«Ելույթս կսկսեմ այս գիշեր դատարանի կողմից ապօրինաբար ընդունված հերթական որոշումից, որը ցույց տվեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը համակարգված կերպով խաթարում է Հայաստանի ժողովրդավարական պետության լեգիտիմությունը: Այսօր Հայաստանը կանգնած է ներքին եւ արտաքին լրջագույն մարտահրավերների առաջ, սպառնալիքների տակ է ոչ միայն Հայաստանի անվտանգությունը, այլեւ հայի ինքնությունը, մեր պատմությունը, մեր ազգային արժանապատվության եւ ինքնության հենասյուն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին»,- ՀԱԿ-ի 5-րդ համագումարի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միքայելյանը:
«Այսօր գտնվում ենք այն դահլիճում, որտեղ շուրջ 36 տարի առաջ՝ 1990 թ․ օգոստոսի 23-ին տեղի ունեցավ Հայոց պատմության մեջ ամենանշանակալի իրադարձություններից մեկը՝ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, եւ դրվեց Հայաստանի Հանրապետության պետականության հիմքը: Այն ժամանակ հավաքված մարդկանցից որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ այսօր կփորձեն ջնջել պատմության այդ էջը, ոչնչացնել մեր Երրորդ Հանրապետության ծննդյան վկայականը»,-ասաց Արթուր Միքայելյանը: Միքայելյանը նշեց, որ Հայաստանի առաջ ծառացած սպառնալիքները չեզոքացնելու ճանապարհը բոլոր առողջ ուժերը պետք է միասին անցնեն:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ փոքր էքսկուրս արեց իրենց եւ ՀԱԿ-ի համագործակցության մասին: Ի թիվս այլնի, Մարուքյանը Էդմոն Մարուքյանը նշեց. «Միակ ուժը, որն ուզում է, որ Հայաստանի ծննդյան վկայական Անկախության հռչակագիրը վերանա, գործող իշխանությունն է, հետեւաբար մնացած բոլոր ուժերն այստեղ անելիք ունեն: ՀԱԿ-ը որպես անկախական ուժ եւ մենք բոլորս Հայաստանի անկախության պաշտպանության մարտերում, որը հիմա մղվում է , պետք է միասին կանգնենք մեկ ճակատում»: Նա ասաց, որ ողջունում են Լեոն Տեր-Պետրոսյանի վերջին ուղերձները, որոնք միտված են Հայաստանի քաղաքական դաշտում կոնսոլիդացիայի ապահովմանը եւ հնարավորինս ավելի խոշոր բեւեռով հանդես գալուն:
Կարդացեք նաև
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ձեւակերպմամբ, ՀԱԿ-ը վերջին 20 տարում իր ուրույն եւ նշանակալից դերն է ունեցել Հայաստանի քաղաքական դաշտում: Նրա խոսքով ՀԱԿ-ը միշտ եւ հատկապես վերջին շրջանում անում է առավելագույնը ընդդիմադիր դաշտում արդյունավետ համագործակցության ուղղությամբ: Նա նշեց, որ Ապրելու Երկր կուսակցությունը եւս ՀԱԿ-ի հետ ունեցել է համագործակցության եզրեր: Մեսրոպ Առաքելյանի խոսքով, ՀԱԿ-ի եւ մնացած ընդդիմադիրների դերը առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր արդյունքը կտա:
Համագումարն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































