Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում։ Նշվում է, որ ԶԼՄ-ները և սոցիալական հարթակները դարձել են հիմնական հարթակները, որտեղ ձևավորվում և տարածվում է հանրային կարծիքը։ Այդ հարթակներում, սակայն, հաճախ տարածվում է ատելության խոսք, որը կարող է ուղղված լինել անձանց կամ անձանց խմբերի դեմ՝ նրանց ռասայական, ազգային, էթնիկ, կրոնական պատկանելության, քաղաքական կամ այլ հայացքների, ինչպես նաև անձնական կամ սոցիալական բնույթի հանգամանքներով։
Ներպետական օրենսդրությամբ ատելության խոսքի համար նախատեսված է միայն քրեական պատասխանատվություն։ Այսպես, Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսվել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը, իսկ 330-րդ հոդվածով՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։ Գործող օրենսդրությամբ ատելության խոսքի համար նախատեսված չեն քաղաքացիաիրավական և վարչաիրավական պատասխանատվության միջոցներ։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Ատելության խոսքի դեմ պայքարի մասին» թիվ CM/Rec(2022)16 հանձնարարականով նախատեսվել է, որ անդամ-պետությունները պետք է ապահովեն ատելության խոսքից արդյունավետ իրավական պաշտպանությունն իրենց քաղաքացիական և վարչական օրենսդրությամբ, մասնավորապես՝ վնասի հատուցման վերաբերյալ կարգավորումներով և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով։
Այսպես, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով զանգվածային լրատվության միջոցների թվում նախատեսվել են այն լրատվական միջոցները, որոնք տարածվում են համացանցում դոմեյն, հոսթինգ ունեցող կայքերի միջոցով։ Հաշվի առնելով, որ անձինք հիմնականում մեկնաբանություններ են տեղադրում ոչ թե լրատվական կայքերում, այլ սոցիալական ցանցերում տվյալ լրատվամիջոցների էջերում և ալիքներում՝ նախարարությունը կարծում է, որ անհրաժեշտ է ամրագրել նաև նշված հարթակներում նման մեկնաբանությունների հեռացման պարտականությունը։ Նախագծերի փաթեթով ատելության խոսք չտարածելու, ինչպես նաև հրապարակված՝ ատելության խոսք պարունակող հրապարակումների հեռացման պարտականությունը դրվել է նաև ԶԼՄ-ների և տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների վրա։
Կարդացեք նաև
Առաջարկվող իրավական կարգավորումը նախատեսում է ատելության խոսքի դեմ պայքարի վարչաիրավական և քաղաքացիաիրավական կառուցակարգեր, որոնք քրեաիրավական կառուցակարգին զուգահեռ կարող են ունենալ ինչպես կանխարգելիչ, այնպես էլ վնաս կրած անձի հատուցումն ապահովող գործառույթ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































