2022 թվականի փետրվարի 28-ին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից չորս օր անց, Ուկրաինան ԵՄ անդամակցության դիմում ներկայացրեց։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիեւից հանդես եկավ «հատուկ ընթացակարգով» անհապաղ ընդունման կոչով (չնայած ԵՄ անդամակցության կանոններով նման ընթացակարգ գոյություն չունի)։ Մի քանի ժամվա ընթացքում ութ անդամ պետությունների նախագահներ եւս հանդես եկան արագացված գործընթացի կոչով։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը քաղաքական առումով հավանություն տվեց այն գաղափարին, որ Ուկրաինան «պատկանում է եվրոպական ընտանիքին»։
Ուկրաինայի դիմումը եզրափակեց այն հետագիծը, որը սկսվել էր առնվազն 2013 թվականին, երբ այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչը որոշեց չստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը՝ հանգեցնելով Եվրամայդանի ցույցերին։ Բողոքների բռնաճնշման եւ բախումների ժամանակ Կիեւում սպանվեցին տասնյակ ցուցարարներ. ուկրաինական հասարակության մի մասը բառացիորեն իր կյանքով վճարեց Եվրոպայի գաղափարի համար՝ որպես քաղաքական եւ բարոյական ճակատագիր, այլ ոչ թե լոկ սոցիալ-տնտեսական ուղղություն։
Խնդրահարույց հարաբերություններ
Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում համագործակցությունից զատ, եվրոպական ինտեգրումը Կիեւում վաղուց ներկայացվում է որպես արդիականացման եւ հետխորհրդային լճացումից դուրս գալու խոստում, ինչը հաճախ վկայակոչել են եվրոպամետ կուսակցություններն ընտրարշավների ժամանակ: Այդուհանդերձ եվրոպական մայրաքաղաքներից շատերի համար Ուկրաինայի՝ 2004 թվականի «Նարնջագույն հեղափոխությունից» հետո լիցք ստացած հավակնությունները պահանջում էին նրբանկատ կառավարում եւ ներկայացնում էին նուրբ աշխարհաքաղաքական եւ ինստիտուցիոնալ ռիսկ, հատկապես՝ 2000-ականների սկզբին, երբ մի շարք անդամ-պետությունների կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկվում էին որպես կարեւոր:
Կարդացեք նաև
2014 թվականն առաջին շրջադարձային կետն էր. ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագիրը ստորագրվեց երկու փուլով (2014 թվականի մարտին ու հունիսին) եւ լիովին ուժի մեջ մտավ միայն 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Նիդեռլանդներում անսպասելի հանրային դիմադրության պատճառով: Այն ներառում էր Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) համաձայնագիրը, որի շրջանակում Ուկրաինայի օրենսդրության եւ ստանդարտների մեծ մասը համապատասխանեցվեցին ԵՄ չափանիշներին: Նույն տասնամյակում երեւան եկավ եւս մեկ հստակ խորհրդանիշ, որին երկար ժամանակ սպասում էին միլիոնավոր ուկրաինացիներ. 2017 թվականի հունիսից սկսած՝ Ուկրաինայի կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները կարողացան կարճաժամկետ այցով (մինչեւ 90 օր ցանկացած 180-օրյա ժամանակահատվածում) առանց վիզայի ճանապարհորդել Շենգենյան տարածքում՝ բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանվում են ԵՄ սովորական բացառություններով։
Այնուամենայնիվ, մինչեւ 2022 թվականը անդամակցությունն ավելի շատ տեսլական էր, քան հստակ օրակարգ։ Հանձնաժողովն իր 2022 թվականի գնահատման մեջ անդամակցության ուղղությամբ առաջընթացը կապեց օրենքի գերակայության, կոռուպցիայի եւ օլիգարխիկ ազդեցության ոլորտներում կառուցվածքային բարեփոխումների հետ՝ միաժամանակ ճանաչելով առկա առաջընթացը, բայց նաեւ մատնանշելով համակարգային փխրունությունը։ Հետին պլանում զգացվում էր այսպես կոչված «ընդլայնումից հոգնածությունը», որը հաջորդել էր 2004 թվականի ընդլայնման «Մեծ պայթյունին» եւ ամրապնդվել 2008 թվականի տնտեսական ճգնաժամով ու դրան հետեւած խնայողության քաղաքականությամբ։ ԵՄ-ին անդամակցած վերջին երկիրը Խորվաթիան է՝ 2013 թվականին։ Միայն Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայի հեռանկարներն ավելի կոնկրետացան. ընդլայնումը, ի վերջո, առաջին հերթին քաղաքական որոշում է։
Ինչպես է տեղի ունենում ԵՄ անդամակցությունը. Կոպենհագենյան չափանիշները եւ ԵՄ օրենսդրությունը (acquis)
Անդամակցությունը հայեցողական քաղաքական «պարգեւ» չէ. դրա շրջանակը սահմանվում է համապատասխան պայմանագրերով: Մաաստրիխտի պայմանագրի (պաշտոնապես՝ Պայմանագիր Եվրոպական միության մասին) 49-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր եվրոպական պետության, որը հարգում է Միության արժեքները, կարող է ներկայացնել անդամակցության հայտ, որից հետո սկսվում է Հանձնաժողովի գնահատականներով եւ անդամ պետությունների միաձայն որոշումներով զուգակցված տեւական գործընթաց։ Հիմնական կողմնացույցը 1993 թվականին սահմանված Կոպենհագենյան չափանիշներն են.
- կայուն ժողովրդավարական հաստատություններ եւ օրենքի գերակայություն՝ ներառյալ մարդու իրավունքների եւ փոքրամասնությունների նկատմամբ հարգանքը,
- գործուն շուկայական տնտեսություն,
- անդամակցությամբ պայմանավորված պարտավորությունները ստանձնելու կարողություն:
Վերոշարադրյալը ենթադրում է ԵՄ օրենսդրության (եվրոպական ինտեգրման քաղաքական եւ իրավական ժառանգության) ընդունում եւ ներքին շուկայական մրցակցությանը դիմակայելու կարողություն:
Մոտարկումը տեխնիկապես վերաբերում է ԵՄ օրենսդրության 33 գլուխներին: Գործող մեթոդաբանության համաձայն՝ դրանք խմբավորված են վեց կլաստերների ներքո՝ «Հիմնարար սկզբունքներ», «Ներքին շուկա», «Մրցունակություն եւ ներառական աճ», «Կանաչ օրակարգ եւ կայուն միակցվածություն», «Բնական պաշարներ, գյուղատնտեսություն եւ համախմբվածություն» եւ «Արտաքին հարաբերություններ»՝ հիմնական քաղաքական կանոնով. «Հիմնարար սկզբունքների» շուրջ բանակցությունները սկսվում են առաջինը եւ փակվում վերջում, քանի որ դրանք են որոշում ամբողջ գործընթացի տեմպը եւ հավաստիությունը:
Երբ 2022 թվականի հունիսի 17-ին Եվրոպական հանձնաժողովը առաջարկեց Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ շնորհել, նաեւ թվարկեց յոթ անհապաղ առաջնահերթությունները՝ Սահմանադրական դատարանի բարեփոխում, դատական բարեփոխումների շարունակություն, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներ, այդ թվում՝ SAPO-ի եւ NABU-ի կառավարում, փողերի լվացման դեմ պայքարի կանոններ, «հակաօլիգարխիկ» օրենքի կիրառում՝ Վենետիկի հանձնաժողովի պահանջներին համապատասխան, տեսալսողական լրատվամիջոցների օրենսդրության համապատասխանեցում եւ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ օրենքների վերանայում: Իր «Ուկրաինա 2024» զեկույցում Հանձնաժողովն ուրվագծել է 2024 թվականի հունիսին բանակցությունների պաշտոնական մեկնարկին հանգեցրած իրադարձությունների հաջորդականությունը՝ նշելով, որ մնացած քայլերն ավարտվել են, եւ բարեփոխումները համարվում են բավարար, ինչը թույլ է տալիս ընդունել բանակցային շրջանակը:
Սակայն խնդիրն այն է, որ ԵՄ-ի օրենսդրությունը պահանջում է տարիներ շարունակվող սկրինինգներ, կլաստերների բացման եւ փակման աշխատանքներ եւ, ամենից առաջ, միաձայն որոշումներ յուրաքանչյուր փուլում՝ առաջընթացից մինչեւ վերջնական վավերացում: Ահա թե որտեղ են գործի դրվում ազգային վետոները: Վերջին ամիսներին ամենահամակարգված դիմադրությունը ցույց է տվել Վիկտոր Օրբանի ղեկավարած Հունգարիան, մինչդեռ Ռոբերտ Ֆիցոյի Սլովակիան՝ Կրեմլի դիրքորոշումներին մոտ մեկ այլ կառավարություն, իր աջակցությունը կապել է անդամակցության պայմանների «խիստ մեկնաբանության» հետ: Երկու երկրները, ինչպես նաեւ ԵՄ-ի մեծ մասում գործող ծայրահեղ աջ եւ պոպուլիստական կուսակցությունները, զգուշացնում են նաեւ ԵՄ բյուջեի վրա ենթադրաբար անկայուն ծախսերի առումով Ուկրաինայի ազդեցության մասին:
«Կիեւ-Մոգիլայի ակադեմիա» ազգային համալսարանի Ժան Մոնեի անվան ԵՄ իրավունքի ամբիոնի վարիչ Ռոման Պետրովի խոսքով՝ սա ստեղծել է պարադոքս. կլաստերները «պաշտոնապես» բաց չեն, սակայն տեխնիկական աշխատանքները ոչ պաշտոնապես շարունակվում են՝ այսպես կոչված Լվովյան ձեւաչափով, մինչդեռ Կիեւը սպասում է քաղաքական միաձայնության՝ այս քայլերը պաշտոնական բանակցային փուլերի վերածելու համար։
Այդ միաձայնությունը, սակայն, կարող է շուտ տեղի չունենալ՝ չնայած ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի եւ Ուկրաինայի փոխվարչապետ Տարաս Կաչկայի կողմից ներկայացված տասը կետից բաղկացած ծրագրին՝ բարեփոխումները արագացնելու եւ կլաստերները բացելու համար:
«Առայժմ մենք խնդիրներ ունենք մի քանի երկրների հետ, որոնք ունեն հստակ հակաուկրաինական դիրքորոշում. առաջին հերթին՝ Հունգարիան եւ Սլովակիան: Այս կառավարությունները, իհարկե, ապագայում կարող են փոխվել [Հունգարիայի ընտրությունները նախատեսված են այս տարվա ապրիլին, ընդ որում՝ Օրբանի կուսակցությունը հարցումներում գրեթե տասը տոկոսային կետով հետ է – խմբ.]։ Բայց աջակողմյան պոպուլիստական կառավարությունների հակաուկրաինական ալիքը նույնպես կարող է աճել, նույնիսկ՝ Արեւմտյան Եվրոպայում: Առավել ռիսկային երկրներն են Ֆրանսիան եւ Գերմանիան», – ասում է Պետրովը:
«Արագացված ընթացակարգով» անդամակցության բարդությունները
Վերջին ամիսներին բազմաթիվ վերլուծաբաններ եւ քաղաքական գործիչներ հանդես են եկել ավելի արագ եւ ավելի արդյունավետ ընդլայնման կոչով, ընդ որում՝ ոչ միայն Կիեւի, այլեւ առաջընթացի փուլում գտնվող այլ թեկնածուների՝ Մոնտենեգրոյի, Մոլդովայի եւ Ալբանիայի համար՝ երկրներ, որոնք շատ ավելի փոքր են եւ աշխարհաքաղաքական առումով պակաս նշանակալի, քան Ուկրաինան։ Այս հույսերը վերակենդանացրեց ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը, որը նոյեմբերին հայտարարեց, որ մինչեւ 2030 թվականը հնարավոր են նոր անդամակցություններ։
Ուկրաինայի համար նման սցենարները կրկին ի հայտ եկան Կիեւի եւ Մոսկվայի միջեւ Դոնալդ Թրամփի Միացյալ Նահանգների միջնորդությամբ դանդաղ բանակցությունների ընթացքում: Մասնավորապես, ոմանք առաջ քաշեցին արդեն 2027 թվականին Ուկրաինայի անդամակցության գաղափարը՝ որպես նախագահ Զելենսկու կողմից որոնվող անվտանգության երաշխիքների մաս՝ «թեթեւ անդամակցության» ձեւաչափով. Տեխնիկապես՝ ԵՄ-ի կազմում, բայց առանց լիարժեք իրավունքների, այդ թվում՝ վետոյի: ԵՄ հարցերով Politico-ի առաջատար լրագրող Զոյա Շեֆտալովիչը վերջերս հրապարակված հոդվածում ներկայացրել է հինգ քայլ՝ 2027 թվականին անդամակցությունը հնարավոր դարձնելու համար:
«Ես այս հեռանկարն իրատեսական չեմ համարում։ Նախեւառաջ, մենք պետք է սահմանենք պայմանները: Եթե խոսում ենք լիիրավ անդամակցության մասին, ինչպես միշտ է եղել, ապա այս ժամկետները իրատեսական չեն: Մինչեւ 2027 թվականը Ուկրաինան չի կարողանա դա անել. բանակցությունները նույնիսկ չեն սկսվել, քանի որ դրանք արգելափակված են Բուդապեշտի եւ Բրատիսլավայի կողմից: Եթե խոսքն այլ ձեւաչափերի մասին է, պետք է հիշենք, որ առանց քվեարկության իրավունքի «մասնակի անդամակցություն» գոյություն չունի: Կարծում եմ, սրանք պոպուլիստական օրակարգեր են՝ առանց որեւէ իրական հիմքի: Կամ մենք խոսում ենք լիիրավ անդամակցության մասին, կամ՝ ուրիշ ոչնչի, քանի որ այլ ձեւաչափեր պարզապես գոյություն չունեն: Պայմանագրային բարեփոխումներ անհրաժեշտ են՝ մասամբ այն պատճառով, որ ներկայիս համակարգը հնացած է եւ դեռեւս հիմնված է միաձայնության վրա, բայց նաեւ անիրատեսական է ակնկալել, որ դա տեղի կունենա շուտով»,- ասում է Պետրովը:
Նախագահ Զելենսկին դիվանագիտորեն հայտարարել է, որ Ուկրաինան առնվազն կփորձի տեխնիկապես պատրաստ լինել մինչեւ 2027 թվականը՝ չնայած Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն արդեն իսկ բացառել է ցանկացած թեկնածու պետության, այդ թվում՝ Ուկրաինայի ցանկացած տեսակի «թեթեւ» անդամակցությունը։ Իսկ Գերմանիայի դիրքորոշումը դեռեւս էապես ազդում է եվրոպական հավասարակշռության վրա։
«Մենք բախվում ենք աճող լարվածության՝ հավաստի, արժանիքների վրա հիմնված մոտեցում կիրառելու համար անհրաժեշտ ժամանակի եւ մեր թեկնածուների վրա արտաքին խաղացողների կողմից աճող ճնշման միջեւ, որը միտված է բարձրացնելու նրանց ԵՄ ուղով առաջ շարժվելու քաղաքական արժեքը»,- փետրվարի սկզբին Տալլինում ասել է Կոսը։ «Մեր ընդլայնման մոդելը պահանջում է ժամանակ, կայունություն եւ աստիճանական բարեփոխումներ։ Սակայն այսօրվա աշխարհաքաղաքական միջավայրն անկայուն է եւ հաճախ պարտադրող»,- հավելել է նա՝ զգուշացնելով, որ քննարկվող ցանկացած նոր մոդել պետք է սկսվի նույն ելակետից։ «Լիիրավ անդամակցությունը տեղ ունի միայն լիարժեք բարեփոխումներից հետո»,- Կոսն արդեն հանդես է եկել Միության կազմ նոր «տրոյական ձիեր» ընդունելու դեմ՝ հունգարական սցենարի կրկնությունից խուսափելու համար։
Ի՞նչ իրատեսական հույսեր կարող է ունենալ Կիեւը
Պետրովը թվարկում է անդամակցության մի շարք խոչընդոտներ՝ այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը շարունակվում է՝ անվտանգության, տնտեսական և իրավական։ «ԵՄ անդամ պետություններն իրենք էլ պատրաստ չեն ընդունել պատերազմի մեջ գտնվող երկիրը և, հետևաբար, պատասխանատու լինել նրա տարածքային ինքնիշխանության համար՝ համաձայն ԵՄ համերաշխության սկզբունքի։ Ֆինանսական և ռազմական օգնությունը մեկ բան է, զորքեր և զինվորներ ուղարկելը՝ մեկ այլ բան»։ Նա հավելում է, որ ոմանք հիշատակում են Կիպրոսի մոդելը, երբ Կիպրոսի Հանրապետությունը միացել է Եվրոպական միությանն իր ճանաչված սահմաններով, չնայած նրա տարածքի մի մասը մնացել է թուրքական օկուպացիայի տակ, սակայն հարկավոր է չմոռանալ, որ այդ կղզում մարտական գործողությունները տասնամյակներ շարունակ սառեցված էին։
Այնուամենայնիվ, այս հարցը մնում է քննարկման առարկա, այլ ոչ թե ԵՄ-ի հաստատված դիրքորոշում։ Չնայած լուրջ քաղաքական, իրավական եւ անվտանգային խոչընդոտների առկայությանը՝ պատերազմի ընթացքում անդամակցությունը Բրյուսելում ավելի ու ավելի հաճախ է ներկայացվում որպես աննախադեպ մարտահրավեր, այլ ոչ թե լոկ անհնարինություն։ Անցած տարվա ընթացքում Ուկրաինայի անդամակցության նախապատրաստական աշխատանքներն առաջ են շարժվել բազմաթիվ ուղղություններով։ Այսպես կոչված «Լվովի ձեւաչափը» թույլ է տվել մյուս 26 անդամ-պետություններին Հանձնաժողովի հետ միասին առաջ մղել գործընթացը. Ուկրաինան ստացել է մանրամասն չափորոշիչներ եւ տեխնիկական չափանիշներ, որոնք սովորաբար ներկայացվում են միայն պաշտոնական բանակցությունների ընթացքում։ Աշխատանքն այժմ ընթանում է մանրամասների մակարդակով եւ Հանձնաժողովն արդեն իսկ մշակում է միջանկյալ եւ եզրափակիչ չափորոշիչներ՝ դատական բարեփոխումներից մինչեւ պետական գնումներ։ Միեւնույն ժամանակ, լայնածավալ ներխուժման քառամյակի կապակցությամբ Կիեւ կատարած իր վերջին այցի ժամանակ Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը զգուշություն ցուցաբերեց՝ հրաժարվելով աջակցել Կիեւի՝ մինչեւ 2027 թվականը ԵՄ-ին միանալու ձգտմանը եւ ընդգծելով, որ անդամակցությունը չի կարող կապված լինել ֆիքսված ժամկետների հետ, նույնիսկ այն դեպքում, երբ Ուկրաինան շարունակում է պնդել հստակ ժամանակացույցի անհրաժեշտությունը։
Վերջերս Մյունխենի անվտանգության համաժողովում Կալլասը նույնպես հայտարարեց, որ ԵՄ կառավարությունները պատրաստ չեն Ուկրաինայի համար անդամակցության կոնկրետ ամսաթիվ նշել՝ չնայած Զելենսկու խնդրանքին։ «Դեռեւս շատ աշխատանք կա անելու»,- ասել է նա պանելային քննարկման ժամանակ։
Պետրովի խոսքով՝ ներկայում քննարկվող կլաստերներից ԵՄ չափանիշներին ամենահամապատասխանն արտաքին հարաբերություններն են, որոնք ընդգրկում են առեւտրային քաղաքականությունը, արտաքին, անվտանգության եւ պաշտպանության քաղաքականությունը։ Այստեղ մոտարկումը հիմնականում քաղաքական եւ դիվանագիտական մակարդակում է՝ հիմնված արտաքին գործերի նախարարության եւ Բրյուսելի միջեւ համակարգման վրա. «Մեր արտաքին քաղաքականությունը ԵՄ-ի արտաքին քաղաքականության հետ ներդաշնակեցնելը հիմնականում արտաքին գործերի նախարարության գործն է»։
Մյուս կլաստերների պարագայում պատկերն այլ է։ Ներքին շուկայի կլաստերում օրենսդրական բարեփոխումները տեխնիկապես իրագործելի են, սակայն կարող են հանդիպել «դիմադրության որոշակի տնտեսական ոլորտների, մասնավորապես՝ գյուղատնտեսության եւ սննդամթերքի արտադրության կողմից», որոնք ավանդաբար պաշտպանված են պետության կողմից։ Հիմնական խոչընդոտը մնում է «Հիմնարար սկզբունքներ» կլաստերը, որը ներառում է օրենքի գերակայությունը եւ կոռուպցիան, որտեղ անհրաժեշտ կլինեն շարունակական բարեփոխումներ եւ շոշափելի արդյունքներ. «Կոռուպցիան շարունակվում է, սկանդալները չեն դադարում, եւ այս ոլորտները միշտ կլինեն ԵՄ-ի ուշադրության ներքո»։ NABU եւ SAPO հակակոռուպցիոն մարմինների հետ կապված նախորդ ամառվա սկանդալը (երբ խորհրդարանը քվեարկել էր դրանք կառավարության վերահսկողության տակ մտցնելու օգտին, մինչ Զելենսկին զանգվածային բողոքի ցույցերից հետո փոխեց իր կուրսը), ցույց տվեց առաջընթացի առջև ծառացած շարունակական մարտահրավերները։
Պետրովը հավելում է, որ շատ բարեփոխումներ դժվար է իրականացնել պատերազմի ժամանակ, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կապի եւ կանաչ անցման ոլորտները, որոնք «պահանջում են ոչ միայն օրենքներ, այլեւ ներդրումային եւ վարչական կարողություններ»։
Նա նաեւ մատնանշում է հաճախ անտեսվող երկու քաղաքական գործոններ։ Առաջինը վերաբերում է ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը. Վաշինգտոնի եւ Բրյուսելի միջեւ ցանկացած ռազմավարական տարաձայնություն անխուսափելիորեն կազդի Կիեւի վրա, որը երկուսի հետ էլ դաշնակից է։ Այս համատեքստում ՆԱՏՕ-ի ապագան նույնպես անորոշ է։ Եթե դաշինքը թուլանա կամ վերափոխվի, ԵՄ անդամ շատ պետություններ կարող են առաջարկել ընդհանուր եվրոպական պաշտպանության մոդել եւ այդ սցենարում Ուկրաինան իր ռազմական փորձով եւ ռազմավարական կշռով կդառնա խիստ պահանջված գործընկեր։
Երկրորդ հաճախ թերագնահատվող գործոնը ԵՄ ներքին բարեփոխումների անհրաժեշտությունն է: Լիսաբոնի պայմանագրի վրա հիմնված ներկայիս ինստիտուցիոնալ ճարտարապետությունը համարվում է անհարմար լայնածավալ ընդլայնման համար: Ուկրաինայի, Մոլդովայի եւ Արեւմտյան Բալկանների երկրների միաժամանակյա անդամակցությունը կպահանջի խորքային փոփոխություններ՝ որոշակի ոլորտներում միաձայնության զսպումից մինչեւ ընդհանուր քաղաքականություն, մասնավորապես՝ պաշտպանության ամրապնդման ոլորտում: Սակայն ԵՄ անդամ պետությունների միջեւ նման բանակցությունները բարդ եւ քաղաքականապես ցավոտ կլինեն:
Ի վերջո, Պետրովը համաձայն է, որ «ընդլայնումը, առաջին հերթին, քաղաքական գործընթաց է»։ Առանց անդամ պետությունների միաձայնության նույնիսկ բարեփոխումների ուղղությամբ զգալի առաջընթացը կարող է բավարար չլինել. «սրանք են կանոնները»։ Յուրաքանչյուր ազգային խորհրդարան պետք է վավերացնի անդամակցությունը՝ բարձրացնելով բարդ հարցեր այն մասին, թե ով կլինի իշխանության գլուխ, երբ ընտրությունները կայանան։
Նույնիսկ Նիդեռլանդների նման խիստ ուկրաինամետ երկիրը 2016 թվականին ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ վիճահարույց հանրաքվե անցկացրեց, որն ավարտվեց եվրասկեպտիկների հաղթանակով, եւ այն դեռեւս պահպանում է զգուշավոր դիրքորոշում։ Ի՞նչ կարող է պատահել, եթե նման իրավիճակը կրկնվի, ինչպես Օրբանն առաջարկել է Հունգարիայում կամ այլ երկրներում։ Այս գործոնները քիչ են կախված Կիեւից եւ շատ բանով՝ Միության ներքին քաղաքականությունից։
Ուկրաինայի համար միակ ելքը բարեփոխումների դժվարին ուղին շարունակելն է՝ իրական ջանքերով եւ նվաճումներով՝ անտեսելով պատերազմի դժվարությունները, ինչպես նաեւ Բրյուսելի ու ԵՄ անդամ պետությունների մայրաքաղաքների վրա ավելի պարզ երկնքի հույս ունենալը։
Հեղինակ՝ Անդրեա Բրասչայկո
Սույն հոդվածը պատրաստվել է EUNEIGHBOURS EAST ծրագրի շրջանակում իրականացվող եվրոպական լրագրողական միջսահմանային համագործակցության շրջանակում։
Բնօրինակ հոդվածը հրապարակվել է իտալերեն OBCT-ի կողմից


















































