«Այդքան վստահ մի եղեք, որ կարող եք էթնիկ զտման վրա խաղաղություն կառուցել։ Սովորաբար դա չի աշխատում»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀ կառավարության՝ Ադրբեջանի հետ տարվող խաղաղության բանակցությունների համատեքստում մտավախություն չկա՞, որ կխոչընդոտվի այն նախաձեռնությունների աշխատանքը, որոնք պայքարում են ընդդեմ Ադրբեջանի՝ ՀՀ ինքնությանը, շահերին ուղղված գործողությունների դեմ, Ժնևի մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության հանրային պաշտպանության տնօրեն Ժուել Վելդկամպը՝ դիմելով ՀՀ կառավարությանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար։
Ըստ Ժուել Վելդկամպի՝ ՀՀ կառավարությունը որոշել է չպաշտպանել արցախահայության իրավունքները․ «Մինչդեռ օգտակար կլինի, որ ՀՀ կառավարությունն աշխատի այդ իրավունքների պաշտպանության ուղղությամբ, քանի որ այդ իրավունքը գոյություն ունի։ Արցախի հայությունը բռնի տեղահանվել է իրենց տներից, էթնիկ զտման ենթարկվել։ Դա հսկայական հետևանքներ ունի միջազգային հանրության, մարդու իրավունքների միջազգային կարգի համար վրա՝ անկախ նրանից՝ Հայաստանի ներկայիս կառավարությունը ճանաչո՞ւմ է այն, թե՝ ոչ, ուզո՞ւմ է ներգրավվել այդ իրավունքների պաշտպանության հարցում, թե՞ ոչ»։
Ըստ նրա՝ հիմա արդեն ակնհայտ է, թե որն է տարածաշրջանի գլխավոր ծրագիրը, որի մի մասն էլ կազմում է արցախահայերի էթնիկ զտումը։ Ըստ նրա՝ այդ ծրագիրը հեռու է խաղաղությունից։ Ժուել Վելդկամպի կարծիքով՝ ավելի լավ է, որ ՀՀ կառավարությունը հենվի միջազգային իրավունքի վրա, քան հույսը դնի մեկ երկրի վրա, ինչպես՝ օրինակ ԱՄՆ-ն, որ այն պետք է իբր քո շահերը պաշտպանի՝ այն էլ արցախահայերի հաշվին։
Կարդացեք նաև
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ, Հայկական իրավական պաշտպանության ճակատի իրավաբան Գառնիկ Գևորգյանն այս առիթով նշեց․ «Այն, որ Հայաստանը եղել է առաջին երկիրը, որն ապաստան է տրամադրել արցախահայերին, դա ՀՀ կառավարությանը իրավունք չի վերապահում խոսել արցախահայության անունից։ Այն կառավարության ղեկավարը, որը ժամանակին ասում էր, որ չի ներկայացնում արցախահայությանը։ ՀՀ-ի՝ որպես երկիր պարտականությունն է ապաստան տրամադրել բռնի տեղահանված արցախահայերին, բայց դա ՀՀ կառավարությանը իրավունք չի տալիս ճնշում գործադրել արցախահայության դեմ և խոչընդոտել, որ իրենց իրավունքները պաշտպանեն։ Վերադարձի, կյանքի իրավունքը միջազգային հիմնարար իրավունքներն են, և որը մեկը չի կարող խոչընդոտել արցախահայության պաշտպանել իր այդ իրավունքները»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































