Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

«Արեւմուտքում Փաշինյանն ընկալվում է որպես ՀՀ-ն ՌԴ ազդեցության գոտուց դուրս բերող մարդ, Եվրախորհրդարանում նրա հայտարարություններին պետք է այդ դիտանկյունից նայել»

Մարտ 14,2026 13:00 Share

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ Նիկոլ Փաշինյանն այսպիսի բաների մասին խոսելով՝ միջազգային լեգիտիմություն է ստանում:

«Հայ ռազմագերիների հարցն անպայման պետք էր բարձրացնել, որ եթե խաղաղություն ենք հաստատել, խաղաղությունն անշրջելի է, ուրեմն գերիները պետք է բաց թողնվեն, նաեւ այն, որ ադրբեջանցիները ՀՀ ինքնիշխան տարածքում են։ Ավելի հեռուն գնացող հայտարարություն էլ արժեր անել, հստակ ասել, որ ՀՀ-ն ուզում է Եվրոպական Միություն գնալ»,- «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կգնահատի Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա քննադատեց հոգեւորականներին, ընդդիմադիրներին, բայց ոչ մի խոսք չասաց հայ ռազմագերիների մասին եւ արդյոք կարեւոր չէ՞ր այդ ամբիոնն օգտագործել հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը բարձրաձայնելու համար, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Հարցին՝ հոգեւորականներին եւ ընդդիմությանն ուղղված քննադատությունը Եվրախորհրդարանի ամբիոնից տեղի՞ն էր, մանավանդ, երբ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը», «այդ հոգեւորականներն իրենց շուրջ են հավաքել նախկին ղեկավարներին», կամ «ռուսաստանաբանկ», «բելառուսամետ» պիտակավորումներ է անում իր քաղաքական մրցակիցներին ընտրություններից առաջ, այսպիսով շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ Եվրախորհրդարանի հարթակն օգտագործում է դիվիդենդներ շահելու համար՝ մանավանդ, այս հարցում ունի միջազգային հանրության աջակցությունը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Եթե հարցը դիտարկենք ներհայաստանյան տիրույթում, իհարկե, ցանկալի չէր, որ այդ խնդիրներն այնտեղ բարձրացներ, բայց կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի նպատակն էր ցույց տալ միջազգային հանրությանը, որ խաղաղության ջատագով է, պատերազմ չի ուզում, պայքարում է այն ուժերի դեմ, որոնք ուզում են խաղաղությունը փլուզեն եւ այլն, ինչը, բնականաբար, ջերմ է ընդունվում Արեւմուտքում, որովհետեւ Արեւմուտքը միշտ էլ ցանկացել է, որ այս տարածաշրջանում հակամարտություն չլինի, խնդիրները լուծված լինեն, պատերազմ չլինի՝ ի տարբերություն Ռուսաստանի։ Այս հարցն այդ տիրույթում է՝ միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ պայքարում է խաղաղության հաստատման եւ անշրջելի դարձնելու համար»։

Ըստ Արմեն Վարդանյանի՝ Նիկոլ Փաշինյանն այսպիսի բաների մասին խոսելով՝ միջազգային լեգիտիմություն է ստանում. «Իհարկե, Նիկոլ Փաշինյանը միջազգային լեգիտիմության հետ խնդիր չունի, բայց ավելի է մեծացնում իր նկատմամբ աջակցությունը։ Արեւմուտքում Փաշինյանն ընկալվում է՝ որպես խաղաղություն հաստատող, ՀՀ-ն ՌԴ ազդեցության գոտուց դուրս բերող մարդ։ Եվրոպական խորհրդարանում նրա հայտարարությունները պետք է այդ դիտանկյունից նայել։ Այնպես չէ, որ նեղ ներքաղաքական հարցը տարել է Եվրախորհրդարան»։ Մեր հարցին՝ իսկ ի՞նչ է դա տալիս ՀՀ-ին, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Իհարկե, ես չեմ կարող ասել՝ ինչ է դա տալիս ՀՀ-ին»։

Հարցին՝ արդյոք հիմնավո՞ր էին Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հնչեցրած՝ Նիկոլ Փաշինյանի պնդումներն այն մասին, որ հոգեւորականները պատերազմ են ուզում, ԿԳԲ-ի գործակալներ են եւ այլն՝ առանց որեւէ փաստարկ ներկայացնելու, քաղաքագետն արձագանքեց. «Այո, որովհետեւ այդ մասին մի քանի անգամ ասել եմ, որ 2024-ին Ադրբեջանն այսպես ասած՝ ՀՀ-ին մի քանի անգամ հասկացրել է, որ Տավուշի չորս գյուղերի համար պատերազմ է լինելու. մտնելու ու գրավելու է։ Պրահայում Ալիեւին Արեւմուտքից հստակ ասել են, որ ՀՀ-ի ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է Արեւմուտքի համար, եթե նա ագրեսիա իրականացնի ՀՀ-ի դեմ, դրա համար շատ ծանր գին է վճարելու։ Արեւմուտքը հստակ ասել է, որ ճանաչում է ՀՀ ինքնիշխան տարածքը եւ թույլ չի տալու ագրեսիա՝ ի տարբերություն ՌԴ-ի, որը փաստացի ՀՀ տարածքը չէր ճանաչում։ Նիկոլ Փաշինյանի բոլոր խնդրանքներին, որ կանգնեցրեք Ադրբեջանին, Պուտինն ի պատասխան ասում էր՝ սահմանազատված, սահմանագծված չէ հայ-ադրբեջանական սահմանը, չի երեւում՝ որն է ձերը, որը՝ նրանցը։ Դրանից հետո Ալիեւը խորհրդային քարտեզները վերցրած փորձում էր հիմնավորել, որ Տավուշի չորս գյուղերը տեսեք որոշ քարտեզներում Ադրբեջանին են պատկանում, մենք մեր տարածքներն ենք հետ վերցնելու, ՀՀ տարածքի նկատմամբ նկրտումներ չունենք, մեր ամբողջ նպատակը մեր տարածքները հետ վերցնելն է։ Ալիեւն ուզում էր հիմք ստեղծել ՀՀ-ի դեմ ագրեսիա իրականացնելու համար, ստանար միջազգային լեգիտիմություն։ Փաշինյանն արագ այդ չորս գյուղերը տվեց Ադրբեջանին, սահմանազատում արեց եւ փակեց այդ սողանցքը»։

Մեր այն փաստմանը՝ բայց այժմ Ալիեւը գրեթե ամեն օր խոսում է «Արեւմտյան Ադրբեջանից», Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Խոսելն այլ բան է։ Այդ չորս գյուղերով Ալիեւն ագրեսիայի, պատերազմի հիմք էր ուզում ստեղծել, ավելին՝ նույնիսկ այդպիսի ակնարկներ, հայտարարություններ կային։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը միջազգային լեգիտիմ ճանապարհով արեց ամեն ինչ, որ սահմանը միջազգային հանրության կողմից ճանաչելի լինի՝ որպես հայ-ադրբեջանական սահման, որով ինքը հպարտանում է։ Այդ ամենից հետո Բագրատ սրբազանը սկսեց իր հայտնի շարժումը։ Հիմա ՀՀ իշխանությունները կարծում են կամ փորձում են հիմնավորել, որ Բագրատ սրբազանի հետեւում ռուսական հատուկ ծառայություններն են, որովհետեւ 2021-ից հետո ՌԴ-ն Ադրբեջանին բազմիցս հրահրել է ՀՀ-ի վրա հարձակվել»։ Արմեն Վարդանյանը համաձայնեց, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենի հետ կապված բավարար փաստեր չներկայացրեց Եվրոպական խորհրդարանում։ Քաղաքագետը նաեւ նոր խոսույթ չի տեսնում Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին արած այն առաջարկում, որ ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր՝ գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղով ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ ավտոմոբիլային կապը. «Ընդհանուր առմամբ, եթե ԹՐԻՓՓ-ն ենք գործարկում, որը ենթադրում է ՀՀ-ի տարածքում բեռների փոխադրում, որին պետք է միանա Ադրբեջանը, ապա այս հարցում Նիկոլ Փաշինյանի՝ այս առաջարկում որեւէ նոր բան չկա»։

Մեր այն փաստմանը՝ Եվրախորհրդարանի նախագահը հայտարարեց, որ պատրաստվում են խորացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ, միեւնույն ժամանակ ԵՄ-ն էներգետիկ գործընկերությունն է խորացնում Ադրբեջանի հետ, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Արեւմուտքն ընդհանուր է նայում հարավկովկասյան երկրները՝ մեկ ամբողջության մեջ։ Փորձում է այդ երեք երկրների հետ էլ հարաբերությունները զարգացնել, երեքին էլ տարբեր հարցերում աջակցել, որ դուրս գան ՌԴ ազդեցության տակից։ Նաեւ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի շահերն առաջ մղեց Եվրոպական խորհրդարանում՝ հայտարարելով, որ առանց Վրաստանի ՀՀ-ն չի կարող դառնալ Եվրոպայի մաս։ Գիտենք, որ Վրաստանը լուրջ խնդիրներ ունի ԵՄ-ի հետ. ընդհուպ մինչեւ պաշտոնյաների վիզաներն են դադարեցվել, արգելափակվել, եւ Փաշինյանն այդ հարցն էլ առաջ տարավ, ասաց՝ առանց Վրաստանի ՀՀ-ն չի կարող եվրոպական հեռանկարներ ունենալ։ Սա էլ կարեւոր էր, ինքն էլ Վրաստանի հետ հարաբերություններում դիվիդենդներ կշահի, դա նաեւ Վրաստանում էլ է լավ ընդունվել։ Ամեն ինչ հաշվարկված է։ Եվրոպայում շատ ոգեւորված են Փաշինյանով, ամեն կերպ աջակցում են, ինչ հարցով էլ դիմում է, օգնում են»։ Մեր դիտարկմանը՝ գուցե նրա համար, որ Փաշինյանը ըստ իրենց ՀՀ-ն ՌԴ-ից պոկելու քաղաքականությո՞ւն է վարում, Արմեն Վարդանյանն այսպես պատասխանեց. «Այո, դա այդպես է։ Որոշ ժամանակ առաջ էլ ԵԽԽՎ նիստի ընթացքում կարծես ԵԽԽՎ նախագահն ասաց՝ մենք երկար տարիներ հույս ունեինք, որ Վրաստանն է արդեն եվրոպականացվում, լիարժեք կտրվում ՌԴ-ից, ՀՀ-ի հետ էլ թեթեւ հույսեր էինք կապում, բայց հիմա տեսնում ենք հակառակը. ՀՀ-ն ավելի շատ է իր հավակնություններում առաջ գնացել, քան Վրաստանը։ Եվրոպայում հարգում են Փաշինյանին, ինչը դուր չի գալիս Ռուսաստանին, եւ դա ակնհայտ է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031