Այսօր Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ժամանակ հարց հնչեց բանակում ծառայություն չանցած պաշտոնյաների և նրանց երեխաների մասին. «Ակնհայտ քաղաքական որոշմամբ վերջերս վերաբացվեց Նարեկ Կարապետյանի բանակում չծառայելու թեման, հիմա քննություն է գնում։ Այս անգամ ուզում եմ հնչեցնել երկու անուն։ Ձեր թերթում աշխատում էր սպորտային լրագրող, ով հիմա զբաղեցնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը, խոսքն Արմեն Նիկողոսյանի մասին է։ Հրապարակվել է, որ նրա որդին ու եղբորորդին ազատվել են պարտադիր զինծառայությունից։ Ուշագրավն այն է, որ Նիկողոսյանն ազատել է որդուն՝ իբրև թե ֆուտբոլիստ է, ենթադրաբար դիրքի չարաշահում կա։ ՊՆ-ին հարցում ենք արել, չեն պատասխանում, նշելով որ անձնական տվյալ է։
Երկրորդ դեպքը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանն է, ով, ըստ «Հետք»-ի, ինքնավնասումով է բանակից ազատվել։ Գուցե այս մասով էլ վարույթի հարուցումը օգնի պարզել, թե պետական պաշտոնյանը ինչպես է ինքնավնասում արել տարիներ առաջ»։
Իսկ ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրավապահները երկու դեպքում էլ պարտավոր են ընկալել որպես հանցագործության մասին հաղորդում։
Կարդացեք նաև
Ճեպազրույցից հետո ՀՖՖ-ն հաղորդագրություն տարածեց, թե անընդունելի են համարում հանրությանը միտումնավոր մոլորեցնելը
«Մեր խորին զարմանքն ու վրդովմունքն ենք հայտնում նմանօրինակ էժանագին զրպարտանքի կապակցությամբ։ Անընդունելի է ընտանիքի անդամների անունները շահարկելը և հանրությանը միտումնավոր մոլորեցնելը։
Հիշեցնում ենք, որ ստահոդ լուրեր տարածելը և անձի բարի համբավն արատավորելը առաջացնում են իրավական պատասխանատվություն։ Զրպարտություն տարածողները պետք է պատրաստ լինեն պատասխան տալ օրենքի ամբողջ խստությամբ՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական հարթություններում։
Տեղեկացնենք, որ Արմեն Նիկողոսյանի եղբորորդին՝ Տիգրան Նիկողոսյանը, ծառայել է ՀՀ Զինված ուժերում 2007–2009 թվականներին։ Նրա եղբայրը՝ Հենրիկ Նիկողոսյանը, սահմանված կարգով անցել է պարտադիր զինվորական ծառայություն 2008–2010 թվականներին։
Ավելին՝ Հենրիկ Նիկողոսյանը եղել է պրոֆեսիոնալ թենիսիստ, Հայաստանի բազմակի չեմպիոն և ՀՀ սպորտի վարպետ։ Ծառայության ընթացքում՝ 2009 թվականին, նա Կոտ դ’Իվուարում մասնակցել է Դևիսի գավաթին (Տվյալներն առկա են www.daviscup.com կայքում)։
Արմեն Նիկողոսյանի որդին՝ Էդգար Նիկողոսյանը (ծնված՝ 23.07.1995), զինվորական ծառայությունից ազատվել է բացառապես օրենքով նախատեսված հիմքով՝ ոչ ֆուտբոլի պատճառով։ Էդգար Նիկողոսյանը զինվորական ծառայությունից ազատվել է դեռևս 2013 թվականին, երբ Արմեն Նիկողոսյանը չէր աշխատում ՀՖՖ-ում։
ՀՀ օրենսդրությամբ զրպարտության համար նախատեսվում է խոշոր փոխհատուցում (քաղաքացիական օրենսգիրք), իսկ որոշ դեպքերում նաև քրեական հետապնդում՝ կախված հանգամանքներից»:


















































