Լրահոս
Օրվա լրահոսը

«Իդեալական» արտաքին ունենալու ցանկություն, թե՞ հոգեկան խանգարման նախանշան․ դիսմորֆոֆոբիա

Մարտ 16,2026 09:30 Share

20-րդ դարի գրականության առանցքային դեմքերից Ֆրանց Կաֆկան, որի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը «Կերպարանափոխությունն» է,  իր հուշերում գրել է․ «Ես ընդհանրապես նոր հագուստ չէի ուզում, որովհետև եթե, միևնույն է, պետք է տգեղ տեսք ունենայի, ապա ուզում էի գոնե հարմարավետ զգալ։ Ես թույլ էի տալիս, որ սարսափելի հագուստը ազդի նույնիսկ իմ կեցվածքի վրա, քայլում էի կորացած մեջքով, կախ ուսերով ու ձեռքերով։ Ես վախենում էի հայելիներից, որովհետև դրանք անխուսափելիորեն իմ տգեղություն էին ցույց տալիս»։ Ըստ մասնագետների՝ այս գրառումից կարելի է ենթադրել, որ գրողը գուցե տառապել է մարմնի դիսմորֆիկ խանգարումից․ այս խնդիրն ունեցող հայտնի մարդկանցից են նաև փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը,  նկարիչ, փոփ-արտի առաջամարտիկ Էնդի Ուորհոլը, անգլիացի դերասան, մոդել Ռոբերտ Փեթինսոնը, ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել Մեգան Ֆոքսը և այլք։

Թեև այս երևույթն ամենևին էլ նոր բան չէ, բայց կարծում ենք, որ այսօր սոցիալական ցանցերը, մեդիան, էսթետիկ բժշկությունն ու գեղեցկության ինդուստրիան՝ իրենց անընդհատ բարելավվող հնարավորություններով ու փոփոխվող միտումներով նպաստում են մարմնի դիսմորֆիկ խանգարում ունեցող մարդկանց շրջանում ախտանշանների սրմանն ու խորացմանը․ որքան կատարելագործվում են միջամտություններն ու լուսանկարչական, սոցցանցային ֆիլտրերը, այնքան շատերի մոտ ավելի է սրվում «իդեալական» արտաքինին իրենց անհամապատասխանության զգացումը։

Կոլաժը՝ Daily Mail-ի․ լուսանկարում շոու բիզնեսի հայտնի դեմքեր են, որոնց կերպարանափոխությունը վերջերս բուռն քննարկումներ է առաջացրել երկրպագուների շրջանում։

Այս խանգարումը շատ հաճախ չախտորոշված է մնում, և մարդն ու իր հարազատները երբևէ կարող են չիմանալ, որ այդ զգացողությունները հոգեկան խանգարման նշաններ են, որոնք գուցե և հոգեբանական, բժշկական մոտեցում են պահանջում։

Ի՞նչ է դիսմորֆոֆոբիան կամ մարմնի դիսմորֆիկ խանգարումը

Դիսմորֆոֆոբիան կամ մարմնի դիսմորֆիկ խանգարումը հոգեկան խանգարում է, որի դեպքում մարդը խստորեն անհանգստանում է իր արտաքին թերությունների պատճառով, որոնք, ընդ որում, հաճախ աննկատ են շրջապատի համար և ուռճացված տվյալ անձի կողմից։ Այս խանգարումը հանդիպում է ցանկացած տարիքի և սեռի մարդկանց շրջանում, բայց ավելի հաճախ՝ դեռահասների ու երիտասարդների մոտ։

Դիսմորֆոֆոբիային բնորոշ նախանշաններ են՝

  • Երբ մարդը լրջորեն անհանգստանում է իր մարմնի որևէ հատվածի (հատկապես դեմքի որևէ մասի) թերություններից,
  • իր արտաքինը մշտապես այլոց արտաքինի հետ է համեմատում,
  • շատ հաճախ է հայելուն նայում կամ առհասարակ խուսափում է ինքն իրեն տեսնելուց,
  • մեծ ջանքեր է գործադրում իր արտաքին թերությունները քողարկելու ուղղությամբ,
  • հաճախ է փոխում իր արտաքին տեսքը՝ արևայրուք ընդունելով, փոխելով սանրվածքը կամ ոճը,
  • հաճախ սելֆիներ է անում կամ օգտագործում է ֆիլտրեր՝ թաքցնելու համար այն, ինչն իրեն դուր չի գալիս,
  • վախ կամ անհանգստություն է զգում, երբ ուրիշները նայում են իրեն, դատում կամ ծաղրում են իր արտաքինի հետ կապված որևէ հատկանիշ,
  • հայելու մեջ իրեն տեսնելիս ունենում է խուճապի նոպաներ,
  • ամոթ կամ զզվանք է զգում իր մարմնի նկատմամբ,
  • վնասակար վարք ունի (օրինակ՝ մազերը քաշել կամ մաշկը պոկել),
  • խուսափում է սոցիալական իրավիճակներից, որպեսզի մարդիկ չնկատեն իր «թերությունը»,
  • կրկնակի կոսմետիկ կամ վիրաբուժական միջամտություններ է անում՝ արտաքին տեսքն «ուղղելու» համար,
  • ինքնավնասման կամ ինքնասպանության մտքեր է ունենում արտաքինի պատճառով։

Դիսմորֆոֆոբիան կարող է լրջորեն անդրադառնալ մարդու կյանքի որակի, առօրյայի վրա՝ բացասաբար ազդելով աշխատանքի, սոցիալական ոլորտի ու մարդկային հարաբերությունների վրա։ Այն կարող է հանգեցնել դեպրեսիայի, ինքնավնասման մտքերի։

Դիսմորֆոֆոբիայի բուժումը

Դիսմորֆոֆոբիան կարող է ախտորոշել հոգեկան առողջության մասնագետը (օրինակ՝ հոգեբան կամ հոգեբույժ)։

Դիսմորֆոֆոբիայի ախտանշանները թեթևանում են բուժման արդյունքում։

Եթե այս խանգարման դրսևորումները համեմատաբար թեթև են, ապա կարող է օգտակար լինել հոգեթերապիան՝ ընտանեկան թերապիան, կոգնիտիվ-վարքային թերապիան, որն օգնում է մարդուն հասկանալ իր մտքերը, զարգացնել առողջ մտածողություն և հաղթահարման ռազմավարություն մշակել։

Խանգարման միջին և արտահայտված դրսևորումների դեպքում կոգնիտիվ-վարքային թերապիան կարող է համակցվել է հակադեպրեսանտների հետ, հիմնականում Սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչների (ՍՀԸԻ)։ Այս դեղորայքն ազդում է դիսմորֆոֆոբիայի ախտանշանների վրա մոտ 12 շաբաթվա ընթացքում, սակայն կարող է այն մի քանի ամիս ընդունելու անհրաժեշտություն առաջանալ՝ ախտանշանները վերացնելու և դրանց կրկին հայտնվելը կասեցնելու համար։

Դեղորայքի ընդունումը դադարեցվում է աստիճանաբար՝ չափաբաժինը նվազեցնելու ճանապարհով՝ ախտանշանների կրկնումն ու դեղորայքի ընդունումը դադարեցնելու հետևանքով առաջացող կողմնակի ազդեցությունները (օրինակ՝ տագնապի զգացումը) կանխելու համար։ Նշենք, որ երեխաները, երիտասարդներն ու սուիցիդալ մտքեր ունեցած մարդիկ պետք է խիստ հսկողության տակ լինեն ՍՀԸԻ պրեպարատների ընդունման ընթացքում, քանի որ ինքնավնասման մտքերը նրանց մոտ կարող են սրվել այդ դեղորայքի ընդունման հատկապես նախնական փուլում։

Սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչներ պետք է ընդունել միմիայն բժշկի, մասնագետի նշանակմամբ։

Դիսմորֆոֆոբիայի ախտանշանների թեթևացմանը կարող են նպաստել նաև կանոնավոր ֆիզիկական, շնչառական վարժություններն ու լիարժեք քունը։

Ի՞նչ անել, եթե կասկածում եք, որ ձեր հարազատն ունի դիսմորֆոֆոբիա․

  • Լսեք նրան առանց քննադատության,
  • Մի նսեմացրեք նրա զգացումները,
  • Մի վիճեք նրա համոզմունքների շուրջ,
  • Խրախուսեք դիմել մասնագետի։

Մարմնի դիսմորֆիկ խանգարման պատճառները

Դիսմորֆոֆոբիայի պատճառներն անհայտ են, սակայն կարող են կապված լինել հետևյալ գործոնների հետ՝

  • Գենետիկ նախատրամադրվածություն․ դիսմորֆոֆոբիայի զարգացման հավանականությունը բարձր է, եթե մարդու հարազատը նույնպես ունեցել է այս խանգարումը կամ տառապել է դեպրեսիայով, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմամբ։
  • Անցյալի տրավմատիկ փորձը․ երբ, օրինակ, մանկության շրջանում մարդուն ծաղրել են իր արտաքինի համար, բռնության ենթարկել նրան։
  • Մշակութային ազդեցություններ և մեդիա․ գեղեցկության չափանիշները կարող են ազդել մարդկանց ընկալումների վրա։
  • Ուղեղի կառուցվածք և գործունեություն․ ուղեղի որոշ հատվածներ կարող են չափազանց ակտիվ լինել։

Որոշ մարդկանց մոտ դիսմորֆոֆոբիան ուղեկցվում է այլ խանգարումներով ևս, որոնք են, օրինակ, օբսեսիվ-կոմպուլսիվ (կպչուն-սևեռուն) խանգարումը, տագնապային, սննդային վարքագծի խանգարումները։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող հիմք հանդիսանալ ախտորոշման ու բուժման համար։

Նյութը պարունակում է տեղեկություններ այս աղբյուրներից՝ Cleveland clinic, BDD foundation, NHS

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031