Գյումրիում այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության գրասենյակի հանդիսավոր բացման ժամանակ այս ուժի վարչապետի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը մասնակիցներին ներկայացրեց որոշ ծրագրային դրույթներ։ Նա առաջին հերթին կարևորեց սեփական տունը պաշտպանված պահելը։
«Մենք մեր երկրում պիտի լուծենք մի քանի հիմնարար հարց․ առաջինը մեր անվտանգությունն է, մենք պետք է ունենանք այնպիսի երկիր, որը կարողանում է պաշտպանել իր իրավունքները, որը կարողանում է ինքն իրեն պաշտպանել։
Սա չափազանց կարևոր է, եկեք մի քանի օրինակով քննարկենք, հիշեք մեզ երեխա ժամանակ․ եթե մեկը գար ու մեզ ասեր՝ հլը մի հատ դուրս արի ստեղից, տեղդ նստեմ, զիջիր, ինչքան զիջեինք, էնքան ավելի վատ էր լինելու։ Մենք ընկերներ չէինք ունենա, անընդհատ մեզ նվաստացած էին պահելու, մեզ օգտագործված էին պահելու։ Այ, հիմա մենք այն վիճակում ենք, որ պետք է պատասխան տանք, մենք պետք է մեր իրավունքների համար կանգնենք, սա շատ կարևոր է։
Կարդացեք նաև
Անվտանգությունն առաջնային է․ մարդը, որ տուն է առնում, առաջինն ի՞նչ է անում, ինքն ապահով դուռ է դնում, չէ՞, եթե մենք չունենանք ապահով դրած դուռ, մենք տան մեջ ո՛չ կկարողանանք կահույք դնել, ո՛չ կկարողանանք աթոռ առնել, ո՛չ նորմալ ապրել, նույնը մեր երկիրն է, մենք եթե չկարողանանք անվտանգություն, ապահովություն ունենալ, մենք չենք կարողանա նաև այդ ամենն անել։
Եկեք կոնկրետ օրինակ քննարկենք, հիշո՞ւմ եք Երասխում գործարան էին կառուցել էս վերջերս, ի՞նչ տեղի ունեցավ․ Ադրբեջանը մի երկու հատ կրակեց, էդ գործարանը փակվեց, տեղափոխվեց ուրիշ տեղ։
Տեսեք՝ անվտանգությունն ինչ կարևոր է, մենք պետք է մեր սահմանները անառիկ պահենք, մենք պետք է ապահով, անվտանգ լինենք և կարողանանք ինքներս մեզ պաշտպանելու կարողություն ունենալ։ Գիտեք՝ չկա Հայաստանում հարց, որը մենք մեր ուժերով չկարողանանք լուծել։ Սա շատ կարևոր է, մենք մեր աշխարհասփյուռ հայերով, մեր ուժեղ ազգով չկարողանանք լուծել։
Եվ մի հարց էլ եմ ուզում քննարկել, մենք պետք է մեր ժողովրդի հետ ազնիվ լինենք, մենք իրավունք չունենք ծածկել մեր խնդիրները, հետո դրանք մեծանան, էլ ավելի մեծանան ու էլ ավելի մեծ վնաս տան։ Էդ ոնց որ մարդը ինչ-որ մի խնդիր ունենա, անընդհատ փակ պահի, ինքնախաբեությամբ զբաղվի, դա մեծ պրոբլեմի է բերելու։
Մեր հզոր բանակից բացի, իմիջիայլոց մեր հզոր բանակը մեր անվտանգության հիմքն է, ողնաշարը, մեր անառիկ սահմանները պետք է ունենան ժամանակակից բոլոր ձևերով պաշտպանությունը, մենք պետք է կառուցենք թվային պաշտպանություն, մարդկային ռեսուրսի, հնարավոր մարդկային միջամտության ամենահնարավոր նվազեցումով, բայց պետք է ունենաք ամենուժեղ, մոբիլ, ժամանակակից պայմաններին համապատասխանող բանակ և զինվորականներ։ Մենք ունենք շատ հերոս տղերք, բայց մենք պետք է ունենանք ինքներս մեզ պաշտպանելու կարողություն, և մենք դա անելու ենք։
Գիտեք անվտանգությունը միայն բանակը չէ, սահմանները չեն, անվտանգությունը նաև կրթված քաղաքացին է, կրթված մարդն է, որ մենք ունենանք գիտակից քաղաքացիներ»,-ասաց Արման Թաթոյանը։
Ըստ նրա, այսօր Հայաստանի հանրակրթական դպրոցներում որակը ընկնում է և ավելանում է մասնավոր դպրոցների թիվը։
«Այսինքն՝ ստացվել է այսպես․ ով գումար ունի, փող ունի, կարողանում է, գնում է մասնավոր դպրոց, ինչ-որ շրջապատներում էլ ասում են մասնավոր դպրոց՝ ցույց տալով, որ դա արտոնություն է։ Այսինքն՝ ստացվում է, որ մեր հասարակությունում արտոնություն է գնալ մասնավոր դպրոց։ Պետք վերացնենք, պետք է հանրակրթական դպրոցում կրթության որակը համապատասխանի մասնավոր դպրոցի կրթության որակին։ Այո, կարող են լինել մասնավոր դպրոցներ, չի քննարկվում, բայց չի կարող հանրակրթական դպրոցում կրթության որակը ավելի ցածր լինել, չի կարող մարդն այնպիսի վիճակում գտնվել, որ գումար չունենա, երեխան չկարողանա նորմալ կրթություն ստանալ։
Մի բան էլ ասեմ՝ ավագ դպրոցի հետ կապված․ մեր երեխեքը ի՞նչ ավագ դպրոց են գնում, ավագ դպրոցը տեղ է, որտեղ սովորեցնում են չսովորել։ Մեր երեխեքը նորմալ զբաղմունք չունեն, ելնում են, ստիպված աշխատում են, ստիպված ուրիշ գործերով են զբաղվում, և էդ ծնողները ինչ են անում, ամեն անգամ ստիպված երեխեքին տալիս են ուրիշ տեղ պարապելու, որ կարողանա երեխան ընդունվի, դուրս չմնա։
Էդ էլ նամուս, թասիբի բան է, էդ ծնողը ելնում, գնում, վարկ է վերցնում, պարտք է վերցնում, աշխատանքի համար ամբողջ գումարը ուղղում է դրան։ Դպրոցից բուհ նախապատրաստությունը պետությունն այնպես պիտի կազմակերպի, որ ծնողը պարտադրված չլինի, չմտածի՝ եթե ես գումար չհայթայթեցի, իմ երեխան չի ընդունվի։ Այնպես չպիտի լինի, որ երեխան էլ մտածի՝ հենց ծնողս գումար չունեցավ, ես կրթություն չեմ ստանալու»,-ասաց Արման Թաթոյանը։
Նա խոսեց նաև ուսանողական ճկուն վարկեր ներդնելու մասին՝ նշելով, որ ինքը սովորել է ԱՄՆ-ում, ավարտել է այն համալսարանը, որտեղ ավարտել է ԱՄՆ-ի այսօրվա նախագահ Դոնալդ Թրամփը, Իլոն Մասկը։ Թաթոյանը նշեց, որ դա աշխարհի հզորագույն համալսարաններից է, այնտեղ սովորել է թե՛ բիզնես դպրոցում և թե՛ իրավունքի դպրոցում, դժվարին ճանապարհ է անցել, հիմա այնպես պիտի անել, որ ամեն մեկը Հայաստանում ունենան նույն հնարավորությունը։
«Եթե մենք ապահովություն չունեցանք, մենք ոչ թե մտածելու ենք մեր երեխեքին հնարավորություններ տալու մասին, այլ մեր երեխեքը ուր գնան, որ ապահով ապրեն, ապահով կրթություն ստանան, և կրթությունը չդառնա ուրիշ երկիր տեղափոխվելու առիթ, պատճառ»,- ասաց բանախոսը։
Նա ասաց, որ Հայաստանում պիտի այս ամենն անել, օրինակ` բերեց Գյումրին՝ ասելով, որ համալսարանական հզոր, ընտիր միջավայր կա այս քաղաքում։ Նա խոստացավ իր կապերով արտերկրից Գյումրի բերել ամենախոշոր ու բարձրակարգ համալսարանների մասնաճյուղերը՝ դասախոսներով։ Նա հայտարարեց՝ սա խոստանում է բաց ճակատով, նաև նշեց, որ իրենց թիմում շատ են աշխարհի հեղինակավոր բուհեր ավարտած մարդիկ։
«Ինչի պտի մենք գնանք, հլը մատդ դրեք աշխարհի ամենացանկացած համալսարանում, տեսեք մեր հզոր ազգից ինչքան մարդիկ կան, դաս են տալիս, ուսանող են, դուք պատկերացրեք Հայաստանի համար մեկնարկենք ծրագիր, էդ մարդիկ երջանիկ կլինեն գալ Հայաստան, մի քիչ մեզ օգնեն, իրարով լինենք։ Մենք այդպես պիտի լինենք, աշխարհին էնքան բան ենք տվել»,-ասաց Արման Թաթոյանը։
Արման Թաթոյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար պետական բուհերում սովորելը պետք է լինի անվճար։ «Գալիս էինք այստեղ ու մեր ընկերներից Սահրատ Պետրոսյանի հետ, նա բարձրակարգ մասնագետ է, ինչ էինք թվերի առումով քննարկում․ տեսեք, մենակ անցած տարի պաշտոնյաների պարգևավճարների չափը եղել է նույնը, ինչ բուհերի վրա ծախսվող գումարը։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է։ Եթե դու համակարգը փոխում ես, արդար համակարգ ես մտցնում պարգևավճարները հանում ես, բուհական համակարգը միանգամից զարկ է տրվում»,- ասաց Արման Թաթոյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ






















































