Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Ֆեյքի վերջը

Մարտ 14,2026 12:00 Share

Մենք փնտրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն, ինչ նրանք թաքցրել են

«Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ Այսուհետ «Առավոտ»-ն ամեն ուրբաթ կներկայացնի դետեկտիվի արտառոց բացահայտումները։

 

Հեռախոսիս զանգ եկավ ինձ շատ հարազատ անձից՝ Նարինեից։ Ձայնից արդեն պարզ էր՝ լուրջ բան է պատահել։ Վրդովված էր։ Ինչ-որ մեկը նրա 18-ամյա զարմուհի Արմինեի անունով Instagram-ում եւ TikTok-ում բացել էր կեղծ էջեր՝ օգտագործելով ֆոտոշոփով պատրաստված նկարներ, եւ այդ էջերն արագ տարածում էր համացանցում:

Խնդիրը միայն կեղծ էջը չէր։ Աղջիկը շուտով պետք է նշանադրվեր իր սիրելի տղայի հետ։ Այսինքն՝ հարվածը ուղղված էր ոչ միայն նրան, այլ նաեւ նրա անվանն ու ապագա ընտանիքի հեղինակությանը։ Շատ չանցած՝ Նարինեն եկավ գրասենյակ։ Ահավոր զայրացած էր։ Այն աստիճան էր բորբոքված, որ պատրաստ էր այդ արարքի հեղինակին բառացիորեն ենթարկել լինչի դատաստանի։

Առաջարկեցի նստել ու հանգիստ խոսել։ Դետեկտիվի աշխատանքի առաջին կանոններց է հանդարտեցնել լարումը եւ նպաստել ավելի հանգիստ շփմանը:

Սկսեցինք քննարկումը։ Նախ խնդրեցի ցույց տալ այդ էջերը։ Մի քանի րոպե ուսումնասիրելուց հետո արդեն պարզ էր, որ գործ ունենք կազմակերպված, նպատակավորված ու թիրախային գործողության հետ։ Էջերը նոր էին ստեղծված, բայց արագ տարածվում էին։ Օգտագործված նկարները ֆոտոշոփով մշակված էին այնպես, որ առաջին հայացքից թվում էր իրական։

Բայց մեր ունեցած համակարգերն օգնում են միանգամից ֆիքսել ստվերների անբնական անկյուններն ու պիքսելների անհամապատասխանությունը։ Բացի այդ, ես նկարներն ուղարկեցի ասոցիացիայի գործընկերներին՝ ստուգելու մետատվյալները (metadata)՝ փորձելով հասկանալ սկզբնաղբյուրն ու ֆայլի ստեղծման սարքի մոդելը։ Կեղծարարներն ունեն մեկ մշտական խնդիր: Նրանք շտապում են:

Երբ ինչ-որ մեկը ուզում է արագ վարկաբեկել մեկին, նա սկսում է գործել հապճեպ, իսկ այդ հապճեպությունը միշտ թողնում է հետքեր։

Մենք սկսեցինք ամենապարզ քայլերից։ Ֆիքսեցինք ամեն ինչ. սքրինշոթներ, էջերի հղումներ, հրապարակումների ժամեր, հետեւորդների ցանկ, առաջին տարածողները։

Մեր թիմը միացավ գործընկերներիս տրամադրած համապատասխան համակարգին, որը վերլուծում է IP հասցեների հավանական տիրույթն ու գրանցման ալգորիթմները։ Պարզվեց՝ կեղծ էջերից մեկի ստեղծման ժամանակ հեղինակը վայրկյանական անջատել էր իր VPN ծածկագրումը՝ թողնելով իր իրական պրովայդերի եւ տեղորոշման փոքրիկ, բայց ճակատագրական թվային «ոտնահետքը»։

Մի հետաքրքիր օրինաչափություն արձանագրեցինք։ Կեղծ էջերը դեռ նոր էին ստեղծված, բայց արդեն ունեին մի քանի տասնյակ «ակտիվ» դիտողներ, որոնք յուրաքանչյուր հրապարակման տակ անմիջապես արձագանքում էին ու իրենք էլ կիսվում այդ էջերով։ Դա մեզ արդեն շատ բան էր ասում։ Սովորաբար նման դեպքերում իրական լսարան չկա։ Կան մի քանի նույն մարդու կողմից կառավարվող հաշիվներ (ֆեյքեր), որոնք ստեղծում են տպավորություն, թե «ամբողջ ինտերնետը քննարկում է»։

Այսինքն՝ մենք գործ ունեինք ոչ թե պատահական խուլիգանի, այլ հստակ նպատակ ունեցող մարդու հետ։

Այստեղ ես տվեցի մի հարց, որը հաճախ ամենակարեւորն է նման գործերում.

– Աղջկա կամ ապագա ամուսնու՝ Վազգենի կյանքում կա՞ որեւէ մեկը, ով կարող էր ցանկանալ խանգարել այս նշանադրությանը։

Սենյակում մի քանի վայրկյան լռություն տիրեց։ Չմտաբերեցին ոչ ոքի: Կարծես թե խանգարող պետք է չլիներ: Խնդրեցի ինձ տրամադրել Վազգենի տվյալները: Դետեկտիվի աշխատանքի մեջ երբեմն բացահայտման կծիկի ամենակարեւոր թելը գալիս է ոչ թե տեխնիկայից, այլ մարդկային հարաբերություններից։ Այդտեղից սկսեցինք ուսումնասիրել տղայի անցյալը։

Կիրառելով OSINT (Բաց աղբյուրների հետախուզություն) մեր եւ աշխարհահռչակ գործընկերների ռեսուրսները, մենք սկսեցինք թվային հարթակում «քանդել» այդ տղայի նախկին կապերը։ Նրա սոցիալական ցանցերի օգտահաշիվներում գտանք մի քանի հետեւորդների, որոնց ակտիվությունը կտրուկ նվազել էր նրա ու Արմինեի նշանադրության լուսանկարի հրապարակումից անմիջապես հետո: Սկսեցինք նրանց անհատական օգտահաշիվների հետազոտությունը: Նրանց թվում կար մի օգտատեր՝ Նանար անունով, որը մինչ նշանադրության մասին հրապարակումը Վազգենի ֆեյսբուքյան նկարներն ակտիվ սրտիկում էր ու նկարների տակ տարատեսակ ռոմանտիկ սմայլիկներ դնում: Մենք ռեսուրսները կենտրոնացրեցինք Նանարի ուղղությամբ: Օգտագործելով սոցիալական ցանցերի արխիվներն ու «Գաղտնաբառի վերականգնման» դասական հնարքը՝ գտանք կեղծ էջին կցված էլեկտրոնային հասցեի մի քանի աստղանիշով փակված տառեր ու հեռախոսահամարի վերջին երկու նիշերը։ Այդ թվերն ու տառերը իդեալական համընկնում էին Նանարի   իրական տվյալների հետ, ում մենք սկսել էինք կասկածել ամենասկզբից։ Արդեն հետագա հետաքննությամբ հայտնաբերվեցին նաեւ IP հասցեի համընկնումը «ֆեյքերի» թողած հետքերի հետ:

Դրանից հետո ամեն բան սկսեց զարգանալ կոսմիկական արագությամբ: Նույնականացրեցինք եւ տվյալները փոխանցեցինք Վազգենին:

Ու պարզվեց մի կարեւոր բան. ամբողջ այս պատմության հետեւում կանգնած Նանարը ժամանակին եղել է Վազգենի մտերմուհին, հետո Վազգենը նրան հեռացրել էր իր կյանքից։ Բայց դա չէր զսպել Նանարի՝ Վազգենի սոցիալական ցանցերի էջերում մշտական բնակությունը շարունակելու անհագ ցանկությունը: Դա դասական հոգեբանական վիճակ է։ Երբ ներկան ստանձնում է նախկինի ստատուս՝ չի կորցնում ապագայում նույնպես ներկա դառնալու ցանկությունը

Միայն անուն, հեռախոս եւ IP հասցե ունենալը դեռ ապացույց չէ։

Դետեկտիվն աշխատում է միայն փաստերով։ Մենք հավաքեցինք ամբողջ փաստական բազան. հրապարակումների ժամերի համընկնումները, կեղծ էջերի միջեւ կապերը, նույն մարդկանց կողմից տարածվող մեկնաբանությունները, պահպանեցինք բոլոր նյութերը այնպես, որ հետո ոչ ոք չկարողանա ասել՝ «սա մոնտաժ է»։

Կազմեցինք մի հատուկ թղթապանակ, որտեղ տպված էին ոչ միայն սքրինշոթները, այլեւ նրա իսկ ստեղծած ֆեյքերի ակտիվության գրաֆիկը։ Այդ գրաֆիկը ցույց էր տալիս, որ բոլոր ֆեյքերը միաժամանակ լռում էին գիշերը ճիշտ այն ժամանակահատվածում, երբ ինքը քնած էր լինում։ Դա այդ աղջկա թվային դատավճիռն էր՝ ամփոփված մեկ թղթապանակում։

Երբ ամբողջ պատկերը հավաքվեց, արդեն պարզ էր՝ խաղն ավարտված է, պարզապես պետք է վերջին քայլն անել։ Ես որոշեցի խոսել նրա հետ։ Բայց ոչ որպես դետեկտիվ։ Զանգահարեցի նրան որպես առաքիչ։

-Բարեւ ձեզ, Նանար, ձեր անունով առաքանի կա ձեր անհայտ երկրպագուից։ Կկարողանա՞ք մոտենալ ձեր աշխատանքի վայրին մոտ գտնվող սրճարան։

Մի փոքր լռեց։ Հետո համաձայնվեց։

Սրճարանը պատահական չէր ընտրված։ Մարդաշատ վայր Երեւանի Կենտրոնում, որտեղ մարդը իրեն ավելի ապահով է զգում եւ ավելի քիչ է մտածում, որ կարող է հայտնվել անհարմար իրավիճակում։ Մենք նստեցինք այնպես, որ մուտքը տեսանելի լինի։

Քիչ անց նա ներս մտավ։ Ես նայեցի ոչ այնքան նրա դեմքին, որքան շարժումներին։ Երբ մարդը վստահ է իր անմեղությանը, նրա քայլվածքը ազատ է լինում։ Երբ մարդը ինչ-որ բան թաքցնում է, մարմինը դա մատնում է։ Ձեռքով նշան արեցի եւ նա մոտեցավ ու նստեց մեր սեղանի մոտ։

Մի քանի վայրկյան լռություն պահեցի, հետո շատ հանգիստ դրեցի հեռախոսը սեղանին եւ բացեցի այն էջերի սքրինշոթները, որոնք մենք արդեն ֆիքսել էինք։ Ապա կողքին դրեցի այն թղթապանակը, որտեղ կարմիր մատիտով ընդգծված էին իր հեռախոսահամարի վերջին նիշերն ու կեղծ էջի վերականգնման տվյալների անհերքելի համընկնումը։ Ֆիզիկական ապացույցի ներկայությունը միշտ կոտրում է հոգեբանական պաշտպանությունը։

Հետո մեկ նախադասություն ասացի.

– Նանար, ինտերնետում կարելի է ստեղծել կեղծ անուն, կեղծ նկար եւ նույնիսկ կեղծ կյանք։ Բայց հետքերը միշտ իրական մարդունն են։

Նա փորձեց սկզբում ժխտել։ Դա միշտ առաջին ռեակցիան է։

-Սա ես չեմ, դուք շփոթում եք, -ասաց նա՝ փորձելով վրդովմունք ձեւացնել, բայց ձայնի մեջ արդեն երերում կար։

Հետո ցույց տվեցի հաջորդ ապացույցը։

-Այս IP հասցեն, ասացի ցածրաձայն, բայց այնքան հստակ, որ այն կտրեց սրճարանի ֆոնային աղմուկը, պատկանում է ձեր բնակարանի ցանցին։ Իսկ սա ձեր սմարթֆոնի մոդելն է, որով գիշերը մուտք եք գործել այդ կեղծ էջ։

Պետք էր տեմպը պահելով նրան ներկայացնել ապացույցները՝ համաչափորեն մեծացնելով դոզան:

Նրա շնչառությունը նկատելիորեն արագացավ։ Աչքերը սկսեցին անհանգիստ փախչել սեղանի վրայի թղթերից դեպի ելքը։ Նրա ձեռքերը, որոնք մինչ այդ ամուր բռնել էին պայուսակը, սկսեցին թեթեւակի դողալ։ Նա մի կերպ կուլ տվեց թուքը։ Դեմքի գույնը միանգամից փոխվեց։ Պատրանքը, թե էկրանի հետեւում նա անխոցելի է, եւ կարող է աջուձախ զրպարտել ու հայհոյանքներ տարածել՝ փշրվեց հենց այդ պահին։

Քիչ անց խոսքերը սկսեցին խճճվել։ Եվ վերջապես եկավ այն պահը, երբ նա հասկացավ, որ պատմությունը ավարտված է։ Պարզվեց՝ ամբողջ այս «ֆեյքերի պատերազմը» կազմակերպվել էր մեկ նպատակով՝ խափանել այդ նշանադրությունը։ Հին վիրավորանք։ Կորցնելով ներկայի ստատուսը եւ դառնալով նախկին, փորձել էր վնասել ապագային, որը պետք է դառնար ներկա:

Բայց գործը փակված չէր, քանի դեռ արդարությունը չէր վերականգնվել տուժող կողմի համար։ Ես նրան տվեցի մեկ հնարավորություն՝ խուսափելու իրավապահների միջամտությունից եւ հրապարակային խայտառակությունից։ Նա պետք է անձամբ ընդուներ իր մեղքը եւ փորձեր ներողություն հայցել Արմինեից:

Հաջորդ օրը մեր գրասենյակում մթնոլորտը նման էր ատոմային պատերազմից 5 պակաս վիճակի։ Սենյակում, գրասեղանիս կողքին, արդարության հաղթանակի բերկրանքը վայելող հանդարտությամբ նստած էր Նարինեն, ով օրեր առաջ պատրաստ էր լինչի դատաստանի ենթարկել մեղավորին։ Նրա հայացքը սառն էր, կեցվածքը՝ խստապահանջ։ Իսկ սենյակի բազմոցի անկյունում՝ գլուխը կախ, նստած էր Նանարը: Այլեւս չկար նրա ֆեյքային համացանցային ինքնավստահությունը։ Կար միայն վախ ու ամոթ։

Նրա ճակատագիրը կախված էր Նարինեի ու Արմինեի որոշումից, եթե ներում էին, ապա նա կարող էր հանգիստ հեռանալ, իսկ եթե ոչ, ապա ձեռք բերված ապացույցները Արմինեի դիմումի հետ փոխանցվում էին իրավապահներին:

Նանարը հեկեկալով իր հեռախոսով ընդմիշտ ջնջեց բոլոր կեղծ էջերը։ Հետո նայեց Նարինեին ու հազիվ լսելի, դողացող ձայնով արտասանեց.

-Խնդրում եմ, ներեցեք ինձ։ Ես խճճվել էի սեփական չարության մեջ եւ չէի գիտակցում, թե ինչ ցավ եմ պատճառում։ Խոստանում եմ, որ երբեք, ոչ մի կերպ չեմ խանգարի ձեր աղջկա ապագա ընտանիքին ու այլեւս ես նման բան չեմ անի:

Նարինեն լռեց մոտ մեկ րոպե, երկար, ճնշող րոպե։ Այդ լռությունն ավելի ծանր էր, քան ցանկացած բղավոց եւ նույնիսկ ապտակ։ Ապա նա ասաց ընդամենը մեկ նախադասություն.

– Համարիր, որ սա քո կյանքի ամենամեծ դասն էր։ Չքվիր նրանց կյանքից ընդմիշտ։

Բայց ամենակարեւոր դասը այս պատմության մեջ ուրիշ էր։ Շատերը կարծում են, որ ինտերնետում կարելի է թաքնվել։ Սակայն իրականում դա ամենամեծ մոլորություններից մեկն է։ Մարդիկ կարող են ստեղծել ֆեյքեր, կեղծ անուններ եւ կեղծ պատմություններ։ Բայց թողնում են իրական հետքեր։

Իսկ դետեկտիվի գործը հենց դա է՝ չտրվել աղմուկին, սառը մտածել, եւ վերջում գտնել այն մարդուն, ով կանգնած է ֆեյք էջի հետեւում։

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031