Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում Նարինե Ավագյանի (լուսանկարում) նախագահությամբ Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի գույքի բռնագանձման պահանջի մասին դատական նիստում երրորդ անձ ներգրավված «Կեչառիս» ՍՊԸ բաժնեմասի տեր Տիգրան Ղալումյանի պաշտպան Սարգիս Իսոյանը երկու միջնորդություն ներկայացրեց։
Առաջինը վերաբերում էր գործի քննությունը վերսկսելուն։ Այսինքն, սկզբից իրականացնելուն։ Երկրորդը՝ դատաքննությունը վերսկսելուն։ Այսինքն, դատաքննության փուլը վերսկսելուն։
Ինչպես Aravot.am-ին ավելի ուշ մեկնաբանեց Սարգիս Իսոյանը, դրանք իրարից տարբերվում են ծավալային առումով։ «Գործի քննությունը սկզբից սկսելը ենթադրում է, որ նախապատրաստական փուլից դատարանը պետք է գործողությունները սկզբից իրականացնի, այդ թվում՝ հարցադրումների ուղղման փուլը, նախնական դատական նիստում ընդգրկված բոլոր գործողությունները եւ այլն։
Կարդացեք նաև
Իսկ երկրորդ միջնորդությունը ծավալային առումով տարբեր է։ Մենք հիմա արդեն գտնվում ենք գործով դատաքննության փուլում, որի շրջանակներում մի քանի դատական նիստ է իրականացվել առանց մեզ, քանի որ մենք մեզնից անկախ պատճառներով ներգրավված չենք եղել այդ փուլում, հետո ենք ներգրավվել։ Երկրորդ միջնորդությունս էր, որ միայն դատաքննության փուլը վերսկսվի, որպեսզի ապացույցների հետազոտման փուլին մասնակից լինենք եւ հնարավորություն ունենանք դիրքորոշումներ ներկայացնելու։
Դատարանը երկու միջնորդություններն էլ մերժեց, բայց երկրորդ միջնորդության մասով ասաց, որ մերժում է միջնորդությունը, սակայն այն հնարավորությունը, որ եթե ցանկանում եք դիրքորոշում ներկայացնել այս կամ այն ապացույցի շրջանակներում, որին չենք մասնակցել, կարող ենք ներկայացնել եւ դա դատարանը կընդունի»։
Հայտարարվեց կարճ ընդմիջում։ Ընդմիջումից հետո Տիգրան Ղալումյանի պաշտպանը եւս երկու միջնորդություն ներկայացրեց։ «Առաջինը՝ գրավոր ապացույցներ թույլատրելու՝ փաթեթով ներկայացրինք գրավոր ապացույցները, որի մասով դատախազությունը դիրքորոշում կներկայացնի եւ հետո քննարկման առարկա կդարձնի, եւ երկրորդը՝ հայցային վաղեմության ժամկետներ կիրառելու հիմքով հայցը ամբողջությամբ մերժելու միջնորդություն ներկայացրինք։ Դատախազությունը կծանոթանա եւ այդ հարցը նույնպես հաջորդ դատական նիստին քննարկման առարկա կդարձվի»,-մեզ հետ զրույցում ասաց պաշտպանը։
Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 6-ին, ժամը 16։00-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































