Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

«Արդյո՞ք այցի օրակարգը իսկապես հաստատված և քննարկված էր տնօրենի հետ, և արդյո՞ք նա, փաստորեն, ինքնագլուխ այն փոփոխել է». Արեգ Դանագուլյան

Մարտ 13,2026 22:15 Share

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը գրում է.

«Դոկտոր Էդիտա Գզոյանի պաշտոնանկության հետ կապված կրքերը մոլեգնում են: Ոմանք գրել են որ նրան «գործից հեռացրել են»: Շատերը գրել են նրա մասին, որ գիտնականին տնօրենի պաշտոնից պաշտոնանկ անելը խախտում է նրա ակադեմիական ազատությունը:

Նախ եկեք մանրամասնենք, որ դոկտոր Գզոյանին, ըստ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանի, գործից չեն ազատել: Նա վայր է դրել տնօրենի մանդատը, և վերադարձել է իր գիտական աշխատատեղին:

Երկրորդ, ի՞նչ բան է ակադեմիական ազատությունը: Այս ազատությունը թույլ է տալիս գիտնականին բարձրաձայնել իր գիտական արդյունքների մասին: Անգամ ակտիվիստի դերով: Ակադեմիական ազատությունը (որը հիմնականում բացակայում է հայկական ԲՈՒՀերում) ծայրահեղ կարևոր է գիտության զարգացման համար:

Բայց երբ գիտնականը իր վրա է ստանձնում ՏՆՕՐԵՆԻ պաշտոնը, ապա նա դառնում է պաշտոնյա: Նա դառնում է կազմակերպիչ, և ուզած-չուզած խառնվում է քաղաքական գործընթացներին: Հայաստանում էլ, Ամերիկայում էլ, Զանզիբարում էլ: Ուրիշ բան ակնկալել ուղղակի միամիտ է:

Եվ եթե ինստիտուտի տնօրենը իրեն թույլ է տալիս քաղաքականորեն սխալ քայլ, ապա դա լուրջ պրոբլեմ է: Այդ դեպքում ակադեմիական ազատությունը նրան էլ չի պաշտպանում:

Ի՞նչ է եղել ՋԴ Վենսի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ: ըստ որոշ վարկածների, դոկտոր Գզոյանը շեղվել է (հենց շեղվել է) հաստատված օրակարգից, և Վենսին նվիրել է Արցախի հակամարտությանը նվիրված մի գիրք: Այսինքն ինքնագլուխ ներմուծել է հաստատված օրակարգի մեջ իր անձնական քաղաքական օրակարգը: ԵԹԵ սա ճշմարիտ է, ապա պաշտոնյա Գզոյանը խախտել է իր վրա դրված վստահությունը:

Այդ դեպքում նա չի կարող շարունակել լինել ինստիտուտի տնօրեն: Գիտնական` այո: Բայց ոչ տնօրեն:

Նաև հայտնի է դարձել որ ամերիկյան կողմը եղել է չափազանց դժգոհ` Գզոյանի արարքից (մանրամասներով չեմ կարող կիսվել): Քանի որ դա դրել է ՋԴ Վենսին դժվար դրության մեջ` Բաքվում իր այցելության ժամանակ:

Պետք էր բավարարվել նրանով, որ աշխարհի հզորությամբ #2 մարդը եկել այցելել էր Ծիծեռնակաբերդը, ու հարգանքի տուրք էր մատուցել 1.5 մլն նահատակներին: Վերցնել ու դրա վրա էլ pigyback անել Արցախի չափազանց լիցքավորված թեման դա քաղաքական սխալ էր:

Այստեղ երկու կարևոր հարց կա: Արդյո՞ք այցի օրակարգը իսկապես հաստատված և քննարկված էր տնօրենի հետ, և արդյո՞ք նա, փաստորեն, ինքնագլուխ այն փոփոխել է: Թե՞ ուղղակի մարդուն ասել են «դե ցույց տուր էլի Ծիծեռնակաբերդը» և նա իր հայեցողությամբ ցույց է տվել ինչ ուզել է: Եթե առաջինը, ապա մեղավորը անկասկած տնօրենն է: Իսկ երկրորդ դեպքում` ԱԳՆ:

Նաև արժե անդրադառնալ վարչապետի կացնային «ես եմ ասել լավ եմ արել» հայտարարությանը: Եթե այս փաստերը ավելի թափանցիկ ու մանրամասն փոխանցվեին հանրությանը, ապա այս իրավիճակը չէր դառնա ՀՀ քաղաքական դաշտի ոչ-բարեխիղճ դերակատարների համար զինամթերք` կառավարության դեմ: Պետք է մտածել նախքան խոսելը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anonymous says:

    «Պետք է մտածել նախքան խոսելը»
    Սա Ձեր կողմից խիզախության նախանձելի օրինակ է։ Սակայն եթե վարչապետն այս փոքրիկ թերությունն էլ չունենար, ապա իդեալական առաջնորդ կլիներ ողջ հայության համար։ Այստեղ էլ, պիտի խոստովանել, նա կատարելագործվում է․ «կոխեմ Ամերիկայից» հետո որքան ավելի ներդաշնակ է հնչում «սաղին բռնելու եմ շինեմ» արտահայտությունը։ Նա, ի տարբերություն Էդիտա Գզոյանի, լավ է հասկացել ազատ ստեղծագործողի (գիտնականի) և վարչապետի (տնօրենի) կարգավիճակների տարբերությունը։
    «Եթե այս փաստերը ավելի թափանցիկ ու մանրամասն փոխանցվեին հանրությանը»․․․ Սա էլ Ձեր կողմից համեստության նախանձելի օրինակ է։ Լրիվ ընդունելի կլիներ, որ նախադասության վերջում ավելացնեիք «այնպես, ինչպես շարադրված է վերևում»։
    Ցավոք, նույն հիացական խոսքերը չեմ կարող ասել այդ «վերևում շարադրվածի մասին»։ Վերևում շարադրվածը պարզ օրինակ է այն բանի, թե ինչու գիտնական, մտավորական մարդը չպիտի լինի իշխանության (տվյալ դեպքում՝ սատանայի) հանրային փաստաբանը։ Իմիջիայլոց, չպե՞տք է արդյոք լինի կարգավիճակների նույնպիսի տարանջատում ֆիզիկոս գիտնականի և սոցիալական ցանցերում ապիկար իշխանության ապուշությունները ամեն առիթով արդարացնողի միջև, ինչպես պիտի լինի․ ինչպես Դուք եք ասում, գիտնականի ու տնօրենի միջև։ Ի դեպ, ինչու՞ եք «տնօրեն» բառը գլխատառերով գրում։ Լուսավորե՛ք անգրագետիս։ Դա սոցիալական ցանցերի ո՞ճն է։ Ձեր միջոցով Google-ից մի բան սովորեցի․ piggiback (Դուք մի g-ով եք գրել, դա է՞լ ՖԲ-ի ոճն է։)։
    Վերջում Ձեզ խորհուրդ կտամ կարդալ կամ վերընթերցել, եթե կարդացել եք, Քաջարի զինվոր Շվեյկի արկածները գրքից գրագիր Վանեկի հերոսապատումները։ Եթե Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորն իրեն վերջնականապես նվիրել է սոց․ ցանցերի քաղաքական պրոպագանդային, ապա պիտի իմանա, որ այդ կարգի ինֆորմացիայի սպառողների համար գրագիր Վանեկի (կամ վարչապետ Փաշինյանի) ոճն է աշխատողը։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031