«Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը եւ պատվաբեր, եւ չափազանց պատասխանատու է, այդ իսկ պատճառով նման որոշման կայացումը իմ կյանքի ամենահեշտ որոշումներից չի եղել։ Բարձր առաջարկին համաձայնվել եմ այն գիտակցությամբ, որ թե մասնագիտական եւ թե ակադեմիական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքներս պետք է առավել արդյունավետ ծառայեցնել մեր երկրի ժողովրդավարական արժեքների պահպանման և զարգացման գործին»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանն օրերս ֆեյսբուքյան նման գրառմամբ տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի կողմից իր թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում։ Գործընթացի մեկնարկին նա դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաեւ խորհրդարանական գործունեությունը։
«Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու պարագայում խոստանում եմ լինել անկախ, անաչառ, զերծ որեւէ ազդեցությունից ու քաղաքական որեւէ նախասիրությունից՝ առաջնորդվելով բացառապես ՀՀ Սահմանադրությամբ եւ ապահովելով Սահմանադրության գերակայությունը»,-հրապարակային խոստում է տվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արդեն նախկին անդամը։
Ի դեպ, Վլադիմիր Վարդանյանն իր մասնագիտական գործունեությունը սկսել է հենց Սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ աշխատանքային 15 տարիների ընթացքում գլխավոր մասնագետից մինչեւ աշխատակազմի ղեկավար։ 2019 թվականից պատգամավոր է՝ Հայաստանում իշխող ուժի խմբակցության անդամ։ ՔՊ անդամ է 2018 թվականից՝ «թավշյա» անվանված հեղափոխությունից ի վեր։
Վլադիմիր Վարդանյանը կզբաղեցնի ՍԴ նախկին նախագահ, արդեն նաեւ նախկին դատավոր Հրայր Թովմասյանի՝ թափուր մնացած տեղը։ Հրայր Թովմասյանն այլեւս ՍԴ դատավոր չէ, քանի որ ուժի մեջ է մտել նրա գործով դատավճիռը։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել փաստաբանների բողոքը՝ Թովմասյանին մեղավոր ճանաչելու դատավճռի դեմ: Արդյունքում, դեռ 2024 թվականին Հրայր Թովմասյանի նկատմամբ կայացված դատավճիռը մտնում է ուժի մեջ: Այդ վճռով նա մեղավոր է ճանաչվել արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Հրայր Թովմասյանը չի ազատազրկվի, քանի որ վաղեմության ժամկետ է անցել:
Կարդացեք նաև
Կուսակցական մանդատից հրաժարվել՝ Սահմանադրական դատարանում անաչառ դատավոր լինելու համար․ այս գործելաոճը նախադեպ ունի ու, ի դեպ սուր քննադատության արժանացած։ Գործող գլխավոր անձը Հրայր Թովմասյանն է։ Նրա հետքերով է գնում նաեւ Վլադիմիր Վարդանյանը։
Այս առաջադրման առիթով «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ տարակուսելով․ «Ես արդեն վերջնականապես չեմ հասկանում, թե մենք ինչի՞ էինք պայքարում Հրայր Թովմասյանի դեմ։ Նրան էլ էին իրենց կուսակցության շարքերից հանել ու տարել ՍԴ։ Վլադիմիր Վարդանյանը վերջերս չէ՞ր էլի մասնակցում ներկուսակցական ընտրություններին պատգամավոր դառնալու համար։ Ինչքա՞ն կարելի է անլուրջ լինել ..․»։ Իսկ իր հարցազրույցներից մեկում նա ասել է․ «Այդ ամեն ինչը խնդիր է, եւ օբյեկտիվ դիտորդի մոտ դրանք խնդիրներ են։ Եվ դրանից խուսափելու նպատակով այդ առաջադրումը խիստ քննադատելի է։ Կարող են ասել, որ նախագահն է առաջադրել, բայց դե ուրեմն ամբողջ Հանրապետությունում ուրիշ համապատասխան թեկնածուներ չկայի՞ն, եւ նախագահը փաստորեն գնաց էդ ճանապարհով եւ հենց իշխող կուսակցության շարքերի առանցքային դեմքերից մեկին առաջադրեց։ Իսկապես սա այդքան էլ հավատալի չէ»։
Ի դեպ, մինչ ՍԴ դատավոր դառնալը, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն իր հրապարակային ելույթներում ընդգծում էր․ «Հայաստանում պետք է ունենալ Սահմանադրական դատարան, որը լիովին անկախ է քաղաքական գործընթացներից»։ Իսկ ՍԴ ճգնաժամի ընթացքում ակնարկում էր, որ նախկին քաղաքական կապերով ձևավորված կազմը խնդրահարույց է։
ՍԴ դատավոր, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, Արտակ Զեյնալյանը՝ 2018-ին, երբ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, հրապարակային տարբեր ելույթներում խոսում էր այն մասին, որ դատաիրավական բարեփոխումները պետք է իրականացվեն առանց սահմանադրական սկզբունքները խախտելու, դատական իշխանության անկախությունը չի կարելի վտանգել, քաղաքական գործընթացները չպետք է խաթարեն դատարանների գործունեությունը, դատավորները չպետք է հրահանգներ ստանան քաղաքական ուժերից։
«Իրավունքի եւ ազատության կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Վարդան Հարությունյանն այս ամենից եզրակացնում է. «Կարելի է ասել, որ երկրում ոչինչ, իհարկե, չի փոխվել»։ Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հարությունյանը գերադասեց կարճ անդրադարձ անել այս ամենին․ «Չէր էլ կարող փոխվել, քանի որ նույնն է մնացել իշխանավորի մտածողությունը, իշխանավարման ու պետության մասին իշխանավորի պատկերացումը, ըստ որի` երկիրը կալվածք է, ինքը` կալվածատեր․ ում, ինչպես, երբ ու որտեղ ցանկանա` կնշանակի, իսկ ում ցանկանա` կազատի ու կհեռացնի»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































