Այսօր Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում՝ Շիրակի մարզպետարանից ու մարզային ոստիկանության շենքերից ոչ հեռու բացվեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության գրասենյակը։ Քաղաքական նախաձեռնության վարչապետի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, դիմելով հավաքված քաղաքացիներին, համակիրներին, հորդորեց՝ գրասենյակի դռներով անցնելիս՝ մտնել, կարծիք հայտնել, առաջարկ անել․ դռները միշտ բաց են բոլորի առջև։
«Մենք միշտ կլսենք ձեզ, դա շատ կարևոր է, մեր պրոբլեմն այնտեղից է եկել, որ մենք իրար չենք լսում։ Երբ գնում ենք գյուղեր՝ մարդկանց հետ հանդիպումների, այնպիսի իմաստուն լուծումներ է առաջարկում մեր ժողովուրդը, որովհետև ով հողի հետ է, իր ամբողջ կյանքում աշխատել, մշակել է փոցխով, գիտի՝ իրականում ինչպես մշակել, մյուսը՝ գործարանում է աշխատում, գիտի՝ ինչպես մշակել փայտը։ Մենք պետք է իրար հետ լինենք, միշտ իրար լսենք։ Այս գրասենյակը ձեր համար է, ժողովուրդ ջան, դռները միշտ բաց են»,-ասաց Արման Թաթոյանը։
Կարդացեք նաև
Գյումրու գրասենյակը կղեկավարի իրավաբանական գիտությունների թեկնածու, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
Լիպարիտ Դրմեյանն իր ելույթում ասաց․ «Մեր գաղափարակից ընկերները, որոնք այսօր այստեղ ներկա են, բոլորս ունենք անցած ճանապարհ, ոչ որպես քաղաքական գործիչ, որպես պետական ծառայող, այլ որպես հայրենիքի զավակ, և անցել ենք այդ ճանապարհը պատվով, թասիբով։ Այսօր այստեղ կանգնած իմ ընկերները իրենց ամեն մի արարքի ու գործի համար կարող են պատասխան տալ պարզ ճակատով։ Ես էլ եմ պարզ ճակատով հիմա ձեր առջև կանգնած; Ճանապարհին, որ գալիս էի, մտածում էի, մեր ծրագիրն ինչպես ներկայացնեմ, մտքումս գծել էի, թե ինչ պիտի խոսեմ, բայց այսօր ճանապարհին փոխեցի միտքս ու որոշեցի շատ պարզ բաներից խոսել ձեր հետ։
Ցավով պիտի ասեմ, որ այսօրվա իրականությունը մեզ բերել, կանգնեցրել է մի ճամփաբաժանի, որ կամ՝ պիտի գոյություն ունենանք, կամ՝ ոչ։ Փողը ու փորը մի նժարի վրա է դրված ձեր թասիբի ու արժանապատվության հետ։ Ձեզ էսօր տալիս են փող, մի տրցակ փող, մի փոր հաց՝ վաղը էդ թասիբն ու արժանապատվությունը ձեզանից վերցնելու համար։ Հիմա դուք որոշեք, մենք պիտի որոշենք՝ էդ թասիբն ու արժանապատվությունը դնո՞ւմ ենք նույն նժարին, թե՞ ոչ։
Շատ են ասում՝ վեհ-վեհ, բարձր բաներից խոսելով՝ էսօրվա հասարակությանը գրավել չես կարող, միգուցե դա դառը իրականությունն է, բայց դա լավ օրից չէ, որ այդպես է։ 30 տարի մսխել ենք, դրանից մի քանի հարյուր տարի առաջ էլ մսխել ենք մեր թասիբը, արժանապատվությունը, ազնվությունը, ընկերասիրությունը, որոնք շատ պարզ բաներ են, և այսօր մեզ թվում է, թե նյութական բարեկեցություն, փորից, լավ ապրելուց լավ բան աշխարհում գոյություն չունի։
Երջանիկ կլինելու համար, ժողովուրդ ջան, սիրելիներս, պարզ արժեքներ են պետք․ հյուսիս կլինի, հարավ, արևելք, արևմուտք, Ամերիկա, Ավստրալիա, Ռուսաստան,, Արգենտիա, Ֆրանսիա, նշանակություն չունի, բոլոր այս երկրներում մարդիկ նյութապես լավ են ապրում, բարեկեցիկ են ապրում, երջանիկ են ապրում, որովհետև գիտակցել են այդ արժեքների կարևորությունը։
Իսկ արժեքները շատ պարզ են, աշխարհում ցանկացած մեծ բան շատ պարզ է, դժվարությունն այս պարզ բաները ընկալելու ու ամենօրյա կյանքում սեփական ռեժիմով կիրառելու մեջ է, հոգով չտկարանալու մեջ է։ Գյումրեցիները հայտնի են իրենց թասիբով, էդ թասիբը չկորցնելու մեջ է։ Մենք այս գաղափարների շուրջ ենք հավաքված, որ դրանք առաջ տանենք և համոզված ենք, որ ուժը միասնության մեջ է, իսկ եթե մենք միասին ենք, եթե ուզում ենք այդ երազանքի երկիրն ունենալ, եթե մենք միասին, ձեռք մեկնենք մեկմեկու, ոչ մեկը և ոչինչ մեզ չի կարող կանգնեցնել»։
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանն էլ ասաց․ «Երևանում և Հայաստանի մյուս հատվածներում բնակվողներիս համար Գյումրին միշտ ընկալվում է որպես խրոխտության և ուժի քաղաք։ Իմ հոգեհարազատությունն այս քաղաքի հետ ավելի շատացավ, երբ ես սիրահարվեցի այս քաղաքում ծնված մի աղջկա, որն իմ հարսնացուն է նաև։
Ընկերներ, իրականում մեզ փորձում են համոզել, որ մեզանից ոչինչ կախված չէ, մեզ փորձում են ասել, որ ոչինչ չենք կարող փոխել, բայց դա այդպես չէ։ Մեր պատմությունը ցույց է տվել, որ մենք կարող ենք, և մենք պետք է անենք, փոխենք և պայքարենք էն երկրի համար, որին իրականում արժանի ենք մենք։
Մենք արժանի չենք փորին և փողին տրված հասարակություն և ժողովուրդ լինելուն։ Հենց Գյումրին և այս տարածաշրջանը ունի այնպիսի պատմություն, որի համար պետք է հպարտանանք, այո, կան մութ էջեր, որի մասին պիտի մտածենք, բարձրաձայնենք և այդ սխալները թույլ չտանք»։
Նա ասաց, որ հասել են արդեն մեր Անկախությանն ու Անկախության հռչակագրին, ինչը մեր ազգային ինքնագիտակցության հիմքում ընկած ամենակարևոր փաստաթուղթն է, առանց որի՝ մենք կկորցնենք դժվարությամբ ձեռք բերված և մինչև օրս դժվարությամբ պահված պետությունը։
«Ես վստահ եմ՝ մենք գտնելու ենք այդ բոլոր ելքերն ու ճանապարհը», -ասաց բանախոսը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




























































