Նախաքննական մարմնին հղում արեք, թող ցույց տա այն փաստերը, որով ապացուցվում են, որ տվյալ գույքը պատկանել է Սեյրան Օհանյանին, հիմա Ռուզաննա Խաչատրյանին,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որը անցնում է քրեական գործով:
Հիշեցնենք, որ Ռուզաննա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի և Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը, կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, որը դրսևորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով, ինչպես նաև, 2022 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա թվով 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը:
-Թող ցույց տան այն փաստը, որով քննիչը տվյալ գործն ուղարկել է դատարան: Եթե ձեզ կտան այդ փաստաթուղթը, ես էլ կիմանամ՝ ինչի մասին է խոսքը,- հավելեց Խաչատրյանը:
Հարցին՝ կհստակեցնե՞ք ինչ գույքերի մասին է խոսքը, Ռուզաննա Խաչատրյանը պատասխանեց՝ գնացեք գույքերի տերերից հարցրեք. «Ես չգիտեմ՝ ինչ են ուզում ինձնից: Ինձ ասում են Կարինե Մարգարյանի գույքը…Ես ընդհանրապես երբեւէ որեւէ գործարք չեմ արել»:
Կարդացեք նաև
Հարցին ճանաչո՞ւմ է, պատասխանեց՝ տեսա՝ ցույց տալով դատարանի շենքը:
Անդրադառնալով 50.000 դոլարանոց «Հերմես» պայուսակ կրելուն ուղղված քննադատություններին՝ նա պարզաբանեց, որ իր բոլոր պայուսակները, զգեստների մեծ մասը ձեռք է բերվել Երեւանից.
«Բոլորն ասում են՝ կոկորդիլոսի կաշվից է: Ինչքան գիտեմ՝ «ուրախ ավտոբուսում» կա կոկորդիլոսի մասնագետ: Կոկորդիլոսագետներով կարող են հավաքվել՝ Մաշտոցի պողոտայի սկզբից մինչեւ Մատենադարանի վերջը այդպիսի պայուսակներ գոյություն ունեն: Նման է «Հերմեսին», բայց վրան «Հերմես» էլ գրած չէ, ձեւով նման է, ֆինանսական, գեղարվեստական, անտիկ որեւէ նշանակություն չունի: Քանի որ փոքրիկ ավտոբուսի անձնակազմը Փարիզում չի եղել կամ նոր է սկսել գնալ, ես 1994 թվականից եմ գնացել, երբ Սեյրան Օհանյանին չեմ էլ ճանաչել»:
Նա վերլուծեց նաեւ Փարիզից իր վերջին լուսանկարներից մեկում երեւացող «լուքը»՝ հայտնելով, թե ինչ բրենդի ու ինչ արժողությամբ հագուստ էր կրում:
Հիմա շարունակո՞ւմ եք վարձով ապրել հարցին, պատասխանեց՝ ապրում է Սեյրան Օհանյանի հայրական տանը. «Սեյրան Օհանյանի հետ շատ վարձով տներ ենք ապրել միասին, բայց հավատացնում եմ միկրոավտոբուսի անձնակազմին, որ երջանկությունը թանկ պայուսակներն ու թանկ կոշիկները չեն: Ես եմ հարդարում իմ մազերը»:
Անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը՝ նա շեշտեց, որ քաղաքական գործ է ու բացատրեց, որ ընտրությունների նախաշեմին այդ կերպ ոչ թե փորձ է արվում Սեյրան Օհանյանին ցավեցնել, այլ իր հետաքրքիր կերպարով է պայմանավորված. «Սեյրանին, որ անեին՝ շատ ավելի երկար կտեւեր, որովհետեւ պատգամավոր է, շատ կարճ ճանապարհ ընտրեցին: Իմ կերպարը, քաղաքական մոտիվացիան անհարմար բաներ է ստեղծում: Ինձ որպես կերպար մեկուսացնելու ու հանցագործի պիտակ դնելու միտում ունի… Երեւի իրենց դուր է գալիս այս գործընթացը: Ես ընդունել եմ մարտահրավերը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարները իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ռուզաննա Խաչատրյանը՝ նշելով «Իմ սիրելի սրճարանում…Paris, Avenue Georges V»:



















































