Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Առաջին ինքնախոստովանությունն այն էր, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը սկսել է բացառապես քաղաքական նկատառումներից ելնելով․ «Փաստ»

Մարտ 14,2026 10:35 Share

Ընդհանուր առմամբ, խիստ վանող (մեղմ ասած) երևույթ էր, երբ Հայաստանի ղեկավար համարվող անձը, բացառապես հանուն իր պաշտոնն ու աթոռը պահպանելու, գնացել և օտարների մոտ վատաբանում է մեր Ազգային եկեղեցին, այլ գործիչների ու օտարներից գոնե մի ինչ-որ աջակցություն է մուրում: Աջակցություն՝ բացառապես իր անձնական իշխանությունը պահելու համար:

Ինչ վերաբերում է ինքնախոստովանական հայտարարություններին, ապա դրանք Փաշինյանն արեց նախօրեին, ասուլիսում, արդեն՝ Երևանում:

Առաջին ինքնախոստովանությունն այն էր, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, Հայ առաքելական եկեղեցու դեմ անցյալ տարվա մայիսից ինտենսիվորեն սկսած արշավը սկսել է բացառապես քաղաքական նկատառումներից ու իր (նաև՝ Ալիևի) քաղաքական շահերից ելնելով: Փաշինյանը պարզորոշ խոստովանեց. «Եկեղեցու խորանից Արցախ բառ են հնչեցնում, խաղաղություն ու օրհնություն տարածում, սակայն սա ոչ այլ ինչ է, քան կոնֆլիկտի հրահրում, պատերազմի կոչ. Եկեղեցին ստանձնել է պատերազմի կուսակցության ղեկավարումը»: Այսինքն, Փաշինյանը հայ հոգևորականներին, Հայ առաքելական եկեղեցուն մեղադրեց… հայ ու հայկական լինելու մեջ: Բայց այստեղ ավելի խոր շերտ կա, որին դեռ կհասնենք:

Մինչ այդ, արձանագրենք Փաշինյանի այդ օրվա երկրորդ ինքնախոստովանական հայտարարությունը: Նա բացեիբաց հայտարարեց, որ, այո, Էդիտա Գզոյանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից ինքն է ստիպել ազատման դիմում գրել բացառապես այն պատճառով, որ ԱՄՆ փոխնախագահի այցի ժամանակ նրան ոչ միայն պատմել է Սումգայիթի, Բաքվի ջարդերի, այլև Արցախի մասին: Ու դա քիչ է, մի բան էլ համարձակվել է Արցախի մասին գիրք նվիրել:

Փաշինյանը, բնականաբար, այդ ամենից ոչ միայն նյարդային «ծիկ» է ունեցել, թերևս, այլև հրահանգել է, որ թանգարան-ինստիտուտի տնօրենին անմիջապես «գործից ազատեն»: Փաշինյանն ասում է՝ «երկրի ներսում չի կարող լինել երկու արտաքին քաղաքականություն»: Դա պատճառաբանություն չէ: Այլ ամենաիսկական զավեշտ: Եթե Փաշինյանն այդքան վատ էր զգալու ԱՄՆ փոխնախագահի՝ Ծիծեռնակաբերդ այցելելուց, ապա գուցե իր ԱԳՆ-ի խողովակներով արգելե՞ր, չեղարկե՞ր այցի այդ կետը: Երկրորդ. ակադեմիական (ԳԱԱ) ինստիտուտի տնօրենը հաստատ «արտաքին քաղաքականություն» չի վարում, ավելին՝ ցանկացած գիտնական, հեղինակ, ըստ հնարավորության, ազատ է իր ստեղծագործությունները, գրքերը ցանկացած այլ անձի նվիրել: Ու դրանից պատերազմներ չեն սկսվում: Այնպես որ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին պաշտոնից ազատելու փաշինյանական հրամանը կամայականություն է և լիազորությունների գերազանցում:

Ի՞նչ է անելու Փաշինյանը, եթե վաղը Ալիևը կամ Էրդողանը նրանից պահանջեն հողին հավասարեցնել Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Սա հռետորական հարց է, ցավոք:

Մոտեցանք վերը ակնարկված ավելի խորքային շերտերին: Ինչին ձգտում է Փաշինյանը, կամ ինչը նախանշվում է նրա հակաեկեղեցական, արցախատյաց, արարատատյաց հայտարարություններով, այն է, ինչը բնորոշվում է որպես ազգային ինքնության, պատմական ու ինստիտուցիոնալ հիշողության կազմաքանդում և ջնջում: Փաշինյանը (նաև Անկարան ու Բաքուն) երազում են առնվազն Հայաստանի հայ բնակչությանը «ֆորմատ անելու»՝ հիշողությունները զրոյացնելու, ազգային ինքնությունն ու արժանապատվությունը ջնջելու, ապահայացնելու մասին:

Ինչ վերաբերում է կոնկրետ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի պայքարին, ապա ակնհայտ է, որ այն բորբոքվեց անցյալ տարվա մայիսից՝ Շվեյցարիայում եկեղեցական, էկումենիկ կազմակերպությունների համաժողովում Արցախի հայկական քրիստոնեական ու պատմական ժառանգության պահպանման, Արցախի հայության՝ իր բնօրրանում ապրելու անկապտելի իրավունքի մասին Վեհափառի ունեցած ելույթից հետո:

Ու Փաշինյանը, ի դեպ, տապալվելով իր իսկ նախաձեռնած հակաեկեղեցական արշավում, նախօրեին խոստովանեց, որ «գործակալների», «քեռակնոջ», «կուսակրոնության» ու մնացյալ «մեղադրանքների» թեմայով իր նախորդ հայտարարությունները բացառապես քողածածկույթ էին:

Եվ մի բան էլ. երբ Փաշինյանը խոսում է Սահմանադրության նախաբանը ջնջելու մասին, պետք է գիտակցել, որ դա ընդամենը երկու նախադասություն ջնջելու մասին չէ: Դա այն մասին է, որ Փաշինյանը երազում է Հայաստանի Անկախության հռչակագիրը ոչնչացնելու, պատռելու, այրելու, ջնջելու մասին: Իսկ դա նշանակում է մեկ բան. Հայաստանի Հանրապետության, որպես պետության լուծարում, ինքնիշխանությունով հանդերձ: Սա է նպատակը: Մնացյալը «լո-լոներ» են:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031