2026–2027 թվականներին Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն «Եվրոպական հետազոտողների գիշեր» և «Հետազոտողները դպրոցներում» լայնածավալ գիտահանրամատչելի միջոցառումները։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած «ERNA – European Researchers’ Night in Armenia» նախագիծը հաղթել է Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող «MSCA & Citizens 2025» մրցույթում։
«MSCA & Citizens 2025» մրցույթն իրականացվում է MSCA (Marie Skłodowska-Curie Actions)՝ Եվրոպական միության Horizon Europe ծրագրի շրջանակում։ Մրցույթին ներկայացված 241 հայտերից ընտրվել են 49 նախագծեր՝ 40 երկրներից, իսկ ծրագրերի իրականացման համար Եվրոպական հանձնաժողովը հատկացրել է 16.3 միլիոն եվրո ֆինանսավորում։
ՀՀ ԳԱԱ ERNA նախագիծը իրականացվելու է 2026–2027 թվականներին։ Կանցկացվեն երկու հիմնական ծրագրային միջոցառումներ՝
Կարդացեք նաև
- «Եվրոպական հետազոտողների գիշեր»,
- «Հետազոտողները դպրոցներում»։
Միջոցառումների ընթացքում գիտնականները, երիտասարդ հետազոտողները և ուսանողները կշփվեն քաղաքացիների, դպրոցականների և երիտասարդների հետ՝ ներկայացնելով գիտության աշխարհը կենդանի փորձերի, ցուցադրությունների, հանրային դասախոսությունների և ինտերակտիվ ծրագրերի միջոցով։
Որդեգրելով «Գիտությունը՝ քաղաքացիների համար, քաղաքացիները՝ գիտության․ դիմակայելով մարտահրավերներին՝ կերտենք ապագան» կարգախոսը, ERNA նախագիծը նպատակ ունի՝
- խթանել հետազոտողների և հասարակության միջև անմիջական երկխոսությունը,
- բարձրացնել գիտության և նորարարության մասին հանրային իրազեկվածությունը,
- ներկայացնել գիտնականի դերը ժամանակակից հասարակության մեջ,
- մեծացնել երիտասարդների հետաքրքրությունը գիտական և հետազոտական կարիերայի նկատմամբ։
Նախաձեռնությունը լիովին համահունչ է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքով Գիտությունների ազգային ակադեմիային վերապահված գործառույթներին, որոնց թվում են՝
- գիտության հանրայնացման և հանրահռչակման խթանումը,
- գիտական համայնքի համախմբումը և գիտական փորձագիտական ներուժի զարգացումը,
- գիտության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումը և Հայաստանի ինտեգրումը եվրոպական գիտական տարածքին։
ERNA նախագծի իրականացմամբ ՀՀ ԳԱԱ-ն ոչ միայն ներկայացնում է հայկական գիտական համայնքը եվրոպական հարթակում, այլ նաև կյանքի է կոչում գիտության հանրայնացման այն առաքելությունը, որը օրենքով վերապահված է Ակադեմիային։
«Եվրոպական հետազոտողների գիշեր» նախաձեռնությունը ամեն տարի անցկացվում է Եվրոպայի հարյուրավոր քաղաքներում՝ ներգրավելով միլիոնավոր այցելուների։ 2026 և 2027 թվականներին այս գիտական տոնը առաջին անգամ կանցկացվի նաև Հայաստանում՝ ստեղծելով նոր հարթակ գիտության, կրթության և հասարակության միջև ակտիվ համագործակցության համար։
Այս հաղթանակը կարևոր քայլ է դեպի այն ապագան, որտեղ գիտությունը հասանելի է հասարակությանը, իսկ երիտասարդ սերունդը գիտությունը դիտում է որպես իր զարգացման և կարիերայի ճանապարհ։
Նախագծի գործընկերներն են՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամը, «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին


















































