«2018-ի իրադարձություններից հետո ՀՀ-ում քաղհասարակությունը ջատագովում էր իրականացնել համընդհանուր վեթինգ, բայց չգնացին այդ ճանապարհով՝ այդ թվում դատախազական, քննչական մարմինների և ոստիկանությանը վեթինգի ենթարկումը։ Փոխարենը, մենք գնացինք այլ ուղով։ Համաժողովի ընթացքում մի շարք հարցերի թվում կուսումնասիրենք նաև վեթինգի իրականացման՝ Մոլդովայի փորձը»,- «Արդարադատության ուղիներ. Դատական բարեփոխումների տարածաշրջանային երկխոսություն․ Հայաստան, Վրաստան, Մոլդովա» խորագրով համաժողովի բացման խոսքում հայտարարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը։
Համաժողովն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ «Իրավական ռեսուրսային կենտրոն» (Մոլդովա) հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։
Կքննարկվեն Մոլդովայում, Վրաստանում և Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքն ու արդյունքները, ինչպես նաեւ ոլորտում առկա մարտահրավերներն ու բարեփոխումների հնարավոր ուղղությունները։
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի Ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը փաստեց․ «Մոլդովան ու Հայաստանը ԱԼԳ դատական իշխանության վերաբերյալ զեկույցներում առաջատարներն են՝ ամենաբարձր ցուցանիշներով։ Սա պատահականություն չէ․ երկուսն էլ ամենաշատ ժողովրդավարական ցուցանիշներով առաջնորդվող երկրներ են։ Իսկ դա տեղի է ունենում մի շարք նախապայմաններով, որոնցից մեկը հենց դատական իշխանության բարեփոխումն է։ Սա ամենացավոտ, նյարդայնացնող, միևնույն ժամանակ ամենամեծ հանրային աջակցություն պահանջող բարեփոխումն է»։
Կարդացեք նաև
«Դատական համակարգում բարեվարքության ապահովման փորձ Մոլդովայում, Վրաստանում եւ Հայաստանում. քաղված դասեր» պանելային քննարկման ժամանակ Մոլդովայի իրավական ռեսուրսների կենտրոնի գործադիր տնօրեն Իլիե Քիրտոական խոսելով վեթինգի իրականացման հարցում մոլդովական փորձի մասին և բարեփոխման ամենամեծ խոչընդոտների մասին՝ ասաց․ «Դատաիրավական բարեփոխումները Մոլդովայում անվերջ են, դրանք մարդիկ ընկալում են որպես բարեփոխումների ամենակարևոր ուղղություն։ Ըստ վերջին հարցախույզի՝ մոլդովացիներն ընկալում են կոռուպցիայի դեմ պայքարն առաջին հինգ գերակայությունների շարքում։ Բայց հասարակ մարդիկ հիմա են ցանկանում փոփոխություն, մինչդեռ, որ այդ փոփոխությունը կայուն լինի, Մոլդովան պետք է հարի Վենետիկի հանձնաժողովի չափանիշներին։ Դրա համար էլ գործընթացը դանդաղ է ընթանում և արդյունքներն ավելի ուշ են երևում»։
Ըստ Իլիե Քիրտոակայի՝ առայժմ Մոլդովայում դատաիրավական փոփոխություններն ավելի շատ վատ արդյունքների են հանգեցրել, քան լավ, բայց հեռանկարը դեռ կերևա․ «Մոտ երեք տարի է, ինչ Մոլդովայում վեթինգ է տեղի ունենում։ Մոլդովայում դատաիրավական բարեփոխումները եղել են մի քանի փուլերով, եղել է նաև մի փուլ, երբ ԵՄ աջակցությունը սառեցվել է, քանի որ իշխանությունները բավարար վճռականություն չէին ցուցաբերում։
Մոլդովայի կառավարությունը 2022-ից եվրոպամետ է, այն հաստատեց բարեփոխումների հավակնոտ ռազմավարություն։ Այդ փուլի կարևորությունն այն է, որ եղան պահեր, ինչը մեզ հանգեցրեց վեթինգի իրականացման։ Ռուսական փողերի լվացման մեքենան ավելի քան 20 միլիարդ դոլար լվաց Մոլդովայի դատարանների միջոցով, հետո բանկային զեղծարարության մոդելը՝ 2014-ին։ Այդ բոլոր գործընթացները ցույց տվեցին, որ համակարգային բարեվարքության խնդիրներ կան։ Մոլդովայում վեթինգն ավելի շատ կապված է հակակոռուպցիոն բարեփոխումների հետ։ Վեթինգի գործընթացը նաև ԵՄ անդամակցության հետ է շաղկապվում։ Մոլդովայի՝ ԵՄ-ի կողմից ստացված առաջարկություններից մեկը վեթինգը շարունակելն է»։
Իլիե Քիրտոական նշեց, որ Մոլդովայում վեթինգն իրականացվում է նախավեթինգի և լիաթոք վեթինգի փուլերով։ Նախավեթինգի գործընթացը մեծապես վերաբերում է ԲԴԽ պաշտոնյաների, դատախազական գերագույն հանձնաժողովի թեկնածուներին, այսինքն՝ սկսում ենք վերևից, հետո թույլ տվեցինք, որ ինքնակարգավորող մարմինը զբաղվի։
Նշենք, որ Մոլդովայում հրապարակվում են նաև վեթինգի ենթարկվող դատավորի հարցազրույցները և տեղադրվում համացանցում։ Իլիե Քիրտոական նշեց․ «Թեկնածուի գույքը, ունեցվածքը կարող է քննարկվել և տեղադրվել համացանցում։ Եթե գնահատում անցած դատավորներին հարցնեք, նրանք ասում էին, որ այդ լսումներն օգտակար էին իրենց համար։ Վեթինգը բացահայտեց մի շարք երևույթներ, օրինակ՝ դատավորները շքեղ մեքենաներ էին վարում, որոնք իրենց ընտանիքի անդամների անունով էին, եկամտի և կենսամակարդակի անհամապատասխանություն բացահայտվեց, չհիմնավորված հարստություն, դատավորներն ու դատախազները խաղամոլությամբ էին զբաղված, բացահայտվեցին դատավորներ ու դատախազներ, որոնք միասին գնացել էին հանգստի, կամ մասնավոր ընկերություններից զեղչէր էին ստացել օրինակ՝ Թուրքիայի առողջարաններ մեկնելու համար»։
Փորձագետը նշեց՝ ըստ Մոլդովայում ներդրված վեթինգի մեխանիզմի, որն օգտագործում է Ալբանիայի փորձը, վեթինգի ենթարկվող անձը 20 օր ունի որոշելու՝ անցնի՞ վեթինգ, թե՞ պաշտոնաթող լինի։ Ըստ վիճակագրության՝ նրանց 34 տոկոսը դուրս եկավ համակարգից․ «Այսինքն՝ հրաժարվել է պաշտոնից մինչև վեթինգը։ Այստեղ թե վախի, թե համակարգին չվստահելու համադրությունն է, քանի որ եթե վեթինգը ձախողել ես, դատավորի՝ հատուկ նպաստը չես ստանա։ Եթե դատավորը 65 տարեկան է, երկու տարի է մնում նրա աշխատանքին, ապա նրան ձեռնտու է թողնել պաշտոնը, այլ ոչ թե անցնել վեթինգ»։
Փորձագետը նաև նշեց, որ վեթինգը մի շարք մարտահրավերներ է բացահայտել՝ օրինակ՝ մարդկային ռեսուրսների ճգնաժամը։ Իլիե Քիրտոական ասաց․ «Այժմ 140 թափուր տեղ ունենք դատական համակարգում, Մոլդովայում 400 տեղ կա դատավորի, այսինքն՝ մեկ երրորդը թափուր է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































