Լրահոս
Օրվա լրահոսը

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կարեւոր փաստաթղթեր չեն ներկայացվել Նարեկ Օհանյանի պաշտպանին

Մարտ 18,2026 15:48 Share

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը: Դատարանը քննարկեց մեղադրյալ Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի միջնորդությունը՝ գործին վերաբերելի կարեւոր փաստաթղթերը ստանալու վերաբերյալ:

-Երբ ծանոթացա քրեական վարույթի նյութերին, տեսա՝ որոշակի փաստաթղթեր նյութերի մեջ չկան, կան դրանց վկայակոչումները, բայց չկան փաստաթղթերը: Օրինակ՝ գաղտնի քննչական գործողությունների արդյունքները կրող սկավառակը, օրինակ` Նարեկ Օհանյանի նկատմամբ իրականացված բանկային գաղտնիք ստանալուն ուղղված գործողությունների արդյունքները,- թվարկեց պաշտպանը՝ նշելով եւս մեկ փորձաքննության եզրակացություն, որը եւս, ըստ նրա, վարույթի նյութերի հետ իրեն չի տրամադրվել:

Հովհաննիսյանի խոսքով՝ ժամանակին ինքը գրավոր միջնորդությամբ պահանջել է քննիչից, հսկող դատախազից, բայց մերժվել է:

-Վարույթ իրականացնող մարմինը ոչ դատավարական սկզբունքներով է առաջնորդվում՝ տղայական, մանկական, բայց ոչ դատավարական,- հավելեց պաշտպանը:

Նիստը նախագահող դատավորը նկատեց, որ քննարկվում է արդեն մի քանի անգամ արծարծված թեմա, պաշտպանը պնդեց՝ իրավունքի վերականգնման միջնորդություն է:

Հանրային մեղադրողն էլ հայտնեց, որ քննիչը պաշտպան Հովհաննիսյանին հայտնել է, որ կարող է իր կրիչով գնալ վարույթ իրականացնող մարմին ու ներբեռնել ցանկացած ծավալի նյութ, իսկ պաշտպանն իր ծանրաբեռնվածությունից ելնելով՝ նպատակահարմար չի գտել գնալ ու ներբեռնել, հիմա էլ նույն միջնորդությունը ներկայացրել է դատարան:

-Այդ չարչրկված դիսկերը պետք է տրամադրվեին քրեական վարույթի նյութերի հետ: Ես չունեմ պարտականություն, գնամ դիսկերը քննիչի փոխարեն գցեմ իմ համակարգչի մեջ,- ասաց Հովհաննիսյանը:

-Անցյալում տեղի ունեցող գործողություն եք կրկնում, անընդհատ կրկնել մի բան, որն արդեն իսկ արժանացել է գնահատականի, դատարանի կողմից միջոցներ են ձեռնարկվել ու աջակցություն տրամադրվել, որ ստանաք այն, ինչ ցանկանում եք ստանալ, հիմա վերստին կրկնելը չի կարող դիտարկվել իրավաչափ,- արձագանքեց նիստը նախագահող դատավորը:

Նիստը նախագահողի արձագանքից հետո հարցի քննարկումը դադարեցվեց ու շարունակվեց ապացույցների հետազոտությունը:

Հիշեցնենք, որ գործով անցնում են՝ 20-ամյա Գևորգ Հարությունյանը և Նարեկ Օհանյանը: Վալոդյա Գրիգորյանը սպանվել էր 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանի իր նորակառույց տան մոտ: Նրա հետ միասին սպանվել էր նաև քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031