News.am-ը խոսել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ:
-Տիկին Սահակյան, Ռուբեն Վարդանյանի ընտանիքը երեկ հրապարակեց Վարդանյանի ձայնային հաղորդագրությունը, որտեղ նրան ընդհատում են և անգամ թույլ չեն տալիս ավարտել խոսքն ու ընտանիքի միջոցով հրապարակային դարձնել Ադրբեջանի օմբուդսմենին ուղղված դիմումը: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:
-Ռուբեն Վարդանյանի ընտանիքի երեկվա հայտարարությունը և Վարդանյանի ձայնային ուղերձը, որի ժամանակ նրան ընդհատում են, խորապես մտահոգիչ է, և մենք միջազգային մեր բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրելու ենք այս հայտարարության վրա:
Վարդանյանի հաղորդագրությունը մեկ անգամ ևս հստակ ցույց է տալիս, որ հայ գերիները լիակատար մեկուսացման մեջ են, զրկված իրենց իրավունքների պաշտպանության որևէ հասանելի և արդյունավետ մեխանիզմից, և նրանց հետ ինչ ասես կարող է տեղի ունենալ: Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ռուբեն Վարդանյանը փորձել է հնարավոր բոլոր միջոցներով կապ հաստատել Ադրբեջանի օմբուդսմենի հետ, բայց բոլոր փորձերը ձախողելուց հետո, որոշել է այդ նպատակով ընտանիքի հետ կարճ հեռախոսազանգն օգտագործել:
Կարդացեք նաև
-Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարության մյուս մտահոգիչ մասն այն է, որ «դատավճիռների» հրապարակումից մեկ ամիս անց Բաքվում պահվող հայ գերիները դեռևս չեն ստացել «դատավճիռների» տեքստերը ոչ մի լեզվով: Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ դրանք չեն տրամադրվում:
-Այդ դատավճիռների չտրամադրումը արհեստականորեն խոչընդոտում է դրանք բողոքարկելու իրավունքի իրացմանը: Մենք դա ներկայացնելու ենք որպես իրավունքների խախտում, որի նպատակը խոչընդոտելն է բողոքարկելու, այդ թվում՝ միջազգային ատյաններին դիմելու իրավունքի իրացմանը, ինչն էլ հանգեցնում է մարդու իրավունքների նոր կոպտագույն խախտման: Բողոքները չեն կարող ներկայացվել առանց հիմնական դատական ակտի, և դրա չտրամադրումը սահմանափակում է արդյունավետ բողոքի իրավունքը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































