և այլ կառույցներ։ Այսինքն՝ մենք Մայր Աթոռին ի հոգևորս ենք ենթակա։ Տեսնում ենք, որ պետական պաշտոնյաները նաև պետական պաշտպանություն են տրամադրում բոլոր այն հոգևորականների համար, որոնք միանում են վարչապետի հակաեկեղեցական շարժմանը։ Նույնիսկ այս պետական աջակցության ու պաշտպանության պարագայում, իշխանությունը չկարողացավ ամբողջ եկեղեցականների շրջանում 10 տոկոսից ավելի աջակցություն ունենալ։ Եկեղեցականների 90 տոկոսից ավելին Վեհափառի կողքին է, ավելին՝ հայ հասարակության 90 տոկոսից ավելին նույնպես աջակցում է եկեղեցուն ու Վեհափառին»,- հավելեց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Շարունակելով՝ քահանան ասաց, որ, ըստ տարբեր հարցումների՝ Նիկոլ Փաշինյանին աջակցում է հասարակության միայն 23 տոկոսը, հետևաբար՝ 23 տոկոս աջակցություն ունեցող Փաշինյանը որևէ իրավունք չունի ամբողջ հայ հասարակության անունից շարժում սկսել հասարակության 90 տոկոսի աջակցությունն ունեցող Վեհափառ հայրապետի դեմ։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում


















































