Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավականին ծախսատար է». կվերացվի ծանուցումները մամուլում հրապարակելու պարտադիր պահանջը

Մարտ 18,2026 13:53 Share

ՀՀ-ում գործում են մի շարք օրենքներ, որոնք նախատեսում են մամուլում տարաբնույթ տեղեկությունների հրապարակման պահանջ: Նշված պահանջն արդիական է եղել նախկինում, երբ տպագիր մամուլը հանրության իրազեկման հիմնական միջոցն էր. այդպիսի նորմերը միտված էին հանրության լայն շրջանակների տեղեկատվության հասանելիությունն ապահովելու այլակերպ՝ հրապարակային ծանուցելուն: Սակայն վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը, թվային հարթակների հասանելիությունն ու դրանց միջոցով տեղեկությունների տարածման շրջանակը փաստում են տպագիր մամուլով տեղեկատվության հրապարակման ժամանակավրեպ լինելը. տպագիր մամուլը կորցրել է իր նախկին տարածումն ու դերակատարումը: Այս մասին Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 18-ին կայացած հերթական նիստի ընթացքում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

«Տպագիր մամուլում հրապարակման գործընթացը բավականին ծախսատար է, այս ամենը հանգեցնում է հանրության լայն շրջանակների համար տեղեկատվության փաստացի սահմանափակման եւ լրացուցիչ ծախսերի, հետեւաբար տպագիր մամուլի հրապարակումները ներկայում չեն կարող համարվել արդյունավետ կամ հասանելի ձեւ՝ տեղեկատվության տարածման համար»,- տեղեկացրել է Արդարադատության նախարարը՝ հավելելով, որ նախատեսվող փոփոխությունների նպատակն է վերացնել ծանուցումները, այլ բնույթի փաստաթղթային հրապարակումներից բխող տեղեկատվությունը տպագիր մամուլում հրապարակելու վերաբերյալ պարտադիր պահանջը՝ այն փոխարինելով «azdarar.am» հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կամ այս կամ այն կազմակերպության ինտերնետային կայքում հրապարակմամբ:

Ըստ Սրբուհի Գալյանի՝ գործող կարգավորումների վերանայումը բխում է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ իրավական դաշտի ներդաշնակեցման անհրաժեշտությունից:

Նախագծի հարակից զեկուցմամբ հանդես է եկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը:

Պատգամավորը նշել է, որ փոփոխությունները միտված են օրենքների արդիականացմանն ու առաջարկել պատեհ պահի կողմ քվեարկել:

Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031