Նախօրեին «ուրախավտոբուսային» քարոզչական հերթական այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ զորահանդեսանման մի բան, այնուամենայնիվ, նախատեսում է անցկացնել: Փաշինյանը դա մասնավորապես «փաթեթավորել» է այն կերպ, որ բազմապատկած արտաքին պարտքն իբր ծախսել է բացառապես սպառազինություն ձեռք բերելու վրա: Նա, ի մասնավորի, ասել է. «Մտածում ենք, որ առաջիկայում հրապարակային ցույց տանք, որ մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը: Մենք ժողովրդի առաջ հաշվետվություն ենք ներկայացնելու, դա երևի մայիսին տեղի կունենա, որ ցույց տանք՝ ինչ ենք արել, ինչ ենք ձեռք բերել: Ընդ որում, մենք ցուցադրելու ենք միայն մեր իշխանության օրոք և 2022 թվականից հետո ձեռք բերված սպառազինությունը»:
Դե, դա հասկանալի է: Նկատի ունենք այն, որ միայն «2022-ից հետո ձեռք բերածը» ցուցադրեն: Չէ՞ որ նախորդ տարիներին հայ ժողովրդի համահավաք ջանքերով ձեռք բերած սպառազինության ու ռազմամթերքի մի շատ մեծ մասը (տարբեր տվյալներով՝ 3-5 միլիարդ դոլարի) Փաշինյանի վարած «քաղաքականության» ու պատերազմի «ինքնատիպ» կառավարման հետևանքով թողնվեց թշնամուն՝ որպես ռազմավար: Հետո էլ, միևնույնն է, իրենց նպատակը «ապացուցելն» է, թե նախկինում բան չի եղել, իրենք են լիքը բան առել:
Այն, որ Փաշինյանն ընտրություններից առաջ անգամ տեսախցիկների առաջ ջերմեռանդորեն կրծվող եգիպտացորենի կողրի թելիկներն է փորձելու օգտագործել քարոզչության կամ փիառվելու համար, ակնհայտ էր: Բայց նույնիսկ դա չէ բուն հարցը, այլ այն, թե ինչպես է Փաշինյանը ավանսով համարյա ներողություն խնդրում այդ քարոզչական, ակնհայտորեն նախընտրական զորահանդեսի համար: Փաշինյանը հայտարարում է. «Մենք, սակայն, դա անում ենք խաղաղությունն ընդգծելով և խաղաղության համատեքստում. խաղաղություն է, մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում


















































