Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ եք ուզում, ես իմ օրվա ռեժիմը նկարագրե՞մ»․ Ժաննա Անդրեասյանին վրդովվեցրեց հարցը՝ ի՞նքն է վարչապետի հրահանգը՝ աշխատանքից ազատման դիմում գրելու մասին, փոխանցել Էդիտա Գզոյանին

Մարտ 17,2026 12:36 Share

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցների հետ խոսել է մեկ անգամ՝ երեկ․ այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, որ ինքն ինստիտուտի աշխատակիցներին հայտնել է, որ Էդիտա Գզոյանը թանգարան–ինստիտուտի տնօրենի պաշտոնից ազատվել է Ցեղասպանության հուշահամալիրի շինարարության հետ կապված պատճառներով։ Բայց ինչպես պարզվեց ավելի ուշ, պատճառը ԱՄՆ փոխնախագահին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելն է եղել։ Ժաննա Անդրեասյանը շատ չմանրամասնեց իր եւ թանգարան-ինստիտուտի աշխատակիցների հանդիպումը, միայն ասաց՝ շատ հանգամանալից քննարկել են բոլոր հարցերը, նրանց փոխանցել է այն տեղեկատվությունը, որին տիրապետում է, անդրադարձել է իրենց հնչեցրած հարցերին։

Ճշտող հարցին՝ չի՞ ասել, որ շինարարական խնդիրների պատճառով է Էդիտա Գզոյանը հեռացվում պաշտոնից, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց. «Ես նման բան չեմ ասել, ես հենց սկզբից էլ ավելի շատ հարցը բարձրացրել եմ կառավարման մասով։ Աշխատակազմը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել, դա եղել էր նախորդ շաբաթվա վերջին՝ հինգշաբթի կամ ուրբաթ։ Երկուշաբթի կայացավ հանդիպումը, շուրջ 30 հոգի եկել էր նախարարություն, մենք մանրամասն խոսել ենք բոլոր հարցերից։ Իրենք տարբեր հարցեր ունեին, հիմնականում կապված իրենց գիտական, հետազոտական գործունեության հետ, ես շատ հստակ իրենց ասել եմ, որ իրենք պետք է վերադառնան իրենց բնականոն աշխատանքին, իրականացնեն այն գործունեությունը, որն իրականացնում են»։

Մյուս ճշտող հարցը՝ արդյոք թանգարան-ինստիտուտի աշխատակիցներին ինքը տեղեկացրել է, որ Արցախին վերաբերվող բաժինը պետք է փակվի, հստակ պատասխան չստացավ։ Նախարարը կրկնեց՝ քննարկել են աշխատակիցներին հուզող հարցերը։

Ժաննա Անդրեասյանը պնդում է՝ Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ֆինանսավորումն ամեն տարի ավելացել է պետության կողմից, երբեք պետությունն այսչափ աջակցություն չի տրամադրել թանգարան-ինստիտուտին․ «Ես տիկին Գզոյանին շատ գնահատում եմ որպես գիտնական, գնահատում եմ նրա գործունեությունը եւ գտնում եմ, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորությունները ունի, այդ թվում Ցեղասպանության թանգարան -ինստիտուտում։ Այդ իմաստով կարծում եմ, որ մեր համագործակցությունը ամենեւին սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, որը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ, կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն։ Ինձ համար հարցը սպառված է, որովհետև եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ եւ այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը»։

Լրագրողների տարբեր հարցերին ի պատասխան նա հայտարարեց՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին վերականգնելու հարց չկա։

«Ի՞նչ եք ուզում, ես իմ օրվա ռեժիմը նկարագրե՞մ։ Նախարարի աշխատանքը ենթադրում է կոնկրետ բաներ, ինչով որ ես զբաղվում եմ»,- սա էլ նախարարի պատասխանն է հարցին՝ արդյոք ի՞նքն է վարչապետի հրահանգը՝ աշխատանքից ազատման դիմում գրելու մասին փոխանցել Էդիտա Գզոյանին։

ԱԺ ճեպազրույցներն ամբողջությամբ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031