Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղություն՝ Ալիեւի «բարի կամքի» դրսեւորմամբ

Մարտ 18,2026 12:00 Share

Իրանական ճգնաժամի թուլացման հարցում Երեւանը որեւէ դերակատարություն ստանձնե՞լ է որպես հարեւան պետություն

Փաշինյանի առաջարկը

Տարածաշրջանը հայտնվել է աշխարհաքաղաքական նոր փուլում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան անցած օրերին հանդես եկան մի շարք հայտարարություններով, որոնք վերաբերում են ինչպես Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացին, այնպես էլ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը եւ նոր տնտեսական հնարավորությունների ձեւավորմանը։

Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում Փաշինյանը ներկայացրեց Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման վերաբերյալ նոր առաջարկ՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է անմիջապես ապահովել ավտոմոբիլային կապ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ։ Նրա խոսքով՝

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ ավտոմոբիլային կապը»։ Նա միաժամանակ ընդգծեց, որ այս առաջարկը չի հակասում ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին եւ չի միտված դրանց ձգձգմանը. «Մեր այս առաջարկը նպատակ չունի որեւէ կերպ ձգձգել, խափանել, մոռացության մատնել Վաշինգտոնի պայմանավորվածությունները»։ Փաշինյանը նաեւ հիշեցրեց, որ Հայաստանը հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնմամբ, հատկապես Նախիջեւանի միջոցով Հայաստանի հարավի եւ հյուսիսի միջեւ կապ հաստատելու հարցում։

Փաշինյանն իր առաջարկով ցույց է տալիս հաղորդակցությունների բացման հարցում այնպիսի մոդել, որը կպահպանի երկրի ինքնիշխանությունն ու վերահսկողությունը իր տարածքի նկատմամբ։ Ներկայացված երթուղին ենթադրում է գործող ճանապարհային ենթակառուցվածքների օգտագործում, ինչը թույլ կտա արագ գործարկել փոխադրումները՝ առանց երկարաժամկետ ինժեներական նախագծերի իրականացման։ Միաժամանակ այս առաջարկը կարող է դիտարկվել որպես հակակշիռ այն պահանջներին, որոնք Ադրբեջանը ներկայացնում էր Սյունիքով անցնող ուղիղ ճանապարհի վերաբերյալ։

Քաղաքական տեսանկյունից պաշտոնական Երեւանի մոտեցումը նպատակ ունի ձեւավորել փոխադարձ կախվածության մեխանիզմ՝ ընդգծելով, որ հաղորդակցությունների բացումը պետք է լինի երկկողմանի եւ հավասարակշռված։

Այսպիսով, Փաշինյանը փորձ է անում Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացը ներկայացնել ոչ թե որպես միակողմանի զիջումների փունջ, այլ՝ որպես փոխադարձ շահերի համադրման հնարավորություն։ Ակնհայտ է, որ հաղորդակցությունների հարցը ոչ միայն ենթակառուցվածքային խնդիր է, այլեւ դարձել է «քաղաքական առեւտրի» առարկա։ Այս մոտեցումն, ընդհանուր առմամբ, կարող էր նպաստել բանակցային գործընթացի կայունացմանը, սակայն դրա արդյունավետությունը կախված է Ադրբեջանի արձագանքից եւ Բաքվի փոխզիջումների պատրաստակամությունից, որտեղ Հայաստանի դիրքորոշման ուժն ու ազդեցությունը չի նշմարվում։

Երկաթուղային փոխադրումների սահմանափակումների վերացումը եւ հարաբերական խաղաղությունը

Եվրոպական խորհրդարանում իր ելույթում Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին արդեն ամիսներ շարունակ պահպանվում է հարաբերական խաղաղություն։ Նրա խոսքով՝ «2025-ը մեր անկախությունից ի վեր դարձավ առաջին օրացուցային տարին, երբ Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետեւանքով ոչ զոհ է եղել, ոչ վիրավոր»։ Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Ադրբեջանի նախագահին այն որոշման համար, որով վերացվել են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումները. «2025 թ. հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե վերացնում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումները, եւ ես Ադրբեջանի նախագահին շնորհակալ եմ նման որոշման համար»։ Նա հավելեց, որ Հայաստանը պատրաստ է նույն կերպ ապահովել տարանցումը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ իր տարածքով։

Փաշինյանը վերոնշյալ հայտարարությամբ ձգտում է արձանագրել սահմանային հարաբերական կայունությունը։ Երկրորդ՝ երկաթուղային սահմանափակումների վերացումը կարող է նշանակել տնտեսական համագործակցության աստիճանական վերականգնում, քանի որ տրանսպորտային ուղիների բացումը դիտարկվում է նաեւ որպես հակամարտությունից հետո վստահության կառուցման հիմնական մեխանիզմներից մեկը։ Միաժամանակ Փաշինյանի հայտարարությունը նաեւ դիվանագիտական ուղերձ է միջազգային հանրությանը՝ ցույց տալու, որ Հայաստանը պատրաստ է փոխադարձ տնտեսական համագործակցության։ Իհարկե, դա կարեւոր կլիներ հատկապես այն պայմաններում, երբ տարածաշրջանային հաղորդակցությունները կարող էին Եվրոպայի եւ Ասիայի միջեւ կապող նոր ուղիների վերածվել։ Այսինքն՝ կայունությունը կարող էր վերածվել ավելի խոր տնտեսական ինտեգրման հիմքի։ Սակայն այս դեպքում էլ՝ գործընթացի կայունությունը կախված է բացառապես Ադրբեջանի քաղաքական կամքից։ Իսկ Բաքուն պարբերաբար ներկայացնում է Հայաստանից ակնկալվող զիջումների չափաբաժինը։

TRIPP-ը բյուրեղացման փուլում է

Փաշինյանի ելույթի կարեւոր հատվածներից մեկը վերաբերում էր Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին եւ TRIPP նախագծին։ Հիշեցնելով 2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաքում ստորագրված համատեղ հռչակագիրը, նա նկատեց. «Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ես ստորագրեցինք համատեղ հռչակագիր, որով, ըստ էության, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատեցինք»։ Նա նաեւ ընդգծեց հաղորդակցությունների բացման վերաբերյալ հռչակագրի դրույթը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգման վրա։ Փաշինյանի բնորոշմամբ՝ «TRIPP ծրագիրը ներկայումս բյուրեղացման փուլում է, եւ առաջիկայում Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կստորագրեն համապատասխան համաձայնագիր»։

TRIPP նախագիծը Հայաստանի համար կարող է դառնալ տնտեսական վերափոխման գործոն՝ ապահովելով նոր տարանցիկ հնարավորություններ, սակայն արդյոք Հայաստանի իշխանություններն այսօր վերլուծում, հաշվում են, թե Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններն ինչ ազդեցություն կարող են ունենալ այդ նախագծի ճակատագրի վրա։

Ո՞րն է առհասարակ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը. իրանական ճգնաժամի թուլացման հարցում Երեւանը որեւէ դերակատարություն ստանձնե՞լ է որպես հարեւան պետություն։

TRIPP նախագիծն, առանց այն էլ, բարդություններ, անորոշություններ ուներ Հայաստանի համար։ Այժմ տարածաշրջանային այս առավել պայթյունավտանգ իրավիճակում պաշտոնական Երեւանն ինչ պլաններ է մշակում՝ տարբեր հնարավոր սցենարների համար։ Չէ՞ որ TRIPP-ը Հարավային Կովկասի տնտեսական ինտեգրման հիմնական հարթակներից մեկը ազդարարելը միայն բավարար չէ, գործնականում դրա համար պետք է հող նախապատրաստվի։

Ալիեւը խոսում է երկարաժամկետ խաղաղության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն ձեւավորվել է երկարաժամկետ խաղաղություն։

Նրա խոսքով՝ «Մենք արդեն ապրում ենք երկարաժամկետ խաղաղության պայմաններում»։ Ալիեւը նաեւ նշեց, որ վերջին ամիսներին Ադրբեջանը սկսել է նավթամթերք մատակարարել Հայաստան եւ վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները՝ ընդգծելով, որ դա վկայում է Բաքվի քաղաքական կամքի մասին։

Այսպիսով, Ալիեւը նույնպես խաղաղությունն արդեն կայացած փաստ է ներկայացնում։ Իսկ եթե խաղաղությունը ներկայացվում է որպես արդեն հաստատված իրողություն, եթե Բաքուն ակնկալում է խաղաղության պայմանավորվածությունների արագ իրականացում, ապա ի՞նչն է խանգարում ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Պարզ է, որ Բաքուն Հայաստանից ակնկալում է որոշ զիջումներ, եւ քանի դրանք չեն բավարարվել՝ Ալիեւը խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու։

Կոշտայի գնահատականները եւ ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան իր հերթին ընդգծեց Ադրբեջանի կարեւորությունը Եվրոպայի համար՝ հատկապես էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում. «Բաքու-Նախիջեւան երկաթուղու ավարտը կլինի կարեւոր քայլ, որը կարող է ամրապնդել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ առեւտրային դիմադրողականությունը»։ Կոշտան նաեւ նշեց, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին եւ պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային նախագծերում։

Եվրամիության դիրքորոշումը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասը դիտարկվում է որպես կարեւոր էներգետիկ եւ լոգիստիկ հանգույց Եվրոպայի համար։ Ուկրաինայի պատերազմի եւ Մերձավոր Արեւելքում լարվածության պայմաններում ԵՄ-ն փորձում է դիվերսիֆիկացնել էներգետիկ եւ տրանսպորտային ուղիները։ Այս համատեքստում Ադրբեջանը ԵՄ-ի համար, այո, կարեւոր գործընկեր է դառնում։ Կոշտայի հայտարարությունները նաեւ վկայում են այն մասին, որ Եվրամիությունը ցանկանում է խորացնել իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում՝ ոչ միայն տնտեսական, այլեւ անվտանգության ոլորտում, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում նոր բազմակողմ համագործակցության ձեւավորմանը։

Ալիեւը հասկացնել է տալիս, որ «խաղի կանոններ» սահմանողն ինքն է

Եվրոպացի պաշտոնյայի ներկայությամբ «հաստատված խաղաղության» թեզի մասին խոսող Ալիեւը չի մոռացել նաեւ հիշեցնել, թե ով է «թելադրողը» ու «խաղի կանոններ» սահմանողը։ Բաքվի միջազգային համաժողովում Ալիեւը հայտարարել է, որ խաղաղությունը ձեռք է բերվել նախ ռազմական ուժի կիրառմամբ, ապա քաղաքական միջոցներով։ Նա նաեւ պնդել է, որ ներկայում սահմաններին պահպանվում է խաղաղ իրավիճակ եւ կրակոցներ չեն արձանագրվում։

Այսինքն, Հայաստան-Ադրբեջան հարաբերական խաղաղությունը Ալիեւը ներկայացնում է որպես Բաքվի կողմից մեծահոգության դրսեւորում, ընդամենը։ Այլ կերպ ասած, սա ոչ թե Հայաստան-Ադրբեջան փոխշահավետ համաձայնություն է՝ երկու կողմերի հստակ գիտակցմամբ, այլ՝ Բաքվի կողմից «բարի կամքի» դրսեւորում։

Ալիեւը նաեւ հայտարարել է, որ խաղաղության շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային տարանցիկ երկիր ու հավելել, որ այս գործընթացը կապված է Միջին միջանցքի ընդլայնման հետ։

Եթե տարածաշրջանային հաղորդակցությունները բացվեն, Հայաստանը կարող է վերածվել կարեւոր կապող օղակի Եվրոպայի եւ Ասիայի միջեւ, այն կարող է փոխել երկրի տնտեսական կառուցվածքը եւ ստեղծել նոր ներդրումային հնարավորություններ։ Սակայն բոլորի համար պարզ է, որ այս հեռանկարը եւս դարձյալ կախված է նախ՝ Բաքվի կամքից, ինչպես նաեւ քաղաքական պայմանավորվածություններից եւ ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններից։ Բացի այդ, բազմիցս նշվել է, որ տարանցիկ կարգավիճակը կարող է դառնալ ինչպես տնտեսական հնարավորություն, այնպես էլ աշխարհաքաղաքական մարտահրավեր, քանի որ այն մեծացնում է արտաքին դերակատարների հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ։

Ի դեպ, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն օրերս խոսել է «միջանցքային» թեմայի մասին։ Նա Վաշինգտոնի գագաթաժողովի կարեւոր արդյունքներից մեկը TRIPP նախագծի հիմքերի ստեղծումն է համարել, որը, նրա մեկնաբանությամբ, կապված է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի հետ։ Նրա խոսքով՝ «TRIPP-ը կապահովի անխոչընդոտ կապ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ»։

Այսինքն, կողմերը շարունակում են նույն նախագծի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններով հանդես գալ։ Հայաստանի համար TRIPP-ը ներկայացվում է որպես բազմակողմ տրանսպորտային նախագիծ, մինչդեռ Ադրբեջանն այն կապում է «միջանցքային» տրամաբանության հետ։

Գերիշխում է անորոշությունը, առկա են նոր մարտահրավերների վտանգներ

Այսպիսով, Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծերը եւ միջազգային դերակատարների ակտիվ ներգրավվածությունը ձեւավորել էին նոր իրականություն Հարավային Կովկասի համար։ Մի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հայտարարում են խաղաղության հաստատման մասին եւ փորձում են զարգացնել տնտեսական կապերը, սակայն մյուս կողմից դեռեւս հնչում են տարբեր մեկնաբանություններ՝ կապված հաղորդակցությունների կարգավիճակի, «միջանցքային» տրամաբանության հետ։

Ուկրաինայում պատերազմը, Մերձավոր Արեւելքում վերջին լարվածությունը եւ էներգետիկ շուկաների փոփոխությունները մեծացնում են Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունը։ Եվրոպական միությունը, ԱՄՆ-ը եւ այլ միջազգային դերակատարներ ապագայում մեր տարածաշրջանի նկատմամբ գուցե առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերեն՝ դիտարկելով այն որպես կարեւոր լոգիստիկ եւ էներգետիկ հանգույց, հատկապես գլոբալ անկայունության պայմաններում։

Սակայն գործընթացի հաջողությունը կախված է ոչ միայն տնտեսական նախագծերից, այլեւ քաղաքական կամքից, փոխադարձ վստահությունից եւ միջազգային իրավունքի ու սկզբունքների պահպանությունից։ Իսկ Իրանի շուրջ ծավալվող գործընթացների պայմաններում աշխարհաքաղաքական նոր հնարավորություններով հանդերձ գերիշխում է անորոշությունը, առկա են նոր մարտահրավերների ու անկայունության վտանգներ։

Ամփոփումը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031