«Իրանն այսօր» – Ուրբաթ օրն ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Պարսից ծոցի հյուսիսում ընկած Խարգ կղզում, որը պատկանում է Իրանին։ Այս կղզին կարևոր նավթային ենթակառուցվածքներ ունի, և իրանական նավթի արտահանման 90%-ն այստեղով է իրականացվում։
ԱՄՆ-ից հայտարարել են, որ իրենք այնտեղ թիրախավորել են ոչ թե նավթային, այլ ռազմական ենթակառուցվածքները, մասնավորապես` հրթիռների և ծովային ականների պահեստներ։
Բայց ինքնին այս կղզուն հարվածը նաև ազդանշան է Իրանի համար, որ կարող է ընկալվել Հորմուզի նեղուցը սահմանափակելու պատասխանը, և հետագայում կարող են թիրախավորել նաև իրանական նավթային ենթակառուցվածքները։
Հորմուզի սահմանափակումը արդեն իսկ թանկացրել է նավթը ու ստիպել է ԱՄՆ-ին միջոցներ ձեռնարկել (օրինակ, թեթևացնել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները): Իսկ Իրանի նավթային ենթակառուցվածքին հարվածելը կարող է ավելի խորացնել նավթային ճգնաժամը, այդ թվում, բնականաբար, հենց Իրանի համար։


















































