«Իշխանությունը պահելու համար Նիկոլը փորձում է ծախել այն ամենը, ինչ կարող է՝ Արցախը, Հայաստանի տարածքը, Հայաստանի սուվերենությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարությունը, Ռուսաստանին ռեգիոնից քշելը, եւ այլն։Սկզբում նա ծախում էր հայ ժողովրդի վրա, հետո՝ Ռուսաստանի։ Հիմա արդեն այս գնորդները հրաժարվում են Նիկոլի առաջարկներից, նա էլ փորձում է իշխանությունը պահել Արեւմուտքի միջամտությամբ». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
-«Մեր տարածաշրջանում լայնածավալ պատերազմ է, բայց Արտաքին հետախուզության ծառայությունը լռում է». Ձեր վերջին գրառումներից մեկում էիք նման միտք արտահայտել, ուղղակի հիշեցնեմ, ավելի վաղ զեկույցներից մեկում անգամ իշխանության կցորդ ԱՀԾ-ն Իրանի պատերազմի ու դրա վտանգների մասին խոսել էր, այլ հարց, որ դա աննկատ անցավ։ Բայց հարցն այն է, որ հիմա այդ կառույցը կարծես ավելի կարեւոր ու հրատապ գործով է զբաղված. ասում են, որ տվյալներ են ստացել՝ այլ երկրում, ՀՀ քաղաքացիների նկատմամբ ինչ-որ անձինք ճնշումներ են գործադրում, որպեսզի հունիսի 7-ին կալանալիք ընտրություններում վերջիններս ֆինանսական եւ կազմակերպական հարցերով աջակցեն որոշ քաղաքական ուժերի։ Թե ո՞ր երկրների մասին է խոսքը, ի՞նչ անձինք են զբաղված ճնշումներ գործադրելով, ո՞ր ուժի օգտին աշխատելու համար՝ կարեւոր հարցերը անպատասխան են։ Ենթադրել կարելի է։ Ստեղծված իրավիճակը ինչպե՞ս կբնութագրեք։
– Պետք է ընդունենք, որ իշխանություն պահելը Նիկոլի համար էքզիստենցիալ խնդիր է։ Իշխանությունից նա չի կարող հանգիստ հեռանալ, եւ այդ պատճառով էլ պետք է օգտագործի բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի հնարքներն այն պահելու համար։ Իշխանությունը պահելու համար Նիկոլը փորձում է ծախել այն ամենը, ինչ կարող է՝ Արցախը, Հայաստանի տարածքը, Հայաստանի սուվերենությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարությունը, Ռուսաստանին ռեգիոնից քշելը, եւ այլն։ Սկզբում նա ծախում էր հայ ժողովրդի վրա, հետո՝ Ռուսաստանի։ Հիմա արդեն այս գնորդները հրաժարվում են Նիկոլի առաջարկներից, նա էլ փորձում է իշխանությունը պահել Արեւմուտքի միջամտությամբ։
Ակնհայտ է, որ ԱՀԾ հայտարարությունը ուղղված է Ռուսաստանի դեմ, եւ այն կոչ է Արեւմուտքին՝ «Օգնեք ինձ, այլապես Ռուսաստանը վերադառնալու է»։ Նախեւառաջ, Ռուսաստանը չի էլ գնացել, բայց նա այլեւս չի ուզում Նիկոլով հանդես գալ, քանի որ նման դեմքը վարկաբեկում է իրենց:
Կարդացեք նաև
Նախընտրական, ընտրական, հետընտրական շրջանում Նիկոլը գնալու է շատ կոշտ մեթոդների կիրառման։ Նիկոլին անհրաժեշտ է իր արարքների համար եթե ոչ Արեւմուտքի աջակցությունը, ապա գոնե քաջալերող լռությունը։ Դրա համար էլ հիմքեր է նախապատրաստում, ցույց տալու, որ ոչ թե ինքն է ընտրություններում պարտվում, այլ Ռուսաստանն է միջամտում: Իրականում, եթե անգամ ԱՀԾ-ն տիրապետում է նման ինֆորմացիայի, ավելի հարմար կլիներ դրան հետեւել եւ բացահայտել ընտրությունների օրը, որին կհետեւեր Նիկոլի սովորական բռնաճնշումները։ Մինչդեռ այս դեպքում կարեւոր է ոչ թե նման տվյալների առկայությունը, այլ հիմա աղմուկ բարձրացնելը եւ եվրակարծիք նախապատրաստելը։
Այն, որ հայ ժողովրդի քվեն ընդամենը ներկայացվելու է որպես Ռուսաստանի միջամտություն, արդեն քիչ է հետաքրքրում Արեւմուտքին, որտեղ գնալով ավելի քիչ ուշադրություն է դարձվում ժողովրդավարությանը, եւ ավելի շատ՝ ռեալպոլիտիկին, իսկ ռեալպոլիտիկի լեզվով նրանց համար կարեւոր է ոչ թե Հայաստանում լեգիտիմ իշխանության հաստատումը, այլ մեկը, որը Ռուսաստանին կհանի այդտեղից։
Իհարկե, ցավալի է, որ Արտաքին հետախուզության ծառայությունը, որը կոչված է լինել երկրի անվտանգության կարեւոր գործիքներից մեկը, ձեռքի հետ վեր է ածվել ֆեյքերի ֆաբրիկայի։
-ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի՝ «ուրախ ավտոբուսով» շրջագայությունները, հանդիպումների ժամանակ տեղի ունեցող միջադեպերը եւ իրենց հայտարարությունները, որ բացարձակ առաջատար են, ամենաբարձր վարկանիշով ուժ են, համեմատակա՞ն են իրար։
-Ընտրություններում վարկանիշի մասին կարելի է լուրջ խոսել քվեարկությունից երկու շաբաթ, լավագույն դեպքում՝ մեկ ամիս առաջ։ Իհարկե, սա չի նշանակում, որ ավտոբուսային արշավները ֆալշստարտ են, դրանք ոչ թե վարկանիշը բացահայտելուն, այլ վարկանիշը բարձրացնելուն են ուղղված։ Մինչեւ ընտրությունները Նիկոլը պետք է տարբեր դերեր խաղա, այժմ՝ կուկուռուզ ու խնձոր կրծելով նա «գեղջուկ» է խաղում, իսկ մայիսին, հիշենք՝ արդեն պետք է «եվրոպացի» խաղա։
Հիմա դժվար է գնահատել՝ արդյո՞ք այս ալիքները ներդաշնակ են, արդյո՞ք ընտրությունների ժամանակ դրանք կհանգեցնեն ինտերֆերենցիոն պիկի, թե իրար կչեզոքացնեն, կխլացնեն։ Ուղղակի կարեւոր մի բան արձանագրենք՝ եթե շաբաթներ առաջ Նիկոլը թքած ուներ վարկանիշի վրա, կարող էր վիրավորել թոշակառուներին ու եկեղեցուն, եւ իր հիմնական խնդիրը տեսնում էր դրսի տերերին դուր գալու մեջ, հիմա նա թերեւս ինչ-որ սիգնալներ է ստացել, որ միայն դրսի ուժերի միջոցով չի կարող հաղթել ու «դեմքով շրջվել է դեպի ժողովուրդը»։
-Ընդդիմության մասին. իմպիչմենտի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը ընդդիմությանը միավորվելու եւ փողոցային պայքար սկսելու կոչ արեց։ Այն մնաց անպատասխան։ Ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ զբաղված են սեփական վարկանիշի գովքով։ Այդ վարկանիշները ինչ-ինչ սոցհարցումների արդյունք են։ Ո՞ւր ենք գնում այսպես գլխիկոր։
-Նորի՞ց վարկանիշներ. եկեք առայժմ վարկանիշների պատերազմը թողնենք մի կողմ։
Քանի որ Նիկոլը ընտրությունների ժամանակ գնալու է ճնշումների ու խախտումների, ապա շատ կարեւոր է, որպեսզի ստեղծվի նրան զսպող գործիք։ Հիմա ակնհայտ է, որ ոչ իրավապահ համակարգը, ոչ Սահմանադրությունը, ոչ էլ անգամ Ռուսաստանը չեն կարող Նիկոլին ստիպել հարգել ժողովրդի քվեն ու պահպանել օրենքները։ Որպես նման զսպաշապիկ, այս պահին ամենահարմարը փողոցային պայքարն է։ Այն անհրաժեշտ է սկսել ընտրություններից առաջ եւ ողջ ընտրական գործընթացը պահել այդ շարժման վերահսկողության տակ։ Ի դեպ, մենք տեսանք, որ հակաեկեղեցական արշավը, քաղբանտարկյալների հոսքի առատացումը, այլ անօրինականությունների թափ հավաքելը սկսվեց այն ժամանակ, երբ դադարեցին հրապարակներում բողոքի ցույցերը։
Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, ապա այն կարեւոր եւ լեգիտիմ գործիք է փողոցային պայքարի մեկնարկի համար, եւ, ինչու ոչ՝ հաշվի առնելով ներկա գործընթացները, հնարավոր է, որ իմպիչմենտն ինքնին հաջողության հասնի։
Փոքր-ինչ վերափոխելով՝ գուսան Ջիվանու խոսքերը՝ «Իմ իմպիչմենտը քո ընտրությանը վնաս չի», ոչ միայն վնաս չի, այլեւ էական օգուտ կտա։ Անընդունելի են այն պնդումները, թե իմպիչմենտը կամ փողոցային պայքարը ռեսուրսների վատնում է, այն ոչ միայն վատնում չի, այլեւ ռեսուրսների մոբիլիզացիայի կարեւոր միջոց է։
-Ի դեպ, որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը պարտվել են Իրանի դեմ իրենց սկսած պատերազմում։ Համամի՞տ եք։ Ի՞նչ եք կարծում, այս նոր իրողություններով պայմանավորված ի՞նչ իրավիճակներ են հնարավոր տարածաշրջանում, Հայաստանն ի՞նչ դրության մեջ կհայտնվի, ԹՐԻՓՓ-ի շուրջ պայմանավորվածությունները ի՞նչ կլինեն։
-Դժվար է պնդել, թե ԱՄՆ-ը պարտվել է։ Ամեն դեպքում, Իրանն արդեն ավելի քիչ հրթիռներ է արձակում, ավելի շատ վնասներ կրում՝ անհամեմատելի ԱՄՆ կրած վնասների հետ։ Այլ հարց է, որ ԱՄՆ-ը իր առջեւ դրած նպատակների իրականացմանը չի հասել։ Բայց, նախեւառաջ, դեռ պատերազմը չի ավարտվել, հետո էլ ցանկացած պահի ԱՄՆ-ը կարող է հայտարարել, թե կատարեց իր խնդիրը, հաղթեց, ու դուրս գա պատերազմից։
Ակնհայտ իրողություն է, որ Իրանի թուլացումը բերելու է տարածաշրջանային բալանսի փոփոխության։ Առաջացած վակուումը լցնելու ամենամեծ հավակնորդը Թուրքիան է, ինչը բավական մեծ անակնկալ կարող է լինել Իսրայելի համար, ով լուրջ թշնամանք ունի Անկարայի հանդեպ, եւ այժմ կարող է այնպիսի իրողություն գրանցվել, որ Թուրքիան Իսրայելի ձեռքով տարածաշրջանային կրակի միջից շագանակներ է հանում։ Հաստատ կուժեղանա թուրք-իսրայելական պայքարը Ադրբեջանի համար։ Ի դեպ, թերեւս վաղ է խոսել ԹՐԻՓՓ-ի մասին, որպես իրականություն։
Իհարկե, մեծ վտանգներ են առաջանում Հայաստանի համար, բայց դրա հետ միասին՝ նաեւ հնարավորություններ։ Շատ կարեւոր կլիներ հենց այս պահին երկրում ունենալ ունակ ու մտածող իշխանություն, որը կկարողանար այդ հնարավորությունները օգտագործել, եւ ոչ թե թաթախվեր նախընտրական ինտրիգների ու մանիպուլյացիաների մեջ։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
13.03.2026


















































