Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններին մասնակցությունը դառնում է ոչ միայն քաղաքացիական պարտք, այլ նաև քաղաքական ազդեցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը. «Փաստ»

Մարտ 12,2026 09:00 Share

Որքան բարձր է ընտրություններին մասնակցությունը, այնքան նվազում է ֆիքսված, ավելի կոնկրետ՝ իշխանության ընտրազանգվածի տոկոսային-հարաբերական ազդեցությունը ընտրական արդյունքի վրա։ Այստեղից էլ ծագում է ընտրություններին մասնակցության հարցի ռազմավարական նշանակությունը։

Ներկա իշխանություններն ունեն աննախադեպ բարձր հակավարկանիշ, ըստ այդմ՝ այսպես կոչված՝ «հակավարկանիշային» ընտրազանգվածի ակտիվ մասնակցությունը ընտրություններին կարող է արմատապես փոխել ընտրական արդյունքների կառուցվածքը։ Այսինքն, կոնկրետ այս ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն։ Եթե «հակավարկանիշային», այսինքն՝ իշխանություններից դժգոհ, իշխանություններից ձերբազատվելու ցանկություն ունեցող ընտրողների մի մասն այս կամ այն պատճառով (հուսահատություն, անտարբերություն, անվստահություն, «անհավեսություն» և այլն) որոշի չմասնակցել ընտրություններին, ապա ընտրությունների արդյունքը կարող է ձևավորվել հիմնականում ֆիքսված ընտրազանգվածի հաշվին։ Կրկնենք, այդ պարագայում իշխանական ֆիքսված փոքրաթիվ ընտրազանգվածը, որը փաստացի ընդհանուր ընտրության իրավունք ունեցողների մոտ 15 տոկոսն է, կարող է դառնալ դոմինանտ:

Այսինքն, այն քաղաքական ուժը, որն ունի համեմատաբար կայուն և կազմակերպված ընտրազանգված, ապա նրա համար առավել շահավետ է ընտրություններին ցածր մասնակցությունը։ Այդպիսի ընտրազանգված ունեն տարբեր քաղաքական ուժեր, սակայն աշխարհի քաղաքական կյանքի փորձը ցույց է տալիս, որ ցանկացած պարագայում ամենակայուն ընտրազանգվածը ունենում են իշխանությունները՝ անկախ նրանից, թե այդ կայունը որքան է: Մյուս կողմից՝ եթե ընտրություններին մասնակցությունը բարձր է, ապա ընտրական արդյունքների վրա ավելի մեծ ազդեցություն են ստանում այն քաղաքացիները, ովքեր սովորաբար պասիվ են քաղաքական գործընթացներում, սակայն կարևոր պահերին կարող են փոխել քաղաքական հավասարակշռությունը։

Հայաստանի հասարակական միջավայրում հաճախ կարելի է նկատել այն երևույթը, երբ ընտրություններից առաջ հանրային դաշտ են նետվում տարբեր սոցիոլոգիական հարցումներ կամ քաղաքական հայտարարություններ, որոնցում կանխատեսվում են բարձր տոկոսներ այս կամ այն քաղաքական ուժի համար։ Մեր իրականության մեջ այդ հարցումները վաղուց դարձել են ոչ թե հասարակական տրամադրությունների «պրոյեկտոր», այլ հասարակական տրամադրությունների վրա ազդելու գործիք: Օրինակ՝ գործող իշխանությունները հետևողականորեն փորձում են դրանց միջոցով հանրության մեջ սերմանել կարծիք, թե ամեն ինչ արդեն կանխորոշված է, իրենք շատ ավելի քվե ունեն, քան բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը։ Նույնիսկ խոսում են այն մասին, թե իրենք իբր 50 կամ նույնիսկ ավելի՝ մինչև 65 տոկոս ձայն են տանելու։ Հասկանալի է, որ նման տեղեկատվական ֆոնն ունի հոգեբանական ազդեցություն ընտրողների վրա։ Եթե հասարակության մի հատված սկսում է հավատալ, որ ընտրությունների արդյունքն արդեն որոշված է, ապա հակաիշխանական տրամադրվածություն ունեցող հատվածի բազմաթիվ ներկայացուցիչներ կարող են հրաժարվել ընտրություններին մասնակցելուց՝ մտածելով, որ իրենց քվեն որևէ ազդեցություն չի ունենալու։ Այսպիսի հոգեբանական ազդեցությունը քաղաքական տեխնոլոգիաների մեջ հայտնի է որպես ընտրական ապատիայի խթանում։

Սակայն իրականում կոնկրետ այս ընտրություններում յուրաքանչյուր ձայն կարող է կարևոր դեր ունենալ։ Հատկապես այնպիսի քաղաքական իրավիճակներում, որտեղ հասարակության տարբեր հատվածների միջև գոյություն ունի լուրջ բևեռացում, նույնիսկ համեմատաբար փոքր թվով լրացուցիչ ձայները կարող են փոխել քաղաքական հավասարակշռությունը։ Այդ պատճառով ընտրություններին մասնակցությունը դառնում է ոչ միայն քաղաքացիական պարտք, այլ նաև քաղաքական ազդեցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031