«Հրապարակի» զրուցակիցը թատրոնի եւ կինոյի դերասանուհի Անահիտ Քոչարյանն է:
– Նիկոլ Փաշինյանն արդեն ուղղակիորեն արգելում է խոսել Արցախի, Արցախի պատմության մասին: Նա աշխատանքից հեռացրել է Ցեղասպանության թանգարանի տնօրենին, քանի որ վերջինս հանդգնել է Վենսին Արցախի մասին գիրք նվիրել: Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանի ներսում չի կարող երկու արտաքին քաղաքականություն լինել, եւ եթե ինքն ասում է, որ Արցախի հարցը փակված է, որեւիցե մեկն իրավունք չունի հակառակը պնդելու կամ գոնե երազելու….
– Այո, Փաշինյանի կարծիքով` Հայոց պատմությունը սկսում է իր ժամանակներից` 2018 թվականից, եւ իրենով էլ երեւի կվերջանա, եթե այսպես շարունակվի: Արդեն այնքան եմ զզվել այս իրավիճակից, այսքան խոսում ենք, այսքան վրդովվում ենք, բայց արդյունք չկա․ այս մարդն ինչ ուզում, անում է, իսկ ովքեր կարող են այս ամենի դեմն առնել, չեն անում ոչ մի կոնկրետ քայլ: Խոսքը մեր այս ընդդիմություն կոչվածի մասին է, նրանք ունեն լծակներ, վստահ եմ, որ մեծ ցանկության դեպքում կարող են ամեն ինչ էլ անել, սակայն մի դեմք են դարձել, մատը մատին չեն ուզում տալ: Ես արդեն անգամ փորձում եմ լուրեր չկարդալ, որովհետեւ էլ չեմ դիմանում: Մի աղետի, մի կորստի ու ցավի հետ չհաշտված, մի նոր՝ ավելի մեծ ու ցավոտ հարված ենք ստանում:
– Բայց երբեւէ կպատկերացնեի՞ք, որ անկախ երկրում կգա այնպիսի ժամանակ, որ պատմություն հիշելը, կարդալը երկրի առաջին դեմքի մակարդակով կարգելվեն:
Կարդացեք նաև
– Սովետի ժամանակ էլ կար արգելված գրականություն, ինձ թվում է՝ վերադառնում ենք սովետական կարգերին: Մեզ այսօր արգելում են` հայրենասիրություն, ազգասիրություն, ազգային ամեն բան արգելված է, ազգային դիմագիծ ունեցող թատրոնները փակվում են, Եկեղեցին, որն ամենաազգային կառույցն է, մեծ հարվածների տակ է, այսինքն` մեր երկրի ղեկավարը երկրի առաջին ամենամեծ թշնամին է, այդպես է ստացվում: Ես երբեք չէի պատկերացնի, որ կհասնենք նման կետի: Մարդը, լինելով երկրի ղեկավար, թշնամաբար է վերաբերվում իր ղեկավարած երկրին, ես նման բան չեմ տեսել իմ կյանքում:
– Փաշինյանի պնդմամբ` Արցախի մասին խոսելը պատերազմի կոչ է:
– Իսկ ինչո՞ւ, Ալիեւը կարող է ամեն ինչ էլ խոսել, իսկ մենք իրավունք չունե՞նք մեր պատմական հայրենիքի մասին խոսել: Էդ ո՞նց է ստացվում, որ ադրբեջանցիների համար չկա նման վտանգ, ինչ ասես, խոսում են, բայց մենք անգամ մի անմեղ խոսքով վտանգ ենք ստեղծում, լավ, կարելի՞ է այդքան ստրկամիտ լինել եւ փորձել ստրկացնել երկիրն ու ժողովրդին:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































