Դատարանն այսօր որոշեց արգելել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսին հաղորդակցվել վարույթի մասնակիցների և Արագածոտնի թեմի հոգևորականների հետ։ Արգելեց այցելել թեմի նստավայր, ինչպես նաև Արագածոտնի մարզում գտնվող Հայ Առաքելական եկեղեցիներ։
Հիշեցնենք, որ սրբազանի պաշտպանական թիմն այսօր միջնորդեց վերացնել տնային կալանքը՝ պնդելով, որ դրա հիմքերը վերացվել են։
Ստացել ենք Վերաքննիչ դատարանի մարտի 4-ի որոշումը, որով արձանագրվել է այն, ինչ ասում էինք առաջին նիստին։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ խափանման միջոցի հիմքերն իսպառ բացակայում են,- միջնորդությունը ներկայացնելիս ասաց Մկրտիչ սրբազանի պաշտպանը։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Մկրտիչ սրբազանի կողմից չհարցաքննված տուժողների նկատմամբ ապօրինի ազդեցություն ունենալու հանգամանքին, ըստ պաշտպանի, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տուժողներ Արամայիս Թոխմազյանի ու Ստեփան Ասատրյանի նկատմամբ կիրառված են հատուկ պաշտպանության միջոցներ, հետևաբար, վերջիններիս վրա ազդեցություն ունենալու հանգամանքը Վերաքննիչ դատարանն իրատեսական չի համարում։
Դատարանը քննեց միջնորդությունն ու որոշեց Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց տնային կալանքը վերացնել։
Դատարանը որոշեց՝ այլընտրանքային խափանման միջոց՝ բացակայելու արգելքի հետ համատեղ կիրառել վարչական հսկողություն։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































