ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագծին։ Դրանով սահմանվում է տվյալ պաշտոնյաների վարձատրության բարձրացում։ Մասնավորաբար, Սահմանադրական դատարանի դատավորին, նրանց տեղակալներին 48-46 միլիոն դրամ հավելավճարներ են տրվելու։
Լրագրողների հետ ճեպազրույցում Սրբուհի Գալյանն այսպիսի պարզաբանում ներկայացրեց․ «Ինչո՞ւ չենք փոփոխում դրույքաչափը, որովհետեւ գործակիցներ սահմանող օրենսդրական ակտն ամբողջությամբ փոփոխության կարիք ունի եւ դա հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում ենթարկվելու է հստակ փոփոխության՝ ներառելով այն բոլոր փոփոխությունները, որոնք մինչ այս պահը կատարվել են։ Այսինքն, հավելավճարների հաշվարկման մեխանիզմները, որոնք պիլոտային փուլերով են անցնում այս պահի դրությամբ, միանշանակ իրենց տեղն են գտնելու, գործակիցներ սահմանող, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքներում։ Մինչեւ այդ օրենքի ընդունումը սա կարող ենք համարել որպես միջանկյալ լուծում»։
Սրբուհի Գալյանը հստակ չասաց, թե որքա՞ն բարձրացումներ են լինելու, քանի որ կախված է դատավորի աշխատանքային ստաժից․ «Գուցե 200-300 հազար, գուցե 400 հազարի չափով, բայց ըստ տարիների»։
Մանրամասները՝ շուտով տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































