Սկիզբը՝ այստեղ:
«2020 թ. նոյեմբերի 9-ից ես սրտի ռիթմի խնդիրներ ունեցա։ Այդ իրադարձությունն իմ համար շատ անձնական էր, քանի որ կոնկրետ ֆիզիկական հիվանդության առաջացման պատճառ հանդիսացավ», պատմում է հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդը։
Հունգարացի հայագետ, Օտվոշ Լորանդի անվան համալսարանում (ELTE) հայերենի դասախոս, Հունգարիայի հայ համայնքի ակտիվ մասնակից Բենեդեկ Ժիգմոնդն ամենաուշը՝ 1999 թ.-ից հետեւում է հայաստանյան ներքաղաքական կյանքին, անցուդարձին եւ համարում է, որ բավական պատմական իրադարձություններ են տեղի ունեցել։
«Երբ 1999 թ. օգոստոսին առաջին անգամ եկա Հայաստան, դեռ Վազգեն Սարգսյանն էր վարչապետ։ Ես արդեն հետագայում եմ ուսումնասիրել, թե մինչեւ իմ առաջին այցելությունն ինչ իրադարձություններ են տեղի ունեցել նորանկախ Հայաստանում։ Ես ծանոթացա Հայաստանի պատմական գործիչների մի մասի հետ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Լեւոն Զուրաբյանի, Հրանտ Բագրատյանի, Վահրամ Մարտիրոսյանի եւ այլոց հետ։ Նորանկախ Հայաստանի պատմությունը պայմանական կարելի է բաժանել մի քանի փուլերի։ Առաջինը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման շրջանը, երկրորդ փուլը՝ Հանրապետական կուսակցության իշխանությունը՝ 1998-2018 թթ., երրորդ փուլն արդեն՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանն է։ Իհարկե, այս փուլերն ունեն ենթափուլեր, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը տարբերվում էր Սերժ Սարգսյանի ղեկավարության շրջանից, Ս. Սարգսյանի ղեկավարման առաջին երեք տարիներն էլ տարբերվում էին հաջորդող տարիների ղեկավարման շրջանից», նկատում է Բենեդեկն ու մի դրվագ վերհիշում, երբ 2011 թ. մայիսին ազատ արձակվեցին քաղբանտարկյալները եւ Նիկոլ Փաշինյանը։ Այդ օրը իրեն զանգահարել է Լեւոն Զուրաբյանը, հրավիրել նրան Սարյանի արձանի մոտ, որտեղ ՀԱԿ-ը պետք է դիմավորեր Նիկոլ Փաշինյանին, եւ Բենեդեկը եւս այցելել է ՀԱԿ-ի հետ՝ դիմավորելու նրան։
Կարդացեք նաև
Պարզվեց, որ Բենեդեկն իրեն Հայ ազգային կոնգրեսի հիմնադիրներից է համարում։ Նա պատմեց, թե ինչպես է դա տեղի ունեցել։ «2008 թ. օգոստոսի 1-ին ես Մատենադարանի մոտ էի։ Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընթերցում էր Շարժման ստեղծման հռչակագրի կետերը եւ նշում էր՝ «ովքեր համաձայն են՝ թող բարձրացնեն ձեռքը», ես նույնպես բարձրացրել եմ ձեռքս եւ տվել եմ իմ համաձայնությունը այդ հռչակագրի բոլոր կետերին։ Դա ժողովրդավարական գործընթաց էր, որին մասնակցում էր ժողովուրդը», պատմում է նա։
Իսկ թե ինչու էր հայտնվել Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած այդ հանրահավաքին եւ ՀԱԿ-ի արդեն հետագա հանրահավաքներին, Բենեդեկն ասաց, որ 2008 թ. հուլիսին Հյուսիսային պողոտայում նստացույցերի ժամանակ ծանոթացել է Լեւոն Զուրաբյանի հետ, որի հետ ջերմ զրույց են ունեցել, եւ այդպես սկսվել է շփումը ՀԱԿ-ի հետ, իսկ մեկ տարի անց անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն հրավիրել է իր առանձնատուն։ «Գուցե շատ մեծամիտ եմ, բայց կարող եմ ասել, որ ես էլ իմ լուման եմ ներդրել ՀԱԿ-ի հիմնադրման գործընթացում՝ նախ որպես համակիր, աջակից, ապա նաեւ կոնկրետ մասնակից», ժպտալով պատմում է մեր զրուցակիցը։
Բենեդեկ Ժիգմոնդը Հայաստանի համար երկրորդ ջրբաժանն է համարում ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ինչպես նաեւ 2023 թ. սեպտեմբերի պատերազմը՝ դրան հաջորդող ողբերգական իրադարձություններն Արցախում ու 120 հազար արցախցիների տեղահանումը Արցախից։
Նա այս ծանր շրջանի նախ զգացմունքային կողմն է ներկայացնում՝ վերհիշելով իր համար բավական ծանր օրը, երբ 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարվեց 2020թ. նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի ստորագմամբ։ «2020 թ. նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան, երբ իմացա, թե ինչ է տեղի ունեցել, դա իմ համար էլ շոկ էր, ինչպես շատ հայաստանցիների համար։ Իմ ինքնազգացողությունը շատ-շատ վատացավ։ Այդ պահից, այդ օրվանից ես սրտի ռիթմի խնդիրներ ունեցա։ Այդ իրադարձությունն իմ համար շատ անձնական էր, քանի որ կոնկրետ ֆիզիկական հիվանդության առաջացման պատճառ հանդիսացավ։ Ես մեկ շաբաթ սրտի լուրջ խնդիրներ ունեցա, այնուհետեւ ամիսների ընթացքում կամաց-կամաց իմ սրտի ռիթմը կարգավորվեց։ Հիմա էլ երբեմն ունենում եմ խնդիրներ, սակայն դա սկսվեց 2020թ. նոյեմբերի 9-ից։ Դա մի զգացողություն էր, կարծես մարմնիս մի մասը կտրեցին, ու ես կորցրեցի իմ մարմնի մի մասը», պատմում է Բենեդեկը՝ ամբողջությամբ վերապրելով իր կյանքի համար ամենաբարդ օրերից մեկը։
«Ահավոր էր, որովհետեւ 2005 թվականից սկսած ես համարում եմ Հայաստանը իմ հայրենիքը, եւ երբ իմ հայրենիքից խլում են պատմական մի կարեւոր մաս… Այսինքն, այն ժամանակ ունեի Արցախ, հիմա՝ չունեմ։ Ես ունեմ արցախահայ բավական շատ ընկերներ, որոնց հետ ջերմ կապեր ու բարեկամություն ունեմ, այսինքն, սերտորեն կապված եմ Արցախի հետ, այդ իսկ պատճառով նաեւ իմ համար ֆիզիկական ցավի ու հիվանդության ձեռքբերման պատճառ էր Արցախի կորուստը», հավելեց մեր զրուցակիցը։
Քաղաքական առումով Բենեդեկի համար երկու կարծիք չկա. «Իհարկե գործող վարչապետն էր պատասխանատու 44-օրյա պատերազմի արդյունքի համար։ Պատմական գործընթացների առումով՝ ամբողջական պատկերը դիտարկելու համար ստիպված էի խորանալ միջազգային իրադարձությունները վերլուծելու կարողության մեջ, քաղաքականություն եւ անվտանգություն՝ մասնագիտական վերլուծության իմացությամբ։ Այլ բան է, որ քաղաքական գործիչները խոսում են քաղաքական գործընթացների մասին, այլ բան է՝ մասնագիտական վերլուծությունը։ Ես չեմ պնդում, որ դարձել եմ անվտանգության մասնագետ, սակայն հիմա որոշ բաներ ավելի լավ եմ հասկանում, քան առաջ։ Այդ պատերազմը տասնամյակների գործընթացների արդյունքն էր։ Ով ինչ սխալ է գործել՝ դա այլ հարց է, բայց այդ 44 օրերը չեն որոշել պատերազմի արդյունքը։ Մի քանի գործոններ կառանձնացնեի։ Առաջինը՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը. հյուսիսում Ռուսաստան գերտերությունն է, շուրջը՝ միջին գերտերություններ Թուրքիան ու Իրանն են՝ իրենց քաղաքական նպատակներով ու առաջնահերթություններով, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում փոխվել են, բացի Ադրբեջանի նպատակներից, որոնք անփոփոխ են։ Ադրբեջանը հետեւողականորեն պատրաստվում էր այդ պատերազմին։ Այս տեսանկյունից ես համաձայն եմ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ, երբ նա ասում է, որ մինչեւ 2020 թվականը Հայաստանի իշխանությունների բացթողումն էր. Ադրբեջանը լրջորեն պատրաստվում էր պատերազմի, Հայաստանը չէր պատրաստվում պատերազմի, չէր զինվում։ Դա ես ինքս էլ կարող եմ հաստատել. 24 անգամ, երբ եղել եմ Հայաստանում, միշտ լսել եմ հետեւյալը՝ «Ռուսաստանը մեզ կպաշտպանի»։ Սա մեծ բացթողում էր։ Չի կարելի միայն հույսը դնել դրսի վրա։ Եթե դու երկրի ներսում չունես այնպիսի ուժ, որով կարող ես պաշտպանվել եւ որի առկայության պայմաններում թշնամին երեք անգամ կմտածի՝ հարձակվի՞, թե՞ ոչ, ուրեմն դու մեծ բացթողում ունես… Այստեղ արդեն իմ կարծիքը Ուստա Հրանտից տարբերվում է։ Ես կարծում եմ՝ 2018-ին Փաշինյանի վարչապետության մեկ տարվա ընթացքում հնարավոր էր որոշ բարեփոխումներ անել բանակում, սակայն հնարավոր չէր մեկ տարում Հայաստանը զինել, ռազմական տեսանկյունից հզորացնել»։
Հայաստանի ապագայի մասով Բենեդեկ Ժիգմոնդը մեծ հեռանկարներ է տեսնում. «Նոր սերունդ է մեծացել, որի աչքերն ավելի բաց են, աշխարհը ավելի լավ են հասկանում, ավելի առաջադեմ են, քաղաքականապես ավելի ակտիվ են, ավելի բաց են՝ անկախ նրանից, թե քաղաքական ինչ հայացքներ ունեն»։
Սակայն Իրանի շուրջ իրադարձությունները 180 աստիճանով փոխել են իրավիճակը ամբողջ աշխարհի համար անվտանգային առումով, կարծում է Բենեդեկ Ժիգմոնդը։ Նրա կանխատեսմամբ՝ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը տարիներ անց ավելի կամրապնդվեն եւ վրեժխնդիր կլինեն Արեւմուտքի այսօրվա քաղաքականության համար. «Թրամփն էլ հավերժ չէ։ Թրամփը շատ քայլերի դիմեց, որոնք կորուստ էին ԱՄՆ-ի համար։ ԱՄՆ-ի «փափուկ ուժը», որը գոյություն ուներ շատ երկրներում, նա ուղղակի ոչնչացրեց։ ԱՄՆ-ի այն հաստատությունները, որոնք ԱՄՆ-ի ուժն էին, որոնց շնորհիվ նա գերտերություն էր, դրանք նա կազմաքանդել է եւ զբաղված է Ռուսաստանի կամ Իրանի փոքր եղբայրների ոչնչացմամբ։ Իրանն այսօր, իհարկե, նկատելի թուլացել է։ Վերջին տասնամյակներում աշխարհում նման բան տեղի չէր եղել, որ Իրանի նման որեւէ երկրի առաջնորդի սպանեն։ Ինչեւէ, ամեն ինչ փոխվել է։ Կարծում եմ՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի կոոպերացիա ստեղծելու հեռանկարն ու հնարավորությունն Իրանի դեմ պատերազմով նվազեց։ Թե ինչպես կզարգանան հետագա գործընթացները, նաեւ դրանցից կախված կլինի Հայաստանի հետագա ճակատագիրը»։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.03.2026


















































