Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ Զաքարյան

Մարտ 17,2026 10:54 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Չնայած Վաշինգտոնի տեխնոլոգիական և տնտեսական գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության։ Այդկերպ շարունակվելու դեպքում շուտով կարող է փոխվել նաև հակամարտության դինամիկան և պատերազմի վարման պայմանները:

Ավանդաբար ԱՄՆ ռազմավարությունը հենված է եղել կարճ ժամանակում հիմնական արդյունքների հասնելու նպատակով պլանավորված արագ և լոկալ գործողությունների վրա։ Այդ մոդելը նվազագույնի է հասցնում քաղաքական և ֆինանսական ծախսերը, և խուսափում է ռազմական գործողություններում երկարատև ներգրավվումից։

Սակայն Իրանն ընտրել է հակառակ մարտավարությունը։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացված է հակառակորդի ռեսուրսների «մաշեցման» և լարվածության աշխարհագրության ընդլայնման վրա՝ ներառելով կարևոր էներգետիկ ճանապարհի (Հորմուզ) դեմ ուղղված սպառնալիքը։

Նավթի և գազի ծովային մատակարարումների շուրջ ստեղծված իրավիճակը հատկապես նշանակալից է համաշխարհային էներգետիկ քաղաքականության համատեքստում: Իրանը ցուցադրում է իր պատրաստակամությունը՝ նավագնացության հոսքերի նկատմամբ վերահսկողությունն օգտագործելու որպես միջազգային շուկաների վրա ճնշման գործիք: Միևնույն ժամանակ, Թեհրանը ազդանշան է տալիս՝ էներգիայի դիմաց յուանով վճարումներին անցնելու մասին, ինչն անուղղակիորեն ամրապնդում է Չինաստանի դիրքերը:

Պեկինի համար այս դինամիկան բացում է լրացուցիչ աշխարհաքաղաքական հնարավորություններ: Չինաստանը շահագրգռված է էներգետիկ ուղիների վրա ամերիկյան ազդեցության թուլացմամբ և հումքի վճարման այլընտրանքային համակարգի մշակմամբ: Պարսից ծոցում աճող անկայունությունը մեծացնում է նաև Եվրոպայի կախվածությունը լոգիստիկ ու ֆինանսական համակարգերից, որոնց զարգացման գործում Չինաստանը ձգտում է ունենալ կարևոր դեր:

Երևում է, որ Թեհրանի ռազմավարությունը հենված չէ միայն ռազմական գործիքակազմի վրա։ Հաշվարկվում են նաև արևմտյան երկրներում տնտեսական դժվարությունների աստիճանական աճի հավանականությունը։ Էներգակիրների գների բարձրացումը կարող է մեծացնել ճնշումը եվրոպական տնտեսություններում՝ արևմտյան քաղաքական համակարգերում ստեղծելով լարվածություն։ Միևնույն ժամանակ, Իրանը, կարծես թե Պարսից ծոցի արաբական երկրների դիրքորոշման փոփոխության հույսեր ունի։

Հակամարտության ներկայիս կոնֆիգուրացիան ցույց է տալիս, որ հակամարտությունը ռազմական տրամաբանությունից անցում է կատարում դեպի ավելի բարդ, աշխարհաքաղաքական գործընթացի: Իրանը ձգտում է դիմակայությունը վերածել երկարատև պայքարի, որի դեպքում էներգակիրները, ֆինանսական մեխանիզմները և տարածաշրջանային դաշինքները դառնում են հիմնական գործիքներ:
Ընդհանուր առմամբ, Թեհրանի կողմից նախանշվող երկարատև հակամարտության մոդելը կարող է աստիճանաբար խաթարել նաև ԱՄՆ գերիշխանությունը՝ միաժամանակ փորձելով ընդլայնելով Չինաստանի ազդեցությունը համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ:

Հ.Գ. Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսեբթի՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված կարող է հետաձգվել նախագահ Դոնալդ Թրամփի՝ մարտի 31-ին նախատեսված այցը Չինաստան: Կարելի է պնդել, որ Չինաստան-ԱՄՆ «առևտրային պատերազմը» շարունակվում է՝ այս փուլում հատկապես նաև Իրանի հաշվին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031