Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին ներկայացված տեքստում ներածությունը չի եղել, իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ է». Սրբուհի Գալյան

Մարտ 18,2026 13:08 Share

«Խորհրդում դեռ չենք քննարկել եւ ուղիղ պատասխանել ձեր հարցին չեմ կարող։ Մենք էլ ունենք մեր մոտեցումները, խորհրդում կքննարկենք՝ պարզ կլինի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղում չի լինելու, իսկ նախարարը հայտարարել էր, որ Սահմանադրության նոր տեքստն արդեն պատրաստ է․ Անկախության հռչակագիրը հանվե՞լ է։

Ավելի ուշ նա ասաց․ «Այս պահին ներկայացված տեքստում ներածությունը չի եղել, իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ է»։

Հստակեցնող հարցին՝ ինչո՞ւ չի եղել, պատասխանեց․ «Որովհետեւ դեռ չի ամբողջացվել, ունենք մի քանի տարբերակ․․․ ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ է նշանակում՝ ո՞նց եք թերի ներկայացրել»։

Սրբուհի Գալյանն ասաց՝ աշխատանքային փաստաթղթերը տարբեր ձեւաչափեր են ունենում եւ թող տպավորություն չլինի, թե ինչ-որ բան թաքցնում են։ Վստահեցրեց՝ Սահմանադրության տեքստը լինելու է հրապարակային, այդ թվում՝ ներածության հատվածը եւ հանրությունը տեսնելու է, թե ինչ է գրված։ Տեղեկացրեց, որ քննարկումները դեռ ՔՊ վարչությունում եւ խորհրդարանական խմբակցությունում են լինելու, տեքստն, այո, պատրաստ է, բայց դրա հրապարակման ժամկետներն ավելի ուշ պարզ կլինեն։ Նախարարը որեւէ խնդիր չի տեսնում, եթե անգամ նախապես հայտարարված ժամկետներ փոփոխվեն, քանի որ հանրաքվե նշանակված չէ։

«Կա քաղաքականություն, որի սպասարկմանը միտված է ամբողջ կառավարության ներուժը, կա խաղաղության օրակարգ, որը սպասարկում է ամբողջ կառավարության ներուժը։ Վարչապետը հանդիսանում է կառավարության գլուխը՝ իրավական կարգավորումների համատեքստում եւ առաջնորդը՝ այդ նույն համատեքստում։ Եվ ուրեմն, կարող եք եզրահանգել, որ այն ինչ ասվում է վարչապետի կողմից, մշտապես քննարկվում է կառավարության կողմից եւ շատ մանրամասն։ Մենք բոլորս իրականացնում ենք մեկ քաղաքականություն»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք այս ամենից ելնելով, Սահմանադրության նախաբանից հանվելու է Անկախության հռչակագրին հղումը, քանի որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, Սրբուհի Գալյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց։

Ավելի ուշ էլ հայտարարեց՝ Անկախության հռչակագիրը պատմական փաստ հավաստող է եւ հարցրեց՝ այն ջնջել հնարավո՞ր է։ Ասաց՝ այնտեղ դրված են մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք արտացոլված են Սահմանադրության մեջ եւ միտված են ապագային։ Հստակեցրեց՝ պետությունը պետք է ապահովի պետության եւ պետականության շարունակականությունը եւ խաղաղ ապագան։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031