«Շանթ դաշինքի» ղեկավար Շահեն Հարությունյանը հայտնում է.
«12 տարվա և մի ամբողջ ընտանիքի պատմության մասին պատմող ֆիլմի անոնսը։
Ձեզ եմ ներկայացնում իմ կյանքի 12 տարիների մասին պատմող վավերագրական ֆիլմի անոնսը։ Ֆիլմը նկարահանվել է հոլանդական BIND և իտալական EiE Film կինոընկերությունների կողմից և կոչվում է «Հաղթող սերունդ»։ Ֆիլմի ռեժիսորը իտալացի կինոռեժիսոր Marco De Stefanis-ն է։
Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա սույն թվականի մարտի 22-ին Նիդեռլանդներում, որին մասնակցելու եմ անձամբ։ Սա պատմություն է Հարությունյան ընտանիքի շուրջ 80-ամյա պայքարի մասին։ Ֆիլմում կտեսնեք իմ ճանապարհը՝ դպրոցական նստարանից մինչև պատմական գիտությունների թեկնածու, պայքարող ցուցարարից մինչև կուսակցության հիմնադիր և նախագահ, և մի մարդու, որը հետևողականորեն գնում է իր ծրագրերի, նպատակների և երազանքների իրականացման ճանապարհով, որոնք բացառապես կապված են Հայաստանի հետ։
Կարդացեք նաև
Ֆիլմը առաջիկայում ցուցադրվելու է նաև Հայաստանում։ Ֆիլմի մասին հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել նաև IMDb-ում և այլ հարթակներում։
Ստորև ներկայացնում եմ ֆիլմի պաշտոնական համառոտագիրը BIND ընկերության կողմից․
«Հաղթող սերունդը» վավերագրական ֆիլմ է, որը նկարահանվել է 12 տարվա ընթացքում՝ հետևելով Շահեն Հարությունյանի ճանապարհին՝ 14-ամյա ակտիվիստից մինչև ձևավորվող քաղաքական առաջնորդ։
Կրելով իր հոր և պապի ժառանգությունը Հայաստանի անկախության երկարատև պայքարում՝ նա նրանց դիմադրության ավանդույթը վերածում է նոր՝ ժողովրդավարական տեսլականի։ Այն ժամանակ, երբ Հայաստանը անցնում է քաղաքական անկայունության և Ռուսաստանի ուժեղ ազդեցության պայմաններով, Շահենը փորձում է գտնել իր սեփական ճանապարհը՝ վերաիմաստավորելով, թե ինչպիսին կարող է լինել նոր սերնդի ազատության պայքարը։
Դեռ շատ են հնարավորությունները լինելու խոսելու այս մասին և շնորհակալություն հայտնելու բոլորին, որոնք այս տարիների ընթացքում ինձ հետ անցան դժվար ճանապարհով և մնացին մինչև վերջ, և բոլոր նրանց, որոնք ստեղծեցին այս ֆիլմը»։


















































