Անմխիթար վիճակում գտնվող Գոհար Գասպարյան փողոցը բարեկարգելու պահանջով բնակիչները բողոքի ցույց են իրականացնում: Նրանք դժգոհում են, որ հսկայական փոսեր են, աղբ, լուսավորության խնդիրը լուծված չէ: «Մեր փողոցը երկար տարիներ գտնվում է ոչ բարվոք վիճակում, Երեւանի քաղաքապետարանը ասֆալտապատման որեւէ աշխատանք չի կատարել, չկա լուսավորություն, մաքրության հարցը լուծված չէ, ամբողջը աղբի մեջ կորած է, բնակիչներն իրենց ձեռքով են հավաքում: Բազմիցս դիմել ենք քաղաքապետարան, որ գոնե փոսալցման աշխատանքներ անեն, բայց ամեն անգամ մերժում ենք ստացել: Ավելին ասեմ՝ 3 տարի առաջ բնակիչներով ենք գումար հավաքել եւ մեր ուժերով իրականացրել փոսալցման աշխատանքները»,- նշեց Կարեն անունով բնակիչը:
Նրա խոսքով, այդ տարածքում նոր շենքեր են կառուցվում, ու երբ ամեն անգամ ծանր տեխնիկան անցնում է, կրկին փոսեր են առաջացնում: Հավելեց, որ 10 օր առաջ էլ են դիմել քաղաքապետարան, այնտեղից պատասխանել են, որ բյուջեով նախատեսված չէ իրենց փողոցի ասֆալտապատումը: Նշեց, որ իրենց միջոցներով են փորձել լուսավորության հարց լուծել: Նա նաեւ տեղեկացրեց, որ անցյալ տարի անգամ խնդրել են կառուցապատողին բետոն բերելիս գոնե մեծ փոսերի մեջ լցնել, խնդրանքը բավարարվել է. «Բայց հենց անձրև է գալիս, նորից փոսերը պատրաստ են»։
Կարդացեք նաև
Բնակիչներից Անդրանիկ Բժշկյանը փաստեց, որ արդեն 6 տարի է՝ փողոցն այդ վիճակում է: Նա նշեց, որ շենքի յուրաքանչյուր մասնաշենք նախորդ անգամ 500-600 հազար դրամ գումար էր հավաքել ու մասնակի իրենց ուժերով լուծել խնդիրը: «Ոչ մի լուսավորություն այս փողոցում, այս 800 մետրի վրա չկա: Իմ բնակարանը 140 քառակուսի մետր է, 2025թ դեկտեմբերին 194 հազար դրամ եմ վճարել: Երրորդ տարին է, 50 տոկոսով բարձրացնում են գույքահարկը: Թաղամասը Կենտրոն վարչական շրջանում է, չգիտեմ ոնց է լուծվելու այս հարցը, մենք էլ չենք պատրաստվում կրկին մեր միջոցներով լուծել» ,-ասաց Անդրանիկ Բժշկյանը:
Բնակիչներից Վահե Դարբինյանն ասաց, որ ամեն նոր շենքի կառուցումը դառնում է գլխացավանք բնակիչների համար. «Քաղաքապետարանն անգրագետ է աշխատում. Եթե պիտի շենք կառուցեն, ամեն անգամ ամբողջ փողոցն են քանդում, որպեսզի էլեկտրականությունը քաշեն, որովհետեւ «դադստանցիան» փողոցի ծայրում է գտնվում: Այդպես ամեն անգամ քանդում, հավաքում են: Կոմունիկացիաների լուծման հարցը գրագետ, քաղաքաշինական մոտեցումներով չի արվում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































