«Ես բավականին ոգեւորված եմ այն մթնոլորտով, որ այսօր տիրում է այս դահլիճում: Հնչած ելույթներն ինձ թույլ են տալիս եզրակացնել, որ այն համախմբումը, կոնսոլիդացիան, որի մասին խոսում էինք, այնքան էլ երազանքային բան չէ եւ բավականին իրատեսական է»,- ՀԱԿ համագումարի ժամանակ նշեց ՀԱԿ փոխնախագահ, կուսակցության վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը:
«Հատուկ ոգեւորության առիթ է նաեւ այն հանգամանքը, որ այդ մթնոլորտը ձեւավորվում է այս պատմական դահլիճում, որտեղ 1990թ հռչակվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը… Սիրելի զինակիցներ, հպարտ եմ այն հանգամանքի համար, որ ՀԱԿ վարչության, հանրապետական խորհրդի կողմից, մեր լեգենդար կուսակցության բոլոր սկզբնական կազմակերպությունների միաձայն աջակցությամբ ընտրվել եմ ՀԱԿ վարչապետի թեկնածու՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Սա առաջին հավաքական հանդիպումն է այդ որոշման ընդունումից հետո, եւ ես չեմ կարող չօգտվել առիթից՝ բոլորիդ իմ երախտագիտությունը հայտնելու վստահության այն հսկայական պաշարի համար, որ շնորհեցիք ինձ այս ընտրություններում Կոնգրեսին հայ հանրությանը ներկայացնելու պատիվը: Ողջունում եմ այս դահլիճում հավաքված գաղափարական զինակիցներին, որոնց հետ պայքարի մի քանի տասնյակ տարիներ եմ անցել»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Ի թիվս այլնի՝ անդրադառնալով ներկայումս մեր երկրում տիրող իրավիճակին, Լեւոն Զուրաբյանը նշեց. «Այսօր մեր երկիրը գտնվում է անարդարների , անառակների եւ խաբեբաների ձեռքում: Երկրի վարչապետը, որն ինքնասիրահարված, տմարդի արկածախնդրությամբ մերժելով Մինսկի խմբի 2019թ հայանպաստ խաղաղության առաջարկը՝ երկիրը սուզեց ազգակործան պատերազմի հորձանուտը, հայոց պատմության ամենախայտառակ եւ նվաստացուցիչ պատմությունը հանդգնում է ներկայացնել որպես ինքնիշխանության պահմանման մեծագույն հաղթանակ: Պետությունն Ադրբեջանի նվաստ կամակատարի աստիճանի իջեցրած ողորմելին խոսում է անկախության աննախադեպ աստիճանի մասին: Զանգեզուրյան միջանցքի հանձնումը մատուցվում է որպես ինքնիշխանության տրիումֆ, Սահմանադրության խախտումները, շինծու գործերով քաղաքական հակառակորդների հալածանքները ներկայացվում են որպես պայքար եկեղեցու պղծության եւ ԿԳԲ-ի գործակալների դեմ…»:
Կարդացեք նաև
Համագումարն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































