«Ընտանեկան բժիշկը չպետք է զբաղվի պատուհանների կամ գույքի փոփոխման հարցերով»,- ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովում հայտարարեց նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով այն մասին, որ առողջապահական համակարգում հետամուտ են լինելու սկզբունքներ եւ մոտեցումներ փոխելու։
Քննարկվում էր «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվող կարգավորումներով տարանջատվում են «բժշկական կազմակերպությունը» եւ «առողջապահական կազմակերպությունը»: Փոփոխությունների հիմնավորումներում ասվում է, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ առողջապահական կազմակերպությունների տնօրենների ընտրության եւ նշանակման գործընթացում ի հայտ եկած տարբեր խնդիրները օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտությամբ: Չափանիշներ են սահմանվում կամ փոփոխվում՝ ըստ բնակչության թվաքանակի սպասարկման։
Իշխող ուժը ներկայացնող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը նախարարին դիմելով տարակուսեց․ «Հիմնավորումներում գրել եք, որ ավելի որակյալ կադրեր պետք է ներգրավվեք, բայց եթե մասնագիտական եւ աշխատանքային փորձի չափանիշներ եք նվազեցրել, ինչպե՞ս եք դա պատկերացնում։ Նաեւ նշել եք՝ բարձրագույն կրթություն․ բարձրագույն բժշկակա՞ն կրթություն, թե՞ դերասանը, գրականագետը կարող են հավակնել այդ պաշտոններին»։
Իր դիտարկմամբ՝ բժշկական կրթությունը ստորադասվել է։ Նա նաեւ նկատեց՝ բուժհաստատությունների կառավարման ոլորտում մասնագետների պահանջ չունենք:
Կարդացեք նաև
Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց՝ չափանիշները չենք նվազեցրել, ընդլայնել ենք շրջանակը մարդկանց, ովքեր կարող են հավակնել այդ պաշտոններին։ Վստահ է՝ դա հնարավորություն է տալու ֆինանսիստների, բիզնես-կառավարիչներին ներգրավվել այդ պաշտոններում, նաեւ պարտադիր է հանրային առողջապահական հետմասնագիտական կրթությունը կամ ոլորտում աշխատանքի երկու տարվա աշխատանքային ստաժը, քանի որ առողջապահության կազմակերպումը բժշկական կրթություն չի պահանջում։
Լուսինե Բադալյանը նկատեց՝ բժշկական հաստատություններում կառավարումը հատուկ է եւ տարբերվում է այլ հիմնարկ-ձեռնարկությունների կառավարումից եւ իր կրթական փորձից ելնելով պնդեց՝ առավել արդյունավետ է, եթե առկա է համապատասխան կրթական ցենզը։ Լուսինե Բադալյանն Անահիտ Ավանեսյանի խոսքից հասկացել է՝ իրենց մոտեցումները եւ պատկերացումները նույնն են, իսկ օրենքում ձեւակերպումներից ենթադրում է, որ առողջապահական համակարգում երկու տարի վարորդ աշխատած մարդը կարող է հավակնել կառավարման հաստիքների։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ շարունակեց թեման՝ պնդելով՝ շրջանակը լայնացվել է հենց մասնագիտական պահանջների նվազեցման հաշվին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































