Լրահոս
Օրվա լրահոսը

Ախուրյանում հօգուտ ՔՊ-ի իշխանազավթում իրականացրած անձը՝ Գյումրու գլխավոր ճարտարապետի ենթադրյալ կաշառքի գործում

Մարտ 17,2026 21:15 Share

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի մասնակցությամբ ենթադրյալ կաշառքի գործն արդեն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչի պաշտոնակատար Մարտուն Սիմոնյանի՝ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրին տված հարցազրույցից։

Գլխավոր ճարտարապետը մեղադրվում է ոչ միայն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածությամբ իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները օգտագործելով՝ գործարար Սևակ Գոմցյանին պատկանող առևտրի և սպասարկման համար նախատեսված հասարակական նշանակության ինքնակամ կառույցն օրինականացնելու նպատակով խոշոր չափերով՝ 4 միլիոն ՀՀ դրամ կաշառք գումար ստանալու մեջ, այլև 4 այլ անձանցից ևս կաշառք պահանջելու ու ստանալու մեջ։

Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչի պաշտոնակատար Մարտուն Սիմոնյանի՝ Հենրիկ Գասպարյանին Գյումրու մանկապարտեզներում իրականացրած շինարարական աշխատանքների դիմաց վճարման ենթակա գումարը սեղմ ժամկետում անխոչընդոտ ստանալու համար 200 հազար դրամ անկանխիկ կաշառք է տվել նաև շինարարական գործունեությամբ զբաղվող Արտակ Ադամյանը։

Այս անունը ուշագրավ է նրանով, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, 2023 թվականի հունիս-հուլիս ամիսներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հենց Արտակ Ադամյանի ձեռամբ կարողացավ իշխանափոխություն կատարել Ախուրյան խոշորացված համայնքում։ Ըստ մամուլի հրապարակումների, նրա օգնությամբ, այսպես ասած, մանդատագողություն տեղի ունեցավ այս համայնքում, որի արդյունքում դաշնակցականների ձեռքից խլվեց իշխանությունը՝ անցնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Ախուրյանում իշխանությունը ձևավորվել էր դաշնակցականներ Արծրուն Իգիթյանի գլխավորած «Ախուրյան» ու Կարեն Արշակյանի գլխավորած «Հաղթանակ» դաշինքների միավորմամբ։ Նրանք, սակայն, ընդամենը մեկ ձայնի առավելություն ունեին ՔՊ-ի նկատմամբ․ նրանք 14 ավագանու անդամ ունեին, ՔՊ-ն՝ 13, և այս դեպքում շինարար Արտակ Ադամյանին հաջողվեց այնպես անել, որ ավագանու երեք անդամներ հերթով լքեին դաշնակցականների թիմը՝ դառնալով ավագանու անկախ անդամներ։

Արդյունքում դաշնակցական կոալիցիան դադարեց մեծամասնություն լինել Ախուրյանում․ Ախուրյանի 25 տարվա համայնքապետ Արծրուն Իգիթյանին հարկադրեցին հրաժարական ներկայացնել, ու տեղի ունեցավ համայնքապետի նոր ընտրություն։ Ավագանին անկախ դարձած անդամների օգնությամբ համայնքապետ ընտրեց Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն, ավագանու ՔՊ-ական անդամ Զավեն Մանուկյանին։

Նշենք, որ Արտակ Ադամյանը Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին եղել է Գյումրու ավագանու անդամ։ Ինչպես ՀՀ նախորդ իշխանության, այնպես էլ ՔՊ-ի իշխանության տարիներին Արտակ Ադամյանի հորը պատկանող «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին է վստահվել Գյումրիում ու առհասարակ Շիրակի մարզում ընթացող բազմաթիվ շինարարություններ, նույնիսկ ՊԵԿ-ը Գյումրիում նոր մաքսատան շինաշխատանքները պատվիրակել էր այս շինարարական ընկերությանը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

Նկատենք, սակայն, որ, չնայած այս ամենին, առաջին անգամը չէ, որ Գյումրու ավագանու նախկին անդամը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում, ձերբակալվում ու ազատ է արձակվում։

Ախուրյանում իշխանափոխություն կատարելուց հետո Արտակ Ադամյանը մեղադրվեց նաև Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի ու նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանի այսպես ասած կաշառք ստանալու գործով։ 2024 թվականի մարտ ամսին այս երկու պաշտոնյաներից բացի, կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էր նաև Արտակ Ադամյանը։

Գյումրու գլխավոր ճարտարապետի ենթադրյալ կաշառքի գործով անցնող Արտակ Ադամյանը սկզբում ենթարկվել էր տնային կալանքի, իսկ այժմ փոխվել է նրա խափանման միջոցը․ ազատ է արձակվել երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ և գրավով։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Վարդան Ղուկասյանի դատավարությունը, որը, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ այս ամենը քաղաքական պատվեր է։

Մարտի 24-ին դատարանը այս գործով լսելու է երկու առանցքային դեմքերին՝ մեղադրյալներ Հենրիկ Գասպարյանին ու գործարար Սևակ Գոմցյանին։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031