Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6,5 տոկոսի մակարդակում։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ քննարկված ռիսկերի եւ առկա անորոշությունների պայմաններում մի կողմից խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձեւավորման եւ հարկաբյուջետային քաղաքականության կողմից ընդլայնման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։ Մյուս կողմից խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի եւ ՀՀ տնտեսության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի:
Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը՝ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։
Կարդացեք նաև
«Փորձել ենք գնահատել, թե Մերձավոր Արեւելքում հակամարտության սրման հետեւանքով ինչ հնարավոր ազդեցություն կարող է լինել Հայաստանում գնաճի վրա։ Մեր գնահատականներով՝ դա կկազմի 1,2-1,7 տոկոս։ Ինչ վերաբերում է վերջին իրադարձությունների ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա, ապա այդտեղ մի քանի ուղի կա, որոնք մենք մեր այսօրվա հանդիպման ընթացքում քննարկել ենք։ Ուղիներից առաջինը եւ կարեւորներից մեկը կոնֆլիկտի ազդեցությունն է համաշխարհային տնտեսության վրա։ Մեր գնահատմամբ՝ Միջին Արեւելքում այսօր առկա հակամարտությունը մի կողմից ավելացնում է տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից՝ իր մեջ ունի որոշակի ներուժ գնաճի տեսանկյունից, ինչը բավականին անցանկալի երեւույթ է լինելու մեզ համար։ Եթե համաշխարհային տնտեսությունում նկատվելու է տնտեսական ակտիվության անկում, դա անդառնալիորեն ազդելու է Հայաստանի ներսում տնտեսական աճի եւ տնտեսական զարգացումների վրա։ Ուստի, մեր քննարկումների ընթացքում մենք այդ կոմպոնենտին բավականին մեծ կշիռ ենք տվել»,- ասաց նա։
Մարտին Գալստյանի խոսքով՝ մյուս խնդիրն այն է, որ այս իրավիճակը ոչ միայն տնտեսական խնդիրներ կարող է առաջացնել, կարող են լինել նաեւ հոգեբանական խնդիրներ։ Օրինակ՝ մարդիկ, որոնք այս տարի պետք է այցելեին Հայաստան, տեսնելով, որ Հայաստանի շուրջ զարգացումները գնում են վատ սցենարներով, կարող են զերծ մնալ այս տարի Հայաստան այցելելուց։
«Մյուս խնդիրը, որը կարող ենք ունենալ պոտենցիալ ռիսկերի տեսանկյունից՝ հայկական ընկերությունների կողմից Միջին Արեւելքի շուկաներում ապրանքների իրացման հնարավորության սահմանափակումն է։ Եվ այդ լոգիստիկ խնդիրների հետեւանքով նաեւ արտահանման որոշակի սահմանափակումներ կարող են լինել։ Երրորդը՝ նավթի գների հետ կապված զարգացումներն են։ Նավթի գներն ունեն ուղղակի ազդեցություն գնաճի վրա, բայց նաեւ կան երկրորդական էֆեկտներ, որովհետեւ նավթը կամ էներգակիրները որոշակի համամասնությամբ մտնում են նաեւ ընդհանուր ապրանքների ինքնարժեքի հաշվարկի մեջ, որը կարող է թանկացնել մեր ապրանքներն արդեն առաջարկի տեսանկյունից։ Այս բոլոր բաղադրիչները համադրելով՝ մենք կարծում ենք, որ կան որոշակի ռիսկեր, որ մեզ կարող են տանել ավելի ցածր գնաճային ուղղությամբ, որը պայմանավորված կլինի հենց ցածր պահանջարկով։ Եվ կան նաեւ գնաճային ռիսկեր, որոնք կարող են ապահովել գնաճի ավելի բարձր մակարդակ»,- նշեց ԿԲ նախագահը։
Նա ասաց, որ դեռեւս դիտարկում չունեն, թե Իրանում պատերազմի հետեւանքով Հայաստանում գները որքան են աճել, մարտի գնաճի ցուցանիշների ամփոփման ժամանակ պատկերը պարզ կլինի։
Անդրադառնալով իրանցիների հոսքի հնարավոր ազդեցությանը՝ ասաց․ «Մենք հլա որ թվերի մեջ չենք տեսնում ծավալների այն մակարդակը, որը մեզ կարող է բերել այն մտահոգիչ իրավիճակի, որ արտաքին պահանջարկն այնքան բարձր է լինելու, որ գնաճը հավելյալ գնալու է վերեւ։ Իհարկե, մենք այդ սցենարը քննարկում ենք։ Համարյա 3 շաբաթ է՝ կոնֆլիկտն արդեն տեւում է, մենք դեռեւս չենք տեսնում այն հոսքը, որը մեզ կբերի այն մտքին, որ արտաքին պահանջարկով պայմանավորված էական գնաճային ճնշումներ ենք ունենալու»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































