Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Լռությունը համաձայնության նշա՞ն է

Մարտ 13,2026 10:00 Share

Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելու հետ կապված՝ գործընկերներս մի նրբություն են նկատել, որի մասին արժե հիշատակել: Մինչեւ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե հենց ի՛ր ցուցումով է Էդիտա Գզոյանը հեռացվել աշխատանքից՝ այն բանի համար, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի մասին գիրք է նվիրել, այդ ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամները եւ աշխատակիցները հանրությանն էին ներկայացնում բոլորովին այլ մի վարկած. իբր տիկին Գզոյանն աշխատանքից ազատվել է, որովհետեւ վատ էր վերանորոգում Ցեղասպանության զոհերի հուշարձանը: Չնայած պարզ էր, որ դա թանգարան-ինստիտուտի տնօրենի պարտականությունների մեջ չի մտնում:

Չեմ կասկածում, որ ճշմարտությունը նրանց հայտնի էր: Բայց նրանք վախենում էին այդ ճշմարտությունը հնչեցնել, որովհետեւ դրան բնական հարց կհետեւեր՝ արդյոք դուք Արցախի մասին գիրք նվիրելն այնպիսի զանցանք եք համարում, որի համար պետք է աշխատանքից ազատել:

Այդ՝ սուր անկյունները շրջանցելու մեջ ես տեսնում եմ ներկայիս իրավիճակի եւ, մասնավորապես, խորացող ավտորիտարիզմի պատճառներից մեկը: Մարդիկ, որոնք գիտեն ճշմարտությունը, բայց չեն ասում, ավելի շատ են պատասխանատու այսօրվա մթնոլորտի համար, քան խաբվածներն ու մոլորյալները:

Փաշինյանի հիմնական ընտրազանգվածը՝ հավաքական «Ախուրյանցի Անոն», կարող է եւ հավատալ, որ, օրինակ, Փաշինյանին չենթարկվող հոգեւորականները «ԿԳԲ գործակալներ են» եւ «ռսի շպիոն»: Գրագետ մարդիկ հասկանում են, որ դա անհեթեթություն է եւ հերյուրանք: Բայց այդ մարդկանց մեծ մասը լռում է, ինչի շնորհիվ էլ «Անո»-ների կարծիքը մնում է անվիճարկելի:

Եթե վաղը, ենթադրենք, աշխատանքից ազատեն ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենին կամ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկանին, ապա այդ կառույցների աշխատակիցների մեծ մասը, հավանաբար, կասի՝ խնդիրն այն է, որ ինստիտուտի կամ ֆակուլտետի պատերը լավ չէին ներկվում: Մինչեւ որ Փաշինյանը հանդես չգա հերթական ասուլիսով կամ գրառումով եւ չհայտարարի՝ «Ակադեմիան ե՛ս եմ, համալսարանը ե՛ս եմ»: Այն հանգամանքը, որ բռնապետն իրեն թույլ է տալիս նման բաներ ասել, պայմանավորված է նաեւ վերը հիշատակված «ճչացող լռությամբ»:

Ինչ վերաբերում է Արցախի, նրա հոգեւոր ու մշակութային ժառանգությանը վերաբերող գրքերին, ապա այստեղ, ըստ երեւույթին, արմատական լուծում է պետք՝ այրել այդ բոլոր գրքերը եւ Մատենադարանի ձեռագրերը, որպեսզի ոչ ոք այլեւս սադրանքների չդիմի եւ Ալիեւի հնարավոր վրդովմունքը չառաջացնի:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031