Արտակ Ադամյանը որոշել է այլևս չշարունակել աշխատանքը Կանանց Հայաստանի ազգային հավաքականում։
ՀՖՖ-ն շնորհակալություն է հայտնում Արտակ Ադամյանին՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կատարած պրոֆեսիոնալ և նվիրված աշխատանքի համար։
«Արտակ Ադամյանի գլխավորությամբ մեր ընտրանին մեկ քայլ առաջ կատարեց՝ պաշտոնական խաղերում գրանցելով իր առաջին հաղթանակը և ցույց տալով, որ կանանց ֆուտբոլը Հայաստանում զարգացման մեծ ներուժ և խոստումնալից հեռանկար ունի։
Նրա նպատակասլաց և հետևողական աշխատանքի շնորհիվ թիմը կայացավ, և ամուր հիմքեր ստեղծվեցին հետագա հաջողությունների համար։ Այս ամենը հաշվի առնելով՝ համոզված եմ, որ կանանց ազգային հավաքականը նոր հաջողություններ է ունենալու նաև Արտակ Ադամյանի ստեղծած հիմքի շնորհիվ։
Կարդացեք նաև
Վստահ եմ, որ նրա ներդրած ջանքերը դրական ազդեցություն կունենան Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման գործում։
Մաղթում եմ Արտակ Ադամյանին նոր հաջողություններ մարզչական կարիերայում», – հայտարարել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Հրաժեշտի խոսքով է ներկայացել նաև Արտակ Ադամյանը։
«Հարգելի՛ թիմակիցներ և ֆուտբոլասերներ,
Մեր համատեղ ճանապարհը Հայաստանի կանանց ազգային հավաքականում մոտեցավ ավարտին։ Այս ժամանակահատվածը լի էր մարտահրավերներով, հաղթանակներով և անփոխարինելի փորձով։ Սա հեշտ որոշում չէր, սակայն կարծում եմ՝ եկել է պահը։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ֆուտբոլիստներին՝ կամքի, համառության և ներդրած էներգիայի համար։ Դուք ապացուցեցիք, որ կանանց ֆուտբոլը Հայաստանում մեծ ներուժ ունի։ Շնորհակալ եմ մարզչական շտաբին և բոլոր աշխատակիցներին՝ նվիրված աշխատանքի և արդյունավետ գործակցության համար։ Շնորհակալ եմ նաև մեր երկրպագուներին, ովքեր անդադար աջակցել են մեզ թե՛ հաղթանակի, թե՛ պարտության պահին։
Իմ երախտագիտությունս եմ հայտնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ վստահության, տրամադրած հնարավորության և աջակցության համար։
Մեր ֆուտբոլիստներին մաղթում եմ նորանոր հաջողություններ։ Վստահ եմ, որ նրանք դեռ շատ առիթներ կտան հպարտանալու իրենց խաղով», – նշել է Ադամյանը։
Արտակ Ադամյանի գլխավորությամբ կանանց Հայաստանի ազգային հավաքականը տոնել է առաջին պաշտոնական հաղթանակը։ 2024 թ. ապրիլի 9-ին ԵՎՐՈ-2025-ի որակավորման փուլում մեր ընտրանին 3։2 հաշվով գերազանցեց Բուլղարիային։
Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ 2027-ի որակավորման փուլում ընդգրկված է C լիգայի C6 խմբում։ Մեկնարկային խաղում մեր ընտրանին 0:3 հաշվով զիջել է Ղազախստանին: Մեր թիմի հաջորդ հանդիպումը ապրիլի 14-ին է։ Տանը կընդունենք Բելառուսին:
ՀՖՖ


















































