Կառավարությունն այսօրվա նիստում երկու որոշում ընդունեց՝ կապված Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի բովանդակության ձեւավորման համար անհրաժեշտ աշխատանքների հետ։ «Այս հարցերով մենք համագործակցություն ենք ծավալում այս ոլորտում ամենահեղինակավոր բուհերի հետ, որոնք աջակցելու են արվեստների կլաստերի հայեցակարգի ձեւավորման, ինչպես նաեւ այդ հայեցակարգի իրականացման հարցում։ Այս նպատակով երկու բուհերի հետ ենք բանակցել, եւ այսօրվա որոշումներով արդեն անցնում ենք պայմանագրերի կնքմանը։ Դրանցից առաջինը Լոնդոնի արվեստների համալսարանն է։ Երկրորդ պայմանագիրը կնքվելու է Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի հետ»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց՝ այս երկու բուհերի հետ աշխատանքը հնարավորություն է տալու արվեստների կլաստերի պարագայում ունենալ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող բովանդակությունը, այդ ուղղությամբ կրթությունը դարձնել մրցունակ ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի ուսանողների համար։
Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիան երաժշտական բաղադրիչով է աշխատանքները տանելու, եւ նախատեսվում է, որ այս մասով նրանց հետ պայմանագիրը կլինի մինչեւ 371 հազար բրիտանական ֆունտ ստերլինգի չափով։ Լոնդոնի արվեստների համալսարանը բոլոր մյուս ուղղություններով է աշխատանք տանելու, բացառությամբ երաժշտության բաղադրիչի։ Եվ այս բուհի հետ պայմանագրի արժեքը մինչեւ 368 հազար բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամ է։
«Շատ կարեւոր է աշխարհի առաջատար փորձի հետ հաղորդակցություն ունենալը։ Տիկին Անդրեասյան, նաեւ կարեւոր է արձանագրել, թե մեր հաջորդ քայլը ո՞րն է Ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման ճանապարհին։ Մենք սկզբունքորեն որոշում կայացրեցինք, թե ինչի՞ց ենք սկսում, սկսում ենք ուսանողական կացարաններից՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այսօր շատ հրատապ խնդիր է, եւ ուսանողների կեցության խնդիր ունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ժաննա Անդրեասյանը մանրամասներ ներկայացրեց, թե Ակադեմիական քաղաքի ծրագրի աշխատանքներն ինչ փուլում են։ «Տիկին Անդրեասյան, իսկ մենք ճանապարհային քարտեզ ու ժամանակացույց ունե՞նք հաստատած»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը։ Անդրեասյանը պատասխանեց, որ ժամանակացույցը իրատեսական է եւ պահպանվելու է։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































