Մարտի 17-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է մոնիթորինգային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խմբի անդամներին։
📢 Պաշտպանը ողջունել է աշխատանքային խմբի այցը՝ ընդգծելով, որ կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությունը իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է։
ℹ️ Քննարկման առանցքում եղել են կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական խնդիրները, այդ թվում՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, ընտանեկան բռնությունը, կին իրավապաշտպանների թիրախավորումը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների համայնքներում, այդ թվում` եզդիական համայնքում վաղ ամուսնությունների հետ կապված խնդիրները։
✅ Պաշտպանը հատուկ անդրադարձել է նաև հաշմանդամություն ունեցող կանանց, ազգային փոքրամասնությունների կին ներկայացուցիչների և ազատությունից զրկված կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներին։ Այս համատեքստում Պաշտպանը հատուկ շեշտել է պետության կողմից ոլորտի բարեփոխմանն ուղղված գործուն ու շարունակական միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Պաշտպանը նաև նշել է, որ ակտիվորեն ընդլայնվում է համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և շահառու խմբերի հետ։
✅ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ վերջին տարիներին արձանագրված դրական զարգացումներին զուգահեռ՝ ոլորտում պահպանվում են համակարգային խնդիրներ, որոնք մշտապես արձանագրվում են Պաշտպանի զեկույցներում և բարձրաձայնվում ինչպես պետական մարմինների, այնպես էլ միջազգային գործընկերների հետ հաղորդակցության շրջանակում։
✅ Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության իրականացրած քայլերը՝ ուղղված կանանց իրավունքների պաշտպանությանն ու գենդերային բռնության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը։ Պաշտպանն ընդգծել է, որ իրականացվել են լայնածավալ իրազեկման արշավներ, ինչպես նաև հրապարակվել են տարեկան և արտահերթ զեկույցներ՝ ոլորտի խնդիրների բացահայտման և լուծումներ առաջարկելու նպատակով։
✅ Այս համատեքստում կարևորվել է նաև ՄԻՊ-ին առընթեր Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը՝ որպես փորձագիտական հարթակ, որը նպաստում է կանանց իրավահավասարության ապահովմանը, հանրային մասնակցության խթանմանը և գենդերային բռնության կանխարգելմանը։
Պաշտպանը ներկայացրել է նաև Հայաստանում գենդերային հավասարության ապահովմանն ուղղված նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ 2024 թվականի ապրիլից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պաշտոնապես գործարկվել է գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացը, որը Հայաստանում այդ ձևաչափով իրականացվում է առաջին անգամ։
✅ Անդրադարձ է կատարվել նաև «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծին և ոլորտում առկա մարտահրավերներին։ Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է ՄԻՊ հաստատության ինստիտուցիոնալ հզորացումը՝ ընդգծելով բավարար մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսների անհրաժեշտությունը՝ լիարժեքորեն իրականացնելու մանդատը, ներառյալ` միջազգային կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների մշտադիտարկումը։
✅ Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը վերահաստատել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակելու է հետևողական աշխատանքը բոլոր նշված ուղղություններով։
📌 Աշխատանքային խմբի անդամները շնորհակալություն են հայտնել Անահիտ Մանասյանին ընդունելության և իրականացված աշխատանքների համար՝ կարևորելով կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում շարունակական երկխոսությունն ու համագործակցությունը։
Մարդու իրավունքների պաշտպան


















































