Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Goldentime talent մրցույթ-փառատոնին մասնակցելու իրավունք է ստացել Black BOX ներկայացումը, որն իրականացրել է բալետի մենակատար Գոռ Սարգսյանը

Մարտ 13,2026 15:55 Share

Աշխարհում վաղուց բեմադրվում են նաև ժամանակակից ռեժիսուրայով բալետային ներկայացումներ, ընդ որում՝ բնավ պարտադիր չէ, որ երաժշտության հեղինակը հանդիսանա ժամանակակից կոմպոզիտոր: Երբեմն էլ համաշխարհային բալետային գրականության՝ շատ վաղուց հանդիսականին ծանոթ, դասական ռեժիսուրայով իրականացված բեմադրություններն են արվում ժամանակակից ռեժիսուրայով և ոչ սիմֆոնիկ նվագախմբի ներկայությամբ: Վերջինիս դերը ստանձնում են նաև ջազ, ռոք և այլ երաժշտական ուղղվածության խմբեր: Այսպիսով՝ ժամանակակից ռեժիսուրայով բալետային բեմադրություններն առանձնանում են ազատ կառուցվածքով, ժանրերի համարձակ համադրությամբ, ոչ ստանդարտ հարթակների և մուլտիմեդիա էֆեկտների օգտագործմամբ։


Aravot.am-ը օրերս բրիտանական հեղինակավոր Goldentime talent մրցույթ-փառատոնի կայքից տեղեկացավ, որ ընթացիկ տարվա սկզբից 70 երկրից օնլայն ուղարկված, մրցույթ-փառատոնին մասնակցելու իրավունք ստացած բեմադրությունների թվում է նաև ժամանակակից ռեժիսուրայով Black BOX ներկայացումը, որն իրականացրել է Երևանի Ա. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենակատար Գոռ Սարգսյանը:

Ի դեպ, հիշյալ ներկայացումը՝ «Սև արկղը», որն օրերս ցուցադրվեց Վիլեն Գալստյանի անվան Երևանի պարարվեստի պետական քոլեջի դահլիճում, մեզ ծանոթ է դեռևս 2025 թ.-ից, երբ օպերային թատրոնում «Բարեկամություն» պետական անսամբլի հերթական ելույթներից մեկում ցուցադրվեց նաև այս մեկ գործողությամբ բալետը: Շուրջ 5 տարի բալետի արտիստի գործունեություն ծավալած Գոռ Սարգսյանի համար, որպես խորեոգրաֆի, «Սև արկղը» առաջինն է նրա ստեղծագործական կյանքում։

Գոռ Սարգսյան

Մեզ հետ զրույցում արվեստագետն ասաց, որ 2025 թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Պարարվեստի ռեժիսուրա» բաժինը՝ Գաբրիել Խուդեդայի ղեկավարությամբ, իսկ «Սև արկղը» իր դիպլոմային աշխատանքն է, որը հանձնաժողովի կողմից բարձր գնահատականի է արժանացել:


«Բեմադրական աշխատանքներին մասնակցել են չորս արտիստ ընկերներս՝ Նինա Հայրապետյանը, Դավիթ Կխբելյանը, Վահե Բաբաջանյանը և ես: Ասեմ, որ լիբրետոյի հեղինակն էլ եմ ես: Երաժշտության հեղինակը Հայկ Շահնազարյանն է, ով ներկայացման ժամանակ հենց բեմում միայնակ ապահովում է էլեկտրոնային երաժշտությունը», – ասաց Սարգսյանը:


Խնդրեցինք նրան հակիրճ ներկայացնել լիբրետոն: «Երեք տղամարդ ու մեկ կին ձգտում են տիրանալ փառքի, ինչը գտնվում է սև արկղում: Կինը, սեփական մտքի ճկունության շնորհիվ, հասնում է այդ փառք կոչվածին՝ միաժամանակ հայտնվելով փակուղում. ի վերջո բանտարկվում է, գամված մնում սև արկղում գտնվող ոսկեզօծ շղթաներով աթոռին: Մինչդեռ նրա ընկերներն առանձին-առանձին փորձում են ազատել կնոջն այդ իրավիճակից, բայց՝ անօգուտ: Փառքը, մեծ հաշվով, այսպիսի բան է… նման դեպքերի ծանոթ ենք նաև աշխարհահռչակ որոշ արվեստագետների օրինակով», – հայտնեց մեր զրուցակիցը:

Հետաքրքրությանը, թե «Սև արկղը» օպերային թատրոնի խաղացանկո՞ւմ է, արտիստը պատասխանեց. «Ոչ: Անցյալ տարվա սեպտեմբերին «Բարեկամություն» անսամբլի գեղարվեստական ղեկավար Զոհրաբ Բակալյանին խնդրել էի բեմադրությունս ներառել անսամբլի համերգներից մեկում: Շնորհակալ եմ նրան չմերժելու համար և ընդհանրապես ներկայացմանը մասնակից բոլոր ընկերներիս: Նշեմ նաև զգեստների դիզայներ Նվարդ Ավանեսյանի անունը, ում աշխատանքը կարծես գտնված լինի մեր բեմական կերպարների համար»:

Տեղեկացրեց նաև. «Վերջին տարիներին մեր թատրոնում բալետային ներկայացումների խաղացանկը, զուգահեռ դասականի, համալրվել է նաև ժամանակակից խորեոգրաֆիայով բեմադրված ներկայացումներով: Դրանք են՝ Ռավել «Բոլերո», Դեբյուսի «Ֆավնի զարթոնքը» (խորեոգրաֆ Շահար Բինիամինի), Վաչե Շարաֆյան «Ձգողականություն» և «Սիմֆոնիկ պարեր» (խորեոգրաֆ Արա Ասատուրյան), «Սասունցի Դավիթ» օրատորիա-բալետ (խորեոգրաֆ Մարիամ Ասլանյան)»:

Անդրադառնալով Մեծ Բրիտանիայում կայանալիք մրցույթ-փառատոնին՝ Գոռ Սարգսյանի խոսքերով, այն անցկացվում է 2018 թ.-ից: Նպատակն է՝ բացահայտել, հնարավորություն տալ ներկայանալ միջազգային բեմերում, զարգացնել արվեստն ու մշակութային փոխանակումը տարբեր երկրների միջև։

«Իհարկե, լավ է, որ Լոնդոն օնլայն ձևաչափով ուղարկած մեր բեմադրության տեսանյութն արժանացել է մրցույթ-փառատոնի ժյուրիի օքեյին, բայց մի այլ կարգի պարտավորվածություն եմ զգում այնտեղ ներկայացնելը: Հիմա սպասում ենք մրցույթ-փառատոնի կազմկոմիտեի հաջորդ հաղորդագրությանը՝ ե՞րբ կկայանա մեր բեմելը: Այսինքն՝ սպասում ենք հրավերի», – խոսքը եզրափակեց Գոռ Սարգսյանը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ տեսարաններ «Սև արկղը» բեմադրությունից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031