«Ես կարծում եմ, որ մենք պետք է շարժվենք մեր օրակարգով, աշխարհում միշտ էլ տարբեր տեկտոնական շարժումներ կարող են լինել, բայց եթե մենք շարժվենք մեր ճիշտ ճանապարհով, այդ ընթացքում զբաղված կլինենք կարկանդակ ուտելով, ոչ թե խառնված կլինենք այլ բաների մեջ։ Կսարքենք մեր TRIPP-ը, մեր Հյուսիս-հարավը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի ՔՊ-ական նախարար Գեւորգ Պապոյանը։
Գեւորգ Պապոյանն արձագանքեց լրագրողներից մեկի այն հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Իրանում պատերազմը ԱՄՆ ուշադրությունը շեղել է ԹՐԻՓՓ-ից։ Լրագրողն ուղիղ հարց տվեց՝ հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ի հետ նաեւ ՔՊ-ն չլինի։
Իր ղեկավարած գերատեսչությունում պարգեւավճարների մասին հարցին էլ պատասխանեց, որ հարյուր հազարավոր դրամ պարգևավճարներ ստացող Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների գործունեության արդյունքում Հայաստանում 7.2 % տնտեսական աճ է ապահովվել, որի հետեւանքով կառավարությունը անվճար բժշկական ապահովագրություն է ստանում, իսկ թանկացումների տակ ընկած միջին խավը դրա արդյունքում դեղերի համար նախատեսված 30-50 հազար դրամը կուղղի իր կյանքի բարելավմանը։
Հիշեցրեց՝ 10 հազար դրամ էլ կենսաթոշակն է բարձրացել։ Թեեւ լրագրողների հետ բանավեճում համաձայնեց՝ անգամ այդ բարձրացած թոշակով անձամբ ինքը չի կարող ապրել։
Կարդացեք նաև
Չի վիճարկում, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ կա, բայց պնդում է՝ թոշակառուներին ձեռնտու է 10 000 դրամ թոշակի ավելացումը, քան թե գնաճ չլինի․ «Ավելի լավ է, օրինակ, ունենալ վարչության, բաժնի պետեր, գլխավոր մասնագետներ, որոնք չեն ստանում 200 հազ դրամ աշխատավարձ, այլ ստանան 400 հազար եւ կարողանում են այնպիսի երկիր կառուցել, որտեղ մարդիկ չեն գնում տուն վաճառում, որպեսզի 3 մլն դրամով իրենց ծնողի վիրահատությունը անեն, պետությունը անվճար անում է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից


















































