Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանները պետք է կանխեն իրավունքի հնարավոր խախտումը, այլ ոչ թե սպասեն, որ դատապարտյալի վիճակն ազատազրկման պայմաններում վատթարանա». Ջալալ Հարությունյանի ներկայացուցիչներ

Մարտ 18,2026 13:00 Share

Սահմանադրական դատարանը հրապարակել է «Ջալալ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասի, 276-րդ հոդվածի, 355-րդ հոդվածի 3-րդ մասի, 359-րդ հոդվածի 1-ին մասի, 365-րդ հոդվածի, 367-րդ հոդվածի 2–4-րդ մասերի, 381-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 4-րդ կետի եւ 3-րդ մասի, 383-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի, ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի, 550-րդ հոդվածի, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված եւ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5 եւ 6-րդ մասերի, 376-րդ հոդվածի, ներառյալ՝ տվյալ հոդվածի 3-րդ մասով սահմանված «ռազմական դրության» «ժամանակ» ձեւակերպման, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման 1-ին կետով սահմանված «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածք» ձեւակերպման, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման հավելվածի համաձայն հաստատված՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների «խանգարումներ, վիճակներ» կողմնորոշիչ ցանկի՝ «Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ V գլխի 20-րդ կետի 1-ին ենթակետի, ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանի հավելվածի համաձայն հաստատված՝ Հիվանդությունների եւ առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի՝ ՀԴ-014-2013 I60 դասիչով սահմանված «ներառյալ» եզրույթի, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 31, 39, 73 եւ 78-րդ հոդվածների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական կանոնադրության 1-ին մասի 36-րդ կետի՝ «Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով մարտի 3-ին կայացած որոշման եզրափակիչ մասը։

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի ներկայացուցիչներն էին՝ փաստաբաններ Արտակ Ղազարյանը, Արսեն Սարդարյանը, որոնք ներկայացրել են թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը։

Մենք անդրադառնանք ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասին՝ դրա հետ համակարգային կապի մեջ գտնվող ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման Հավելվածի կողմնորոշիչ ցանկին։

Դիմող կողմն անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման համաձայն հաստատված «Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների «խանգարումներ, վիճակներ» կողմնորոշիչ ցանկի՝ «Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ V գլխի 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանի հավելվածի համաձայն հաստատված՝ Հիվանդությունների եւ առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի «ՀԴ-014-2013» I60 դասիչով սահմանված «ներառյալ» եզրույթի «իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության» սահմանադրականության հարցին, նշում է, որ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրվել է հակասահմանադրական մեկնաբանություն, մասնավորապես` թե՛ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ իրեն ազատազրկման դատապարտելով, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանը՝ տվյալ դատական ակտն անփոփոխ թողնելով, եւ թե՛ Վճռաբեկ դատարանը՝ նույն հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելով (այդպիսով համաձայնելով ստորադաս դատարանների կողմից տրված մեկնաբանություններին եւ հաստատելով դրանց իրավաչափությունը), իր նկատմամբ վերոնշյալ դրույթները կիրառել են նեղ մեկնաբանությամբ՝ հակառակ պարագայում անհնար կլիներ ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ պետության պատժելու իրավունքի տվյալ պահին իրագործումը եւ անձին ազատազրկման դատապարտումը։ Այս առումով Դիմողը գտնում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից դատական ակտում կիրառված մեկնաբանությունը հիմնված է Հրամանի հավելվածի համաձայն հաստատված՝ Հիվանդությունների եւ առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի ՀԴ-014-2013 I60 դասիչով սահմանված «ներառյալ» եզրույթի բառացի, սակայն նորմատիվ-համակարգային իմաստին հակասող ընկալման վրա, որի արդյունքում տվյալ եզրույթը «վերափոխվել է պարտադիր պայման սահմանող, այլ ոչ թե ընդհանուր դասի ներսում մասնավոր դեպք մատնանշող տարրի»։ Դիմողի պնդմամբ՝ նման մեկնաբանությունը չի բխում ո՛չ հիվանդությունների վիճակագրական դասակարգչի կառուցվածքից, ո՛չ դրա կիրառման տրամաբանությունից՝ հանգեցնելով դատական մեկնաբանության միջոցով նորմատիվ ակտի բովանդակության փաստացի վերաձեւակերպման:

Դիմող կողմը պահանջում էր. «V. Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ 20-րդ կետի 1-ին ենթակետին, ինչպես նաեւ դրա հետ համակարգային փոխկապակցված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանի հավելվածով հաստատված հիվանդությունների եւ առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ ՀԴ-014-2013-ի I60 դասիչի՝ «ներառյալ» եզրույթին հաղորդած այն նեղ մեկնաբանությունը, որով արդարադատության առանցքային բաղադրատարր հանդիսացող (պատժի տեսակի, չափի, դրա կիրառման-չկիրառման, հետաձգման եւ այլն) հարցերից մեկի պատշաճ քննարկմամբ լուծումը դուրս է բերվել արդարադատության առարկայի շրջանակից, հետագայում դրա (այդ հարցերի) քրեական արդարադատության ավարտից հետո քննարկման առարկա դառնալու հնարավորությամբ, ճանաչել Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներով նախատեսված հիմնական իրավունքներին հակասող եւ անվավեր։ Դիմողը նաեւ նշել էր, որ դատարանների մոտեցումը ոչ միայն հակասում է «ներառյալ» եզրույթի հաստատուն գործածությանը դասակարգչում, այլ նաեւ ստեղծում է նորմատիվ ներքին հակասություն, որն անթույլատրելի է հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է մարդու կյանքի եւ առողջության վրա անմիջական ազդեցություն ունեցող իրավական հետեւանքներին։ Դիմողը գտնում է, որ ՀՀ դատարանների՝ վիճարկվող իրավակարգավորումներին հաղորդած նման մեկնաբանությունը, որով վերջիններիս կողմից լուծվելիք եւ արդարադատության առանցքային բաղադրատարր հանդիսացող հարցերից (պատժի տեսակի, չափի, դրա կիրառման կամ չկիրառման, հետաձգման եւ այլն) մեկի պատշաճ քննությամբ լուծումն ըստ էության եւ փաստացի հետաձգվում է այն հիմնավորմամբ, որ «պատժի կատարումից հետո հնարավոր կլինի այդ հարցերը՝ քրեական արդարադատության ավարտից հետո քննարկման առարկա դարձնել, ոչ այլ ինչ է, քան արդարադատության բուն էության խաթարում»։ Դիմողի պնդմամբ՝ դատարանները՝ իբրեւ անձի հիմնական իրավունքների առանցքային պաշտպաններ, պետք է կանխեն իրավունքի հնարավոր խախտումը, այլ ոչ թե սպասեն, որ դատապարտյալի վիճակն ազատազրկման պայմաններում վատթարանա, որից հետո միայն գործի անցնեն, այսինքն՝ դատարանները պետք է լինեն ոչ թե ռեակտիվ, այլ՝ պրոակտիվ։

ՍԴ-ն 35 էջանոց որոշմամբ մերժեց գործի քննությունը՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031