«Դա այն հարցը չէ, որ պետք է տրվի երեխային»,- կիրակի օրը՝ մարտի 15-ին, Սյունիքի մարզում անչափահաս, դպրոցահասակ երեխային ուղղված «գնալո՞ւ ես ընտրության, ո՞ւմ օգտին ես քվեարկելու» Նիկոլ Փաշինյանի այս հարցերին անդրադառնալով՝ Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։
Տեսանյութում հստակ երևում է, որ երեխայի յուրաքանչյուր պատասխանին հաջորդում է Փաշինյանի թիմակիցների սրտաբուխ ծիծաղը։ Դավիթ Թումասյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այդտեղ կարո՞ղ են լինել նաև երեխայի նկատմամբ բուլինգի տարրեր։ Ի պատասխան ասաց․ «Եթե երեխան դրանից հետո թիրախավորվում է իր կողմից տրված պատասխանի համար, մենք այստեղ պետք է քննարկենք բուլինգ հասկացությունը։ Որովհետև, եթե անհարմարություն է պատճառվում երեխային, պետք է ուսումնասիրենք 2025 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված երեխայի իրավունքների ու երեխայի պաշտպանության համակարգի մասին օրենքը։ Այդտեղ բուլինգ հասկացության մեջ նշվում է, որ եթե անձի կամ անձանց խմբի կողմից երեխային պատճառվում է տհաճ ինչ-որ վերաբերմունք, որը երեխան վատ է ընդունում և վատ է զգում դրանից, և դա կիրառվում է մի քանի անգամ նույն անձից կամ տարբեր անձանց կողմից, բուլինգի դրսևորում է»,- ասաց Թումասյանը։
Իսկ կոնկրետ երեխայի մասով նա ասաց, որ առաջին հերթին անհրաժեշտ է խոսել երեխայի հետ և հասկանալ՝ ինչ է զգացել, ինչ իրավիճակում է հայտնվել այդ ամենից հետո, ինչից հետո կարելի է նոր միայն տալ իրավական գնահատականներ։
Դավիթ Թումասյանի խոսքով՝ երեխաների իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիայով հստակ նշվում է, որ երեխան կարող է կարծիք արտահայտել իր իրավունքների մասին, և իր կարծիքը պետք է ազդեցություն ունենա իրեն վերաբերող որոշումներ կայացնելիս․ «Համանման դրույթ ունենք ընտանեկան օրենսգրքում, որով նախատեսված է, որ երեխաների կարծիքը հաշվի է առնվում նրա տարիքին և հասունության մակարդակին համապատասխան։ Եթե ձևակերպումը համահունչ է Սահմանադրությանը։ Այսինքն՝ որ երեխան կարող է խոսել նաև քաղաքականությունից, դա փաստ է։ Բայց դա պետք է լինի այն տարիքի երեխան, որը գիտակցում ու հասկանում է՝ ինչ է կատարվում։ Որպես կանոն՝ 14 տարեկանից բարձր երեխաներն են, որոնք ունեն արդեն ձևավորված որոշակի կարծիք։
Կարդացեք նաև
Շատ կարևոր է հասկանալ նաև, թե ինչ հարցադրում է տրվում, ու որքանով է այդ հարցադրումը վերաբերելի երեխային։ Քանի որ մեր մոտ ընտրելու իրավունքը ձևավորվում է 18 տարին լրանալուց հետո, հետևաբար երեխան չի հանդիսանում ընտրության սուբյեկտ, ու այդ հարցն իրեն վերաբերելի չէ։ Նմանատիպ հարցերի առկայության դեպքում երեխայի կարծիքը կամ պատասխանը չի կարող լինել որոշիչ կամ որևէ ազդեցություն ունենալ»։
Ըստ Թումասյանի՝ անչափահաս երեխաներին նախընտրական քարոզչության մեջ ներգրավողների համար Հայաստանում պատասխանատվության մեխանիզմները ամբողջությամբ դեռ չեն ձևավորված, ինչից ելնելով՝ նման երևույթների դեռ առնչվելու ենք։
«Քանի որ այս իրավիճակում չեն պահպանվում երեխայի անձնական տվյալները, երբ նրա բաց դեմքով տեսաձայնագրությունը դառնում է տարբեր քննարկումների ու շրջանառության առարկա, պետք է գնահատել, թե որքանով է այդ տեսանյութի տարածումը վնասում երեխայի լավագույն շահերին ու իրավունքներին։ Եվ պետք է հրատապ գործողություններ իրականացնել այդ տեսանյութը համացանցից հեռացնելու ու այլևս չտարածելու համար, որ երեխան չթիրախավորվի ու նրա նկատմամբ հետագայում որևէ ծաղրանքի կամ այլ գործողություններ չիրականացվեն»,- հավելեց Թումասյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































